‘Լապշին. Հայեր, եթե դուք Ղարաբաղը կորցնեք, նրանք կգան ձեզ մորթելու’

3062

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինը անդրադարձել է ԼՂ հիմնահարցին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը ազատության մեջ հայտնվելուց հետո առաջին անգամ:
«Ամոթ է խոստովանել, բայց մինչ ադրբեջանական բանտում հայտնվելը ես ազնվորեն կարծում էի, որ ղարաբաղյան հարցը վիճելի է ու պիտի լուծվի Ադրբեջանի սահմանները հարգելով։ Ինչ ապուշն էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսեց ահաբեկել հայերին Սումգաիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ նացիստական «Juden frei» (հրեաներից մաքրած) սխեմայով, սակայն ոչ թե հրեաների, այլ հայերի հանդեպ կիրառմամբ։ Այնուամենայնիվ, հրեաների 95 տոկոսը փախավ Ադրբեջանից նույն ժամանակ, փորձանքից հեռու՝ կավարտեն հայերի հետ, կսկսեն ազատվել հրեաներից։ Գենետիկ հիշողություն է։ Իսկ այսօր հրեաներին Ադրբեջանում շատ սիրում են. իհարկե, որովհետև այնտեղ հրեաներ չկան, մի քանի հազար` նախկին մոտ 100 հազարից», — նշել է նա։
Լապշինը գրել է նաեւ, որ Բաքվում իր դեմ հարուցված գործի մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Առավոտից երեկո հանդուրժողականությունից խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենն օրենքից դուրս է, հայերենով խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըստ քննիչ Թալըբովի, «ցեղասպանություն չի եղել՝ եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավանք կունենայինք»։
«Հայեր, պինդ կացեք։ Այս մարդիկ ձեզ ուզում են տեսնել մեռած ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու», — եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը այս տարվա փետրվարին Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ դատապարտվել է այդ երկրի օրենքները խախտելու համար: Մասնավորապես, Լապշինը տարիներ առաջ եղել է Արցախում իր անձնագրերից մեկով, ապա, մեկ այլ անձնագրով հատել է Ադրբեջանի սահմանը եւ հետո դրա մասին գրառում է կատարել իր բլոգում: Ադրբեջանական բանտում Լապշինը մեղայական նամակ է գրել Բաքվի իշխանություններին՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարում: Ադրբեջանական բանտից վերջերս ազատվելուց եւ Իսրայել մեկնելուց հետո նա ակտիվ գրառումներ է կատարում սոցցանցերում՝ պատմելով ադրբեջանական բանտում կրած տանջանքների եւ իր հետեւությունների մասին: 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Տարկետում՝ ծառայության դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի գավաթ. 1/4 եզրափակիչ. Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Վասիլի Իվանչուկի նկատմամբ’