‘Իրաքի պատերազմի արդյունքները. զոհվել է 120 հազար մարդ, ԱՄՆ-ը ծախսել է գրեթե 3 տրիլիոն դոլար’

901

Իրաքի առնվազն 116 հազար խաղաղ բնակիչներ և արևմտյան երկրների դաշինքի 4800 զինվորներ են զոհվել 2003-2011 թթ. Իրաքի պատերազմում, հաղորդում է բրիտանական բժշկական The Lancet ամսագիրը: Հետազոտությունը կատարվել է ռազմական հակամարտության 20-ամյակի առթիվ. Իրաքի հետ պատերազմն սկսվել է 2003 թ. մարտի 20-ին և շարունակվել ութ տարի: «Շատ խաղաղ բնակիչներ վնասվածքներ են ստացել կամ հիվանդացել են առողջապահական ենթակառուցվածքների՝ շարքից դուրս գալու պատճառով, 5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը»,- ասվում է հոդվածում: Բացի այդ՝ ավելի քան 31 հազար ամերիկացի զինվորականներ վիրավորվել են, մեծ մասամբ՝ նրանց մոտ նկատվել են հետվնասվածքային խանգարումներ, գլխուղեղի տրավմատիկ վնասվածքներ և նեյրոհոգեբանական այլ շեղումներ:

Հիմնվելով հունվարի 15-ին  Costofwar.com կայքի ցուցանիշների վրա՝ մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ի ծախսերը Իրաքի դեմ պատերազմում կազմել են 810 միլիարդ դոլար, փոխանցում է AFP-ն: Սակայն եթե հաշվի առնենք, որ այդ գումարի մի մասը պարտքով էր վերցվել, և այժմ ԱՄՆ-ը շարունակում է վճարել դրա տոկոսները, ապա, տնտեսագետների գնահատականներով՝ պատերազմի վերջնական արժեքը Միացյալ Նահանգների համար կարող է հասնել 3 տրիլիոն դոլար, հաղորդում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Նազարյան. Մեզ բաժին է հասել բավականին բարդ խումբ’
Հաջորդ հոդվածը‘Տաքսիստների բողոքի ակցիա. Մի կարգին ղեկավար է պետք (ֆոտոշարք)’