‘Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել ‘

814

Լիբանանի Ժունիե քրիստոնեական շրջանում հանցագործին հետապնդելու գործողությունների ժամանակ հայ զինվորական է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ազդակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն` ավելացնելով, որ զոհվածը Լիբանանի բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատար հայազգի Սամսոն Անդրանիկյանն է: Հանցագործը կրակ է բացել հետապնդող ջոկատի ուղղությամբ: Գանտահարյանը նաեւ տեղեկացրեց, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:

Անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, Գանտահարյանը նշեց, որ Լիբանանի հյուսիսում մասնավորապես Տրիպոլիի Աթ Թաբաննա եւ Ջաբալ Մահսան թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է, եթե նույնիսկ մերթ ընդ մերթ բախումներ են տեղի ունենում, ապա դրանք չեն տարածվում մայրաքաղաքում եւ այլ շրջաններում:

Գանտահարյանի խոսքով` Լիբանանում քաղաքական լարվածությունը շարունակվում է, ընդդիմությունը բոյկոտում է` պահանջելով կառավարության հրաժարականը: Սակայն, բարեբախտաբար, բախումներ չկան: Ընդդիմությունը նաեւ հրաժարվել է մասնակցել կառավարության կողմից առաջարկվող երկխոսությանը, եւ այն հետաձգվել է:

Գլխավոր խմբագիրը նաեւ հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի տարածքում 21 լիբանանցի զինյալներ են զոհվել, որոնք հանդես էին գալիս հօգուտ հակակառավարական ուժերի: Նրանք, հատելով Սիրիայի սահմանը, հայտնվել են կրակահերթի տակ: Այժմ Լիբանանի ներքին գործերի նախարարությունը փորձում է սիրիական կողմի հետ բացահայտել կատարվածի դրդապատճառները:

 

 

Նախորդ հոդվածը‘Քիմիական զենքի սիրիական պահեստների շուրջ աշխուժությունն անհանգստացրել է Արևմուտքին’
Հաջորդ հոդվածը‘Մահացած զինվորի հարազատներ. Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է ‘