Լեհաստանում ձերբակալել են ՆԳՆ նախկին ղեկավարին և նրա տեղակալին

105

Վարշավայում, նախագահական պալատում, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկիին և նրա տեղակալ Մաչեյ Վոնսիկին։

Այդ մասին հաղորդել է լեհական RMF24 ռադիոկայանը։

Ռադիոկայանի տեղեկություններով՝ Կամինսկին և Վոնսիկը նախագահական պալատ են ժամանել նախագահ Անջեյ Դուդայի հրավերով, սակայն նախագահն անձամբ ձերբակալության պահին ներկա չի եղել։ Ռադիոկայանը նշում է, որ Կամինսկին և Վոնսիկը  զարմացած են եղել, սակայն դիմադրություն ցույց չեն տվել։

Ձերբակալությունը կատարվել է հունվարի 9-ին դատարանի կայացրած որոշման հիման վրա։

2015 թ․ Կամինսկին և Վոնսիկը մեղավոր էին ճանաչվել 2007 թ․ հողամասերի հետ կապված մեքենայությունների և կոռուպցիայի մեջ, սակայն նույն 2015 թ․ էլ նախագահ Դուդան նրանց ներում էր շնորհել։ 2023 թ․ վերջին նույն գործով նրանք դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման և զրկվել են պատգամավորական կարգավիճակից։

Նախկին իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության պատգամավորները դատավճիռը համարում են անօրինական և քաղաքական դրդապատճառներով կայացված ու պահանջում են փոխել այն։ Լեհական լրատվամիջոցները երկու քաղաքական գործիչների շուրջ ստեղծված իրավիճակը քաոս են անվանում։

Նախորդ հոդվածըԷսեկիել Լավեսին հայտնվել է հոգեբուժարանում
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Բայդենի և Կլիչկոյի գործնական հանդիպման մասին լուրը