‘Լեւոն Զուրաբյան. Հայաստանը կարող է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ ե՛վ ՌԴ-ի, ե՛վ Արեւմուտքի հետ’

172266

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

— Սերժ Սարգսյանի վերջին քայլերից տպավորություն է ստեղծվում, թե նա կրկին փորձում է արեւմտամետ գործչի դերի մեջ մտնել, նախ հայտարարելով, թե Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, բացի այդ՝ մյուս կողմից քննադատեց ՌԴ-ին՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, չմասնակցեց ԵՏՄ առաջնորդների նիստին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է նա փորձում արեւմտամետի դիմակ հագնել։

— Ես չեմ կարծում, որ նա փորձում է արեւմտամետի դիմակ հագնել։ Ւրականում նա շատ սխալ է կառուցել հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի, մասնավորապես, Եվրոպական միության հետ։ Եվրոասոցացման պայմանագիրը բանակցելիս նա պետք է կամ Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ մաքոքային դիվանագիտության մեխանիզմով, կամ ԵՄ-ի ու ՌԴ-ի հետ եռակողմ ֆորմատի բանակցություններ նախաձեռնելով գտներ Եվրոպական միության հետ համագործակցության այնպիսի բանալի, որը ոչ թե ստեղծեր առճակատային դաշտ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, այլ ներդաշնակեցներ նրանց շահերը, ինչը թույլ կտար ունենալ երկու կողմի վստահությունը, հարգանքը եւ համագործակցությունը։ Քանի որ այդպես չարեց եւ չկարողացավ Հայաստանին վերաբերող հարաբերությունները հանել ՌԴ-ի ու ԵՄ-ի միջեւ առճակատային դաշտից, նա ընկավ միջազգային լուրջ ճնշումների տակ, ստիպված եղավ երեք տարի բանակցված գործընթացից 180 աստիճանի նվաստացուցիչ շրջադարձ կատարել եւ մտնել ԵՏՄ` իր համար շատ վատ պայմաններով։ Սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ նա կորցրեց Արեւմուտքի վստահությունը եւ Ռուսաստանի հարգանքը։ Նաեւ դա է պատճառը, որ այսօր Աստանայում կայանալիք ամենաառանցքային գագաթնաժողովին Ս. Սարգսյանը չի մասնակցում։ Համաձայն ԶԼՄ-ների տեղեկատվության, Աստանայում շատ լուրջ հարցեր են քննարկվել ԵՏՄ-ի ապագայի վերաբերյալ, որոնց լուծումը էապես ազդելու է նաեւ Հայաստանի վրա։ Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցում Հայաստանի ճակատագրին վերաբերող այդ հարցերի քննարկմանը, քանի որ ինչպես մեզ բացատրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` Հայաստանը հակասություններ չունի ԵՏՄ-ի այդ երեք անդամների հետ։ Ավելի անհեթեթ բան ինձ դեռ չէր վիճակվել լսել։ Որեւէ միջազգային կազմակերպությունում, լինի դա ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, իսկ ավելի շատ` անգամ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵՄ-ն կամ ԵՏՄ-ն, անդամ երկիրը պետք է ատամներով պաշտպանի իր շահերը։ Իրականում մենք գործ ունենք շատ տխուր իրողության հետ` Սերժ Սարգսյանի հետ ԵՏՄ-ում ոչ ոք հաշվի չի նստում, ու նախեւառաջ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը, լինելով չընտրված եւ ժողովրդի վստահությունը չունեցող ղեկավար, ի վիճակի չէ ներկայացնել հայ ժողովրդի շահերը։ Մենք արդեն տեսել ենք նրա լռությունը, երբ քննարկվում էր Ղարաբաղին վերաբերող հարց, եւ նա չկարողացավ անգամ առարկել Նազարբաեւին եւ պնդել Հայաստանի ու Ղարաբաղի շահերը պաշտպանող ձեւակերպումների վրա։ Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ իր կեցվածքը ԵՏՄ գագաթնաժողովների ժամանակ հոգեբանական խնդիրներ է ստեղծել բոլոր երեք նախագահների հետ շփումներում եւ նրան այնտեղ չեն ընդունում որպես հուսալի եւ հարգելի գործընկերոջ։ Եթե նա ի վիճակի չէ անգամ ԵՏՄ-ում համարձակորեն ներկայացնել Հայաստանի շահերը, առավել եւս` բացառված է որեւէ ազատություն Արեւմուտքի հետ հարաբերություններում։ Այնպես որ, անգամ եթե Սերժ Սարգսյանը հաշվարկ ուներ, որ իր հայտարարությունը կարող է որեւէ կերպ ազդել Ռուսաստանի վրա, ապա նա չարաչար սխալվում է։ Ռուսաստանի դիրքորոշման վրա ազդելու բոլոր հնարավորությունները նա վաղուց կորցրել է։ Եվ նրա հետ ոչ ոք այլեւս հաշվի չի նստում։

