‘Լեւոն Բարսեղյան. Ինքնակազմակերպվե՛ք, թույլ մի՛ տվեք շարժել ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ‘

1130

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, քաղաքի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել:

«Դիմում եմ բոլոր մարզերի եւ Երեւանի իմ ընկերներին, գործընկեր լրագրողներին, հասարակական գործիչներին, մտավորականներին, մշակույթի եւ արվեստի գործիչներին, իրենց երկիրը սիրող եւ պաշտող մարդկանց, մշակույթի ոլորտի հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին. 

1. Կարդացեք այս ցանկը` ՀՀ Կառավարության` 2012 թվի սեպտեմբերի 13-ի N1169-Ա որոշումը, որով «խելացիները» որոշել են մարզերից հավաքել եւ 4 տարով Երեւան` ինչ որ ցուցահանդես տանել թվով 63 անշարժ հուշարձան, ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆ, գտեք ձեր մարզից տանելիքները ցանկում, ճշտեք տեղերը, ստուգեք` չե՞ն տարել արդեն: Շիրակ` 5 հուշարձան, Սյունիք` 11 հուշարձան, Վայոց Ձոր` 1, Արագածոտն` 22, Տավուշ` 2, Երեւան` 4, Լոռի` 10, Կոտայք` 1, եւ այլն: 

2. Ինքնակազմակերպվեք, կազմակերպեք այդ հուշարձանների հսկողությունն ու տանելու փորձի դեպքում դրանց պաշտպանությունը եւ վանդալների արտաքսումը` դրանք ոտնձգելու դեպքում: 

3. Չվախենաք եւ չնահանջեք, իշխանությունը ինքն իրենցից չպիտի լինի իշխանություն, այլ` մարդկանցից, սրանք մշակույթի, տուրիզմի, եւ ապակենտորնացումից լոլոներ կկարդան տարիներով` պարապած են, բայց, երբ պետք կլինի իսկապես զարգացնել մշակույթը, այն հասանալի դարձնել մարդկանց, տուրիստին բերել հուշարձանի մոտ եւ ոչ թե հակառակը, իրենց ապուշի տեղ են դնում: Վախկոտ են սրանք, վկա Ալավերդու խաչքարերից մեկը տանելու դեմ Ալավերդցիների դիմադրությունից հետո սրանց մանկլավիկների փախուստն այնտեղից: Փխկ արեք դրանց, կթողնեն կփախնեն կամ կփորձեն ձեր միլիցոնց հանել ձեր դեմ, բայց եթե տեսնեն, որ մարդիկ ոտքի ելել` պաշտպանում են իրենց հուշարձանները, միլիցիք էլ կթողնեն` կհեռանան: 

4. Էպիստոլյար հավեսներ ունեցող մտավորականները կարող են բողոքի նամակներ գրել վարչապետին եւ կառավարությանը, կարող է վրեքն ազդի, բայց այդ հուշարձանները տանելու փորձի դեմ տեղերում դիմադրություն չլինելու դեպքում սրանց վրա ոչինչ չի ազդի», — ասված է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘«Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը Առաջին նախագահի գլխավորությամբ այցելեց Պանթեոն եւ Եռաբլուր (Ֆոտոշարք)’