Լեւոն Տեր-Պետրոսյան. Բախում, թե՞ սպանդ

17547

Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի «իրավական» հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անտարբերության պարագայում։

Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին երեք մամլո ասուլիսները (մարտի 1, 5 եւ 20), որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով եւ իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսեւորում է նույն անպարկեշտ վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերոհիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայտում են նշված անձի բարոյական կերպարը, այլեւ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։

  • Մարտի 1-ի մամլո ասուլիսում, խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին, Քոչարյանը նշում է. «Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմակերպվում Երեւանում, եւ դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը, ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի եւ զինամթերքի մասին»։ Բացարձակ սուտ. ոստիկանությունը ոչ միայն խուզարկության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերողներին, այլեւ անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը վեցն անց քառասուն րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով եւ վահաններով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապարակը, ես բարձրացա հարթակ, եւ խոսափողից դիմելով ներկաներին, ասացի բառացիորեն հետեւյալը. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ եւ ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունենալ, որ հրապարակում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսեւորել եւ հինգ–վեց քայլ ետ քաշվել ոստիկաններից»։ Երբ ժողովուրդը կատարեց իմ խնդրանքը եւ հինգ–վեց մետր ետ քաշվեց, ոստիկաններն, առանց որեւէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մահակի անխնա հարվածներ տեղալով նրանց գլխին եւ հաճախակի գործի դնելով էլեկտրաշոկերը։ Մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպանվել վրանների հենացցերով ու վառելափայտով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք եւս շուտով լքեցին հրապարակը։ Տասը–տասնհինգ րոպեից հրապարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, եւ այնտեղ լիակատար տիրություն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռեւս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցարարներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին. եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, մի՞թե պարզ չէ, որ իշխանություններն այդ տեսարանը հարյուր անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեուստաալիքներով։ Եւ երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռեւս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով։
  • Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպանատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլիսում հայտարարում է, որ «ոստիկանական զորքը զինված չէր հրազենով»։ Հիշեցնենք, որ սա ասվել է Արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է՝ երեկոյան շուրջ ժամը 22։30-ին, երբ բանակն իբր դեռեւս գործի չէր դրվել, եւ երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունն արդեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչարյանի ասուլիսի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. «Կա ութ վիրավոր ոստիկանության աշխատողներից։ …Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների  անվտանգությունը»։ Սակայն, ի դժբախտություն Քոչարյանի, այստեղ բնականաբար ծագում է հետեւյալ հարցը. եթե բանակը դեռեւս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, ապա ինչպես մինչեւ Արտակարգ դրության հայտարարումը յոթ քաղաքացի զոհվեց հրազենից եւ տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հարցին, որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն. «Կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետեւից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում։ Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էին»։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել. եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդպես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատնում է մարտի 20-ի մամլո ասուլիսում. «Շատ հարցադրումներ կային եւ մամուլում եւ խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի։ Մեր «Ոստիկանության մասին» օրենքը նախատեսում է …, թե երբ եւ ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը»։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը, ինքն էլ չզգալով, վերջիվերջո ակամա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Այլապես կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում եւ ծանրագույն պետական հանցանք կլիներ՝ կատարված գլխավոր հրամանատարի կողմից։
  • Ինչպես տեսանք, Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցարարներից շատերն իբր հրազեն են կրել եւ կիրառել ոստիկանների դեմ։ Այդ պնդումն, ի դեպ, նա բազմիցս կրկնում է իր բոլոր երեք ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է, իշխանությունների եւ ընդդիմության կատարած հազարավոր տեսագրություններում, դեպքերից երկու ամիս անց իսկ, հրազեն կրող եւ կիրառող որեւէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Փաստը զարմանալի է մանավանդ այն առումով, որ հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ՝ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ (մարտի 20-ի ասուլիս), սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու եւ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո մի՞թե լրացուցիչ ապացույցներ են պետք Քոչարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։
  • Բացի փաստերն անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակնհայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախագահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցաղային մակարդակի ստախոսությունից։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մասնակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել», Քոչարյանն ասում է. «Ծանոթ եմ այդ հարցազրույցին, եւ մեղմ ասած, այդ թեզը իրականությանը չի համապատասխանում։ Առաջինն՝ ի՞նչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել։ Ո՞վ էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ։ Ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ։ …Նպատակներն ուրիշ էին։ Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստացնել ժողովրդին։ Ասել ենք՝ այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք։ Ասաց՝ չէ, ես պայմաններ ունեմ։ Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում Թատերական հրապարակ, շարունակում է հանրահավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից. ամբոխը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարիկադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ … Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինամո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց։ Սա է եղել պատմությունը»։

Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրիգորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ դադարեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՛, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարավորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան։ Երկրորդ անգամ Սարկիսյանը Քոչարյանի անունից ինձ հաղորդել է՝ մի քիչ էլ սպասել, իսկ՝ երրորդ անգամ, արդեն ուշ երեկոյան, նախագահը հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Ի դեպ, նույն բանակցությունները Քոչարյանի հետ ես վարել եմ նաեւ Հայաստանում հավատարմագրված Եւրամիության դեսպանների միջոցով, եւ երեք անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատասխանները։

Եւս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաեւ Քոչարյանի այն պնդումը, թե իբր «Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ»։ Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, եւ նրա միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր։

  • Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետեւյալը. «Շահարկում են, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ չի կարողանում գնալ Սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա, երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել, եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում»։ Եւ այսպես, մինչ Հայաստանի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ը իմ առանձնատան երկու դարպասները հսկվում էին Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայանալուս պարագային, ապա այդ բանն ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան կարգադրությունից եւ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո, այն էլ Սարկիսյանին ենթակա չորս ավտոմատավոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարկիսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե՝ առեւանգո՞ւմ. սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի խնդիր է։

Քոչարյանի խնդրո առարկա մամլո ասուլիսների կատարված վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարեւորը, տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենաշնորհի պայմաններում, հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք, գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով, մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն կարծրատիպերի, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Տվյալ գործելաոճն, անտարակույս, նաեւ իրադարձությունների հետաքննությունն ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են, մասնավորապես, դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնցում կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերեւս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանա-սերժական քարոզչության գլխավոր նպատակն, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված եւ իրագործված հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն, այլապես հարկադրված չէին լինի դիմելու նման անպատվաբեր միջոցի։

Ինչ‑որ բան թաքցնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1‑ի իրադարձություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին (ի դեպ, այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Ջոն Պրեսկոտը, ապրիլի 14-ին Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր զեկույցում)։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի, հաջորդ օրն եւեթ, փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ հետեւյալ հիմնավորմամբ. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր‑Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5 %-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ‑ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192‑րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»։

Իրավական անգրագիտության այս գլուխգործոցում հատկապես ուշադրության են արժանի «մյուսները» բառը եւ մանավանդ «Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելը» որպես կատարված փաստ ներկայացնելու ձեւակերպումը։ Սակայն կարեւորը տվյալ պարագայում սա չէ, այլ այն պարզ իրողությունը, որ նշված փաստաթղթով իշխանությունները փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետագա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը, ընդհուպ մինչեւ մարտի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները եւ այլն։ Քաղաքական տեսակետից՝ այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները եւ փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։

Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը թեեւ ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, ապա նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալ այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահեղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։

(2008թ. մայիսի 2-ին գումարված Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ելույթից. տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, Փրինթինֆո, 2009, էջ 227–237)։

Նախորդ հոդվածըԴուբայ․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՍերժ Սարգսյանի երկրորդ կոստյումը. ՉԻ