Դուք ասում եք` Ս.Սարգսյանի հետ ոչ ոք հաշվի չի նստում, սակայն ֆրանսիական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե «Հայաստանը ձեռնարկում է ամեն ինչ՝ Եվրոպային ու ՌԴ-ին հաշտեցնելու նպատակով»։ Կհաջողվի՞ արդյոք նման բան։

— Ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանը մտածում է, թե Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ ծավալվող սառը պատերազմում նա կարող է ստանձնել հաշտարարի դեր։ Նման առաքելություն նա չէր կարողանա ունենալ անգամ, եթե լիներ երկու կողմից էլ վստահություն ունեցող եւ հարգանք վայելող գործիչ, քանի որ այդ սառը պատերազմի պատճառները շատ խորն են, եւ տխուր է, որ Սերժ Սարգսյանը կարծում է, թե Հայաստանը կարող է գերտերությունների միջեւ միջնորդի դեր ստանձնել։ Որ այդ պարզ ճշմարտությունները նա չի հասկանում, արդեն իսկ տխուր է։ Բայց այս ամենը դառնում է նաեւ զավեշտալի, հաշվի առնելով, որ նման առաքելություն փորձում է ստանձնել մի մարդ, որը, ինչպես արդեն ասացի, կորցրել է ե՛ւ Արեւմուտքի վստահությունը, ե՛ւ Ռուսաստանի հարգանքը։ Իրականում, Հայաստանը կարող էր հավակնել միայն մեկ դերակատարության, այն է` փորձել իր հարաբերությունները եւ համագործակցությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ կառուցել նրանց համար փոխադարձ ընդունելի հիմքի վրա, այսինքն` այդ հարաբերություններն ու համագործակցությունը առճակատման դաշտից փորձեր բերել նրանց շահերի ներդաշնակեցման դաշտ։ Եթե Հայաստանը փորձի իր առաջ դնել ավելի լայն` Արեւմուտքի եւ ՌԴ-ի հաշտեցնելու խնդիր, այ դա կլինի ծիծաղելի մի հավակնություն, որն էլ ավելի կհեղինակազրկի Հայաստանին միջազգային ասպարեզում։

— ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ տնտեսական առումով ընտրել են ԵՏՄ-ն, իսկ քաղաքական առումով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։ Այսօր ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է արդյոք «եւ-եւ»-ի այդ քաղաքականությունը։

— Հաշվի առնելով Հայաստանի շրջափակման վիճակը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունենք, Հայաստանը սկզբունքորեն կարող է հավակնել հատուկ մի կարգավիճակի ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ԵՄ-ի հետ իր հարաբերություններում։ Մասնավորապես, դա կարող է նշանակել, որ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի հետ բանակցված հատուկ մաքսային ռեժիմ` Վրաստանի ու Հայաստանի սահմանին, տնտեսական համագործակցություն ԵՄ-ի հետ, ներառյալ` GSP+ ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ համագործակցություն ԵՄ-ի հետ դեմոկրատական ինստիտուտների զարգացման առումով։ Բայց ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանում ուղիղ այն է, ինչը Սերժ Սարգսյանի ռեժիմը չի ցանկանում Հայաստանի համար, եւ պարզ չէ, թե նման պարագայում ինչը պետք է լինի քաղաքական պայմանագրի իրական բովանդակությունը։ Իսկ տնտեսական համագործակցության հարցերը բանակցելի են, բայց նորից եմ ասում` դրա համար մենք պետք է Հայաստանում ունենանք իշխանություն, որը` 1) կարող է ԵՏՄ-ի ներսում պայքարել Հայաստանի պետական շահերի համար եւ 2) ընդունակ է կառուցել վերոնշյալ մաքոքային կամ եռաչափ ֆորմատով բանակցային գործընթացը, որը թույլ կտա ներդաշնակեցնել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի տնտեսական շահերը։ Եթե Ռուսաստանը վստահ լինի, որ նրա շուրջ ձեւավորված անվտանգության համակարգին ոչինչ չի սպառնում, նա այս առումով խնդիրներ չի ստեղծի։ Հայաստանը պետք է շատ հստակ ձեւակերպի իր սկզբունքային մոտեցումները ե՛ւ այդ անվտանգության համակարգի, ե՛ւ տնտեսական համագործակցության` ինչպես ԵՏՄ-ի ներսում, այնպես էլ` ԵՄ-ի հետ, եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում։ Այդ դեպքում միայն ՌԴ-ի եւ Արեւմուտքի հետ փոխշահավետ հարաբերությունները հնարավոր կդառնան։ Բայց ինչպես ասացի, դա այս իշխանությունների ունակություններից վեր է։

 «Չորրորդ Իշխանություն»

 

Նախորդ հոդվածը‘«Հայդատական ավանտյուրաներ» (Շարք)’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի վարչության նիստ’