‘Իրանի ԱԳՆ-ն լավատեսորեն է վերաբերվում ԱՄՆ և Թեհրանի հարաբերությունների փոփոխությանը’

805

Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին դրական տեղաշարժեր է նկատում ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի փոխհարաբերություններում, ինչի մասին է վկայում Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ երկկողմ բանակցություններ սկսելու առնչությամբ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լուրջ օրակարգով  հանդիպել Իրանի ղեկավարների հետ: «Ինչպես արդեն ասել եմ, ես լավատեսորեն եմ տրամադրված, ես տեսնում եմ, որ նոր վարչակազմն այս անգամ իսկապես ջանում է, համենայն դեպս՝  տարբերվել իմ երկրի նկատմամբ նախկին ավանդական մոտեցումից»,-ասել է Սալեհին՝ ելույթ ունենալով Բեռլինում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը մեղադրում են Իրանին՝ խաղաղ ատոմի նախագծի անվան տակ միջուկային զենք մշակելու մեջ: Ներկայումս Իրանի նկատմամբ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս պատժիչ բանաձևեր, որոնցով Իրանից պահանջվում է ապահովել միջուկային ծրագրի կատարյալ թափանցիկություն և ապացուցել այդ ծրագրի բացառապես խաղաղ ուղղվածությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ Բակո Սահակյանն Արցախի ոտիկանության անցած տարվա աշխատանքն արդյունավետ է գնահատել’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին չի արձակի Վրաստանի կառավարությունը, եթե երկիրը պահպանի իր արևմտամետ ուղղվածությունը’