‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ’

2315

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին՝ վերջինիս մահվան կապակցությամբ:

Ցավակցական նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի Մանանա եւ Պաատա

Խնդրում եմ ընդունել անկեղծ ցավակցություններս՝ Ձեր հայրիկի՝ Էդուարդ Ամբրոսիի Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ: Սա ծանր կորուստ է Էդուարդ Շեւարդնաձեի բոլոր հարազատների եւ մտերիմների, ինչպես նաեւ՝ ողջ վրաց ժողովրդի համար:

Գործունյա եւ իմաստուն ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն Վրաստանի ղեկավարությունը ստանձնել է վրացական պատմության ամենաբարդ շրջաններից մեկում եւ պատվով ու արժանապատվորեն կատարել իրեն բաժին հասած առաքելությունը:

Մեզ վիճակվել է միասին աշխատել այդ պատմական ժամանակաշրջանում, ու ես կցանկանայի ընդգծել նրա մեծ ավանդը հայ-վրացական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում անվտանգության ու համագործակցության ամրապնդման գործում:

Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:

Լեւոն Տեր-Պետրոսյան»:

Հ.Գ. Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Կոնգրեսի անունից նաեւ գրառում է կատարել Վրաստանի դեսպանատանը Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապացությամբ բացված սգո մատյանում:   

Նախորդ հոդվածը‘Նեմեց. Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին’
Հաջորդ հոդվածը‘Բանակից զորացրվածները անվճար կսովորեն մագիստրատուրայում’