‘Լեւոն Զուրաբյանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ իրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին ‘

1396

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանն այսօր Ստրասբուրգում ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստին: Ողջունելով նախօրեին Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության փոխանցման փաստը՝ Զուրաբյանն այն համարել է կարեւոր նախադեպ Հարավային Կովկասի ժողովրդավարացման գործընթացում: Այնուհետեւ նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու հնարավորության փաստացի բացակայության վրա՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ հայաստանյան քաղաքական գործընթացներին գնահատականներ տալիս առաջ անցնել երկչոտ քննադատական հայտարարություններից եւ իրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական շարժմանը: «Հանուն ժողովրդավարական ընտրությունների» վերնագրված Լեւոն Զուրաբյանի ելույթը iLur.am-ը ներկայացնում է ստորեւ.

Նախ եւ առաջ, ես կուզենայի շնորհավորել Վրաստանի ժողովրդին հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Այժմ մենք Խորհրդային միության փլուզումից հետո Հարավային Կովկասում ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոխանցման առաջին դեպքն ունենք: Ամենակարեւորը՝ հերքվեցին տարածված ենթադրություններն այն մասին, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության բացակայությունը պայմանավորված է  հասարակությունների մտածելակերպով կամ անբարենպաստ միջազգային իրադրությամբ:

Ցավոք, Հայաստանը չկարողացավ դրան հասնել վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հայաստանի իշխող կուսակցությունը միակն է Եվրոպայում, որը պահպանել է իր դիրքերը՝ չնայած միջազգային տնտեսական ճգնաժամի թողած ծանրագույն հետեւանքների:

Այն ժամանակ, երբ շատ եվրոպական կառավարություններ նույնիսկ չկարողացան հասնել մինչեւ հերթական ընտրությունները եւ տապալվեցին նույն ճգնաժամով պայմանավորված արտահերթ ընտրություններում, Հայաստանի իշխող կուսակցությունը նախաճգնաժամային 2007-ին իր գրանցած 33% արդյունքը 2012-ի ընտրություններին դարձրեց 44%, չնայած Եվրոպայում գրանցված ՀՆԱ ամենամեծ անկման ցուցանիշին, կենսամակարդակի կտրուկ անկմանը, բյուջետային միջոցների ապօրինի յուրացման դեպքերի սկանդալային բացահայտումներին եւ համընդհանուր կոռուպցիայի, ավազակապետության եւ օլիգարխիկ կամայականությունների մեղադրանքների:

Դա հայկական իրականության ամենամեծ պարադոքսը չէ: Չնայած, որ վերջին քսան տարվա ընթացքում բոլոր հիմնական ժողովրդագրական տվյալները վկայում են բնակչության թվի կայուն անկման մասին, ընտրացուցակներում եւ նախագահական ու Հայաստանի ԿԸՀ հայտարարած՝ խորհրդարանական ընտրություններին փաստացի մասնակցած ընտրողների թիվն անշեղորեն աճում է:

Այդ երկու պարադոքսներն իրականում հեշտ բացատրելի են: Հիմնական ժողովրդագրական տվյալները եւ ընտրություններին մասնակցության պաշտոնական ցուցանիշները անհամատեղելի են, եւ համեմատելով դրանք, մենք պետք է արձանագրենք, որ իշխող կուսակցության օգտին կեղծվել է 500 հազարից մինչեւ 700 հազար ձայն: Դուք հասկանում եք, թե դա ինչ է նշանակում մի երկրի համար, որտեղ պաշտոնական տվյալներով 2012-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 559 հազար մարդ:

Բազմակի քվեարկության, ահաբեկման եւ ընտրողների կաշառման միջոցով Հայաստանի իշխող վարչակարգը ստեղծել է կազմակերպված ընտրակեղծարարության մեքենա այնպիսի մասշտաբներով, որոնք բացառում են Հայաստանում իշխանափոխության ցանկացած հնարավորություն:

2008-ին նախագահական ընտրությունների կեղծումը հանգեցրեց բողոքի հսկայական ցուցերի, մարտի 1-ին կառավարական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության, 10 մարդու մահվան, հարյուրավոր վիրավորների եւ մի նախագահի իշխանության, որի ընտրված լինելուն ոչ ոք չի հավատում:   

Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո մենք ունենք խորհրդարան, որի կազմը ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի ժողովրդի կամքի հետ (սա մի հետեւություն է, որին հանգել են խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից 4-ը՝ Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Ժառանգությունը):

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի ժողովրդի եւ քաղաքական ուժերի խնդիրն է՝ Հայաստանում օրինական եւ ընտրված իշխանություն ձեւավորել: Հինգ տարի ի վեր համաժողովրդական շարժումը պայքարում է սեփական կառավարություն ընտրելու՝ հայ ժողովրդի իրավունքի համար: Ի՞նչ ենք մենք ակնկալում ձեզանից՝ միայն համերաշխություն միջազգային ժողովրդավարական հանրության կողմից, համերաշխություն, որը չի սահմանափակվի ընտրական գործընթացի թերությունների վերաբերյալ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ բանաձեւերում եւ զեկույցներում արտահայտված երկչոտ քննադատությամբ:  Հայաստանում բոլորը գիտեն՝ մենք օրինական ընտրված իշխանություն չունենք: Բայց մենք ունենալու ենք: Եվ միայն իրականության ընդունումը անգնահատելի աջակցություն կլինի Հայաստանի դեմոկրատական շարժման համար՝ այդ  նպատակին հասնելու ճանապարհին:  

 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Նման պայմաններում Հայաստանի եւ Վրաստանի զարգացման տեմպերի տարբերությունը միայն աճելու է’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» մոտ էր հաղթանակին, ԲԱՏԷ-ն սենսացիոն հաղթում է’