‘«Հայդատական ավանտյուրաներ» (Շարք)’

2504

Ոտնահարելով Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը եւ ՀՀ Սահմանադրությունը՝ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով միջազգային հանրությանն ուղղված փաստաթղթում ամբողջապես տրվում է հայդատականությանը՝ պահանջատիրությունը հռչակելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիր։

 

Սահմանադրության խախտում լինելուց զատ՝ սա Հայաստանի ներկայի ու հատկապես՝ ապագայի համար խիստ վտանգավոր մի քայլ է՝ հղի ծանր մարտահրավերներով ու անդառնալի կորուստներով։ Սերժ Սարգսյանը, սեփական իշխանության պահպանման մոլուցքով տարված, չի խորշում այդ նպատակին ծառայեցնել նաեւ Ցեղասպանության՝ ողջ հայության համար խիստ  հուզական ու զգայուն թեման։ Շոուներ կազմակերպելով՝ հարմար այդ պահին էժան դիվիդենտներ հավաքելը նրան անհրաժեշտ է՝ հասարակության մեջ փոխհատուցելու իր ձախող իշխանության ընթացքում առաջացած անվստահությունն ու ատելությունը, ինչպես նաեւ մաքրելու «ֆուտբոլային դիվանագիտությամբ» եւ,այսպես կոչված, «պատմաբանների հանձնաժողովի» դրույթի ընդունմամբ Ցեղասպանությունն ուրացողի իր խարանը։ Միայն այդ կերպ նա կարող է վստահ ձեռնամուխ լինել հանուն իր իշխանության հավերժացման Սահմանադրության փոփոխման գործընթացին։ Հակառակ դեպքում, ինչպես ասում են, կարող է դրա «տակ մնալ»։

Գիտակցելով այս վտանգները ու հատկապես հայդատական արկածախնդրության բերելիք հնարավոր արհավիրքները՝ Ս. Սարգսյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ մեկ ամսվա ընթացքում արդեն հինգ անգամ հանգամանորեն անդրադարձել է դրան։ Հայաստանն ու հայ ժողովրդին սպառնացող հայդատական ավանտյուրաներից զերծ պահելու խնդրի գերկարեւորությունը մղել է նրան ոչ միայն մանրամասն ցուցադրել հիշյալ փաստաթղթում տեղ գտած ամոթալի անհեթեթությունները եւ վտանգները, այլեւ առաջարկել համգործակցաբար 100-ամյակին պատշաճող, քաղաքական մտածողության հիմքով նոր մի փաստաթուղթ կազմել։ Ապարդյուն, կամ ինչպես վերնագրված է այս թեմայով նրա չորրորդ նյութը՝ «Ձայն բարբառոյ յանապատի», որի ավարտական մասում էլ արձանագրում է.

«Հռչակագիրն, ըստ այդմ, արկածախնդրությունից կամ, խնայելով հայերենը, ավանտյուրայից բացի, այլ բառով չի կարելի բնութագրել, քանի որ այն, իր պարունակած վտանգներով, գրեթե չի տարբերվում Գում-Գափուի (1890 թ.), Բանկ-Օտտոմանի (1896 թ.), Շուշիի (1920 թ.), Օլթիի (1920 թ.) եւ վերջապես` փետրվարյան (1921 թ.) ավանտյուրաներից: Հուսանք միայն, որ նրա հետեւանքներն ավելի աղետալի չեն լինի, քան թվարկվածներինը»:

Նկատի ունենալով, որ ընթերցողների մի մասը կարող է ծանոթ չլինել թվարկված իրադարձություններին, iLur.am-ը  «Հայդատականության ավանտյուրաները» խորագրով կներկայացնի այդ եւ մի քանի այլ խայտառակ պատմական  դրվագների մասին նյութեր՝ հայտնի պատմաբանների ու գործիչների, այլ ուսումնասիրողների հեղինակմամբ։

Երկուշաբթի՝ առաջին նյութը  Գում-Գափուի մասին՝ ըստ մեծանուն պատմաբան Լեոյի։  

Նախորդ հոդվածը‘Գալիք շաբաթ հորդառատ տեղումներ կլինեն հանրապետության ողջ տարածքում ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Հայաստանը կարող է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ ե՛վ ՌԴ-ի, ե՛վ Արեւմուտքի հետ’