‘Լայքն ու Առաջին նախագահը’

2607

Շատ են խոսում իշխանական աղբյուրներով, որ ընդդիմադիր դաշտ չկա, մեռած, կիսակենդան կամ էլ վերջին շունչն է բերանում: Իսկ ես կարող եմ հակառակը վկայել: Թե քաղաքական վերնախավերում ինչ է կատարվում, ինչ ճաշ է եփվում՝ իրենց կաշան է, բայց ասեմ, որ ներքևում ողջ ժողովուրդն ընդդիմադիր է: Հիմա կասեք՝ ժողովրդի անունից մի խոսիր կամ էլ ՝ ի՞նչ գիտես: Ասեմ, քարկոծ մի արեք:

Լրագրողները յուրատեսակ ինդիկատորներ են, հասարակական տրամադրությունը նրանցից լավ զգացող չկա: Նա ընդհանրական իմաստով վիճակագրից ու սոցիոլոգից լավ գիտի, թե հանրությունն ինչ տրամադրվածություն ունի: Պարզ մեթոդով՝ իր հոդվածների արձագանքով: Բոլորդ լավ տեսնում եք, որ իշխանությանը գովաբանող կամ բաց գովաբանող ոչ մի թերթ կամ կայք չկա: Չեմ ասում, որ իշխանական թերթ կամ կայք չկա, գերակշիռ մասը դրանցից են, բայց վախենում են բաց տեքստով որևէ բան գրել: Սա հարց է՝ ինչու՞ են վախենում: Չեն ուզում ընկնել մարդկային հրետակոծության տակ: Հավատացողը, կադացողն ո՞վ է:

Մյուս կողմից՝ անմիջապես ընկնում են հարվածի տակ՝ քարերով, մահակներով: Օրինակներով խոսեմ, օրինակը բերեմ իմ վրա, որ ոչ մի լրագրող չնեղանա: Ընթերցողներս լավ գիտեն, որ ես էն գլխից Րաֆֆիին չէի հավատում: Երբ նրա պիկ շրջանն էր, չէին ուզում ինձ կպնել, բայց հասկացնում էին իրենց լայքերով, որ այնքան էլ համամիտ չեն ինձ հետ, նույնիսկ գրում էին՝ մի հույս ա, էլի, թող տենանք՝ ինչ ա դառնում: Վերջը տեսանք՝ ինչ դառավ: Ես զգացի, որ մարդիկ Րաֆֆիի հետ հույս են կապում ու հավատում: Անգամ արմատական ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից շատերն էին ինձ հետ «բաս մտել», զանազան ոգեշունչ արտահայտություններով՝ Ազատության հրապարակի հոտը մեզ կանչում է և այլն… Այդ ժամանակ ինչ որակով, պատրաստվածությամբ էլ հոդված գրեի, քիչ հավանության էր արժանանում:

Տվյալ ժամանակի համար ոչ ոք ինձանից լավ չէր կարող իմանալ, որ հանրությունն ընդունում է Րաֆֆիին: Այդպես չէ՞: Բայց դա կարճ ժամանակ տևեց, կրկին ինձ շրջապատեցին նախկին ընթերցողներս: Սա չի՞ վկայում, որ Րաֆֆին կարող էր իր ձեռքը վերցնել ժողովրդական շարժումը, բայց իրեն հայտնի պատճառներով չարեց: Չի՞ նշանակում, որ այն մարդիկ, ովքեր նրա գովքն էին անում /խոսքս կուսակիցների մասին չէ, նրանցից շատերն արժանավոր մարդիկ են/ պատվեր էին կատարում կամ կարճաժամկետ լայքեր էին հավաքում: Րաֆֆին ոչ մեկին այնքան վնաս չհասցրեց, ինչքան Առաջին նախագահին ու նրա շարժմանը: Սա չի՞ թելադրում, որ նա ներմուծված էր հենց ա՛յդ առումով: Տեսա՞ք, իշխանությունն ինչքան լավ ընդդիմադիր կերպար ձևավորեց, և այսօր եթե Րաֆֆիի թիմակիցների վառ կերպարները չլինեն, կուսակցությունը վաղուց հանգած կլիներ: Րաֆֆիից հետո ստեղծվեց քաղաքական մեռյալ դաշտ:

Հավանաբար՝ այդպես էլ նախատեսված էր՝ եթե Րաֆֆին չկարողանա ընդդիմադիր դաշտը տևական առումով իրենով անել, գոնե պիտի կարողանա այն կազմալուծել: Բայց սա թվացյալ կազմալուծում է, որովհետև ընդդիմադիր մասսան գոյություն ունի, ու ընդդիմադիր դաշտը պրկված է:

Էլի օրինակը բերեմ: Չլինելով Կոնգրեսի կամ որևէ այլ կուսակցության համակիր՝ ազատ եմ իմ տեսակետների մեջ: Համարյա քաղաքական բոլոր կերպարներին անդրադառնում եմ՝ իմ տեսանկյունից: Ասեմ, որ Առաջին նախագահի վերաբերյալ հոդվածներս միշտ արժանացել ու արժանանում են ամենաշատ լայքերին ու ջերմ խոսքերին: Քննադատողները թաքնված կսմթողներ են: Կամ մարդիկ են, որոնց տեսակետը պարզապես տարբեր է: Պարզ հարց եմ տալիս՝ ինչու՞ Առաջին նախագահի վերաբերյալ հոդվածները, չնայած նրա նկատմամբ բազում քարկոծությունների, արժանանում են ամենաշատ լայքերին: Սա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած բազում քարկոծությունների, հավատավոր իր բանակն ունի, իր դաշտը: Սա նշանակում է, որ մարդիկ սպասման մեջ են: Չեմ ուզում պատկերացնել թե ինչ կլինի, եթե ես կամ մեկ ուրիշը այս իշխանության գովքն անող մի հոդված գրենք: Մեծ թիքան ականջը կմնա: Սրանից ավելի լավ մեթոդ կա՞ որոշելու, թե ժողովուրդն ում ինչքանով է ընդունում: Եվ ասել, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը մեռած է, նշանակում է չհավատալ բնության այն օրենքին, երբ արմատակալած բույսը արմատները կտրտելով հանում ու մտածում են, որ հողի մեջ մնացած արմատներից նոր ճառագում չի լինի: Սխալվում, չարաչար սխալվու՜մ եք, բույսն աճելու է ավելի կատաղի, դադարը կարճաժամկետ է… Բնությամբ տրված շնորհ է համբերությունը՝ մի քիչ համբերեք և կտեսնեք, որ այդ բույսն ավելի փարթամ է աճում:

Հասմիկ Բաբաջանյան
z1news.am

Նախորդ հոդվածը‘«Անխնա ոչնչացվում են հայրենի անտառների վերջին մնացորդները» (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Երևան Ջուրը չի տուգանում ժամկետանց ջրաչափեր օգտագործելու համար’