‘Նաիրա Զոհրաբյան. Բռնարարքների հարցում պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությունն է կրում’

1046

ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի հրավիրած ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է վերջին օրերին քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի կարող միանալ քաղաքական եւ հասարակական գործիչների դեմ բռնարարքները դատապարտող` քննարկվող հայտարարությանը, որը, նրա խոսքով, իմիտացիա է: 

«Ի դեպ, այն դաստիարակչական նկատողությունը, որ տրվեց փոխոստիկանապետին, մեկ բանի մասին է վկայում՝ քաղաքական մեծամասնությունն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։ Այլապես, քաղաքական մեծամասնությունը պիտի ունենար այնքան քաղաքական կամք և համարձակություն՝ պաշտոնանկ անելու տվյալ փոխոստիկանպետին՝ գոնե որպես առաջին քայլ։ Նման քայլ չանելը քաղաքական մեծամասնության կողմից մեկ բանի մասին է վկայում՝ մե՛նք եք տեղի ունեցածի պատասխանատուն, այդպես արե՛լ ենք, այդպես անելո՛ւ ենք և այդպե՛ս ենք մենք շարունակելու խոսել մեր քաղաքական ընդդիմախոսների հետ», — ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է  մի «հայրենասեր» գտնելուն և նրա ինքնախոստովանական «ցուցմունքներին» հղումներ անելուն, թե իբր նա, ազդված լինելով թուրք–ադրբեջանական լոբբիի քարոզչական ճնշումներից՝ որոշել է հարձակվել և պատժել Արամ Մանուկյանին, պատգամավորը խորհուրդ տվեց իշխանություններին գոնե մի քիչ միջին մակարդակի սցենարիստներ գտնել բեմականացումն իրականացնելու համար։

«Պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությանն է։ Ի դեպ, յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը, դա Նյուտոնի երրորդ օրենքն է», — եզրափակեց նա։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Այս հայտարարությունը մի նպատակ ունի` փրկել ռեժիմի դեմքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Չպատժված հանցագործությունը ծնելու է նոր հանցագործություն (տեսանյութ)’