‘Լեւոն Զուրաբյան. Այս հայտարարությունը մի նպատակ ունի` փրկել ռեժիմի դեմքը (տեսանյութ)’

1727

Հայաստանում վերջին շրջանում արձանագրված բռնությունները դատապարտող ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հեղինակած` ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Ստորեւ ներկայացնում ենք այդ նիստում ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը:
«Ես օդանավակայանից միանգամից եկա այստեղ` իմանալով, թե ինչ կարեւոր հարց է քննարկվում եւ ցանկանում եմ հայտարարել, որ վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը ոչ միայն որեւէ կապ չունի այս քստմնելի բռնարարքների հետ, այլեւ հոգու խորքում խստորեն դատապարտում է այս բոլոր բռնարարքները` հասկանալով անգամ, թե ով է կանգած դրա հետեւում:
Հարց է ծագում`ո՞վ է իսկապես կանգնած դրանց հետեւում:
Եթե, ինչպես ոմանք փորձ են պնդել, այս բռնարարքների հետեւում կանգնած չէ Սերժ Սարգսյանը, կանգնած չէ ռեժիմը, իշխանությունը, եւ դուք իրականում` իշխանություններդ, սրբորեն հարգում եք քաղաքացիական ազատությունները երկրում, ժողովրդավարական արժեքները, ուրեմն, ակնհայտ էր, թե ինչ պետք է կատարվեր երկրում այս բռնարարքներից հետո:
1.Վովա Գասպարյանը պետք է անմիջապես հրաժարական տար այն արտահայտություններից հետո, երբ նա արտահայտեց ցինիզմ: Որովհետեւ տեղի են ունեցել բռնարարքներ «Նախախորհրդարանի» մեքենաների հրկիզման հետ կապված, ակտիվիստի վրա հարձակման հետ կապված, իսկ Վովա Գասպարյանը ծաղրելով այդ միջադեպը` ասաց, թե «էդ ի՞նչ միջադեպեր են, որ ոչ մի կամերա չի կարողացել դրանք նկարահանել»: Այսինքն, մտքի գիգանտի կարծիքով, բոլոր այսպիսի բռնարարքները պետք է կատարվեն կամերաների առջեւ:
2`Ազատամարտիկների վրա հարձակումներից հետո Լյովա Երանոսյանը պիտի պաշտոնանկ արվեր, որովհետեւ արեց մի անընդունելի հայտարարություն, որը ցույց տվեց նրա վերաբերմունքը ժողովրդավարության նկատամբ եւ մատնեց իր առնչակցությունը այս բռնարարքներին, ինչպես նաեւ ցուց տվեց, որ իր մարդիկ կապ են ունեցել այդ արարքներ հետ:
Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ իրեն ծեծել են մարդիկ` սպեցնազի ֆորմայով, ինչը եւս մեզ հիմք է տալիս պնդելու, որ Երանոսյանը կապ ուներ, բայց նա պաշտոնանկ չի արվել, եւ նրա ու նրա ենթակաների նկատմամբ քրգործ չի հարուցվել, ինչը պիտի արվեր:
Արամ Մանուկյանի, իսկ ապա մեր Հրազդանի կառույցի ղեկավարի նկատմամբ եւս կատարվեցին հարձակումներ, եւ արդեն ստիպված էին հայտնաբերել այդ հարձակվող մարդկանց, որովհետեւ անսպասելիորեն այդ կազմակերպիչների համար` այն շենքի մետ, որտեղ որ այդ հարձակումը կատարվել էր, դրված էր կամերա, որը հարձակվողի դեմքը արձանագրել էր, եւ նրան ուղղակիորեն չէին կարող չբռնել: Եւ պարզվել է, որ նա ուղղակի առնչակցություն ունի Սերժ Սարգսյանի ամենահավատարիմը համարվող պատգամավորներից մեկի հետ, եւ նորից քննությունը ոչ մի քայլ չի կատարել, չի փորձել պարզել նրա առնչակցությունը եւ չի հարցաքննել այդ պատգամավորին:
Ավելին, այդ մարդիկ անմիջապես ազատվել են, չեն կալանավորել:
Մարդը դատապարտված է եղել մաքսանենգության համար, այսինքն` մի ռեցիդիվիստ հարձակվել է ԱԺ պատգամավորի վրա, եւ նրան չեն բռնել:
Էդ ո՞նց է լինում, մեկը մի դատարկ շշով մեկին խփել էր, տարիներով բանտ նստեց, թե՞ գործում է Կուկուի սինդրոմը, երբ «Պոպլավոկում» նախագահի թիկնապահը մարդ սպանեց, բայց մի րոպե բանտում չանցկացրեց:
Եթե իրապես մտածում եք Հայաստանի ժողովրդավարական արժեքների մասին, այս ամենը վաղուց արած կլինեիք, ու քանի որ չի արվել, նշանակում է, որ այս ամենը կատարված է Սերժ Սարգսյանի անձնական հրամանով:
Եւ այստեղ զբաղված եք մեկ գործով`Սերժ Սարգսյանի դեմքը, ռեժիմի դեմքը փրկելու գործով:
Այո, սա քաղաքական մեղադրանք է:
Պարզ է, որ դուք հիմա չեք ուզում ընդունել այն հայտարարությունը, որը մենք առաջարկել էինք, որտեղ դրված էր պատասխանատվության խնդիրը, նշանակում է, որ դուք խոսքով դատապարտում եք այս արարքները` ընդամենը ռեժիմի դեմքը փրկելու նպատակով, բայց ամեն ինչ անում եք, որ կոնկրետ գործողությունների հետ կապված որեւէ հարց չլուծվի, եւ էլի պարզվում է, որ Հայաստանի դեմոկրատական հանրապետությունում ԱԺ պատգամավորների անձեռնմխելիությունը երաշխավորված չէ, իսկ Հայաստանում այսօր անձեռնմխելի է կրիմինալը, որը Սերժ Սարգսյանի հրամանով կատարում է հարձակում ընդդիմախոսների նկատմամբ:
Ցավոք, բռնապետները մի վատ «խասյաթ» ունեն` շատ ուշ են քաղում դասեր եւ ուշ են հասկանում, որ բռնությամբ ոչ մի հարց չի լուծվում, ու կարծում են, թե նման բռնարարքներով կարող են մարդկանց վախեցնել, բայց սա տալիս է հակառակ էֆեկտ, մարդիկ ավելի են ատում այդպիսի իշխանություններին:
Քանի որ, իմ համոզմամբ, այս հայտարարությունը մի նպատակ ունի`փրկել ռեժիմի դեմքը եւ այնպես անել, որ ոչ ոք պատասխանատվություն չկրի, ես իմ կոլեգաների հետ միասին հայտարարում եմ, որ մենք չենք ցանկանում մասնակցել այս ռեժիմի դեմքը փրկելուն ուղղված ֆարսին եւ անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ավարտից հետո` ուղղակի կլքենք այս դահլիճը»:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կգլխավորի Տուրչինովը’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Բռնարարքների հարցում պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությունն է կրում’