‘Լիզա Ճաղարյան. «Ախպեր, հա՞յ ես… Բա անմոռուկդ ու՞ր է»’

3303

Եվ այսպես` անմոռուկների առուծախը, անմոռուկների ցուցքը, անմոռուկների թամաշան` մեծ թափ հավաքած, սլանում է դեպի Հայոց Ցեղասպանության 100-ամյակ` իր ճանապարհին ոտնատակ տալով արժանապատվության այն փշուրները, որոնք հատուկենտ անհատներ դեռ փորձում են պահպանել:

Զուր ջանքեր:                                        

Այս նորագույն ախտի ինկուբացիոն շրջանը գուժում է, որ ապրիլի 24-ի հենց շեմին, ապրիլի 24-ին եւ ապրիլի 24-ից հետո ում «հպարտ» դոշին կամ ճակատին, ավտոյի կամ «օբեկտի» դռան վրա, ընտանեկան կամ ֆեյսբուքյան ալբոմում դաջված չլինի փոքր եւ միջին բիզնեսի ծաղկումը, զարգացումն ու բարգավաճումն ապահովող «օրհնված» անմոռուկը, ապա այս անսիրտ ու պիղծ սրիկաներին սպասվում են շատ ծանր օրեր` շատ ծանր հետեւանքներով:

Կատարված փաստ է, եւ պետք չէ ջայլամի պես գլուխը թաքցնել ավազի մեջ. ոչ անհայտ «չինացի պրոֆեսորի» եւ նրա ուշիմ սաների ջանքերով` Հայոց պատմության ամենասեւ էջն անմեղսունակության տոն է այլեւս, ոչ թե` նահատակների հիշատակի օր, սին հպարտությա՛ն առիթ է, ոչ թե` մեծագույն մտատանջության պատճառ, ընտրյալ ազգիս մատուցված պարգեւ է, ոչ թե` արհավիրք, որից ոչ թե ազատագրվել ենք ցանկանում` մտածելով, թե ինչու նման բան կատարվեց, այլ` «ճիտին պարտքի» պես կախում ենք ազգի վզին, որ ոչ միայն չկարողանա մտածել, այլեւ չկարողանա ողնաշարն ուղղել:

Ուղիղ ողնաշարը նույնքան վտանգավոր է օրվա իշխանության համար, որքան` եթե հանկարծ, օրինակ, հայաստանցին մի օր ասի` վե՛րջ, չեմ արտագաղթում, մնում ու պայքարում եմ իմ իրավունքների համար:

… Սովետի տարիներին, երբ դեռ գաղտնի միմյանց փոխանցվող արգելված գրականության շարքում ձեռքս ընկան նաեւ 1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը, մեղքս ի՞նչ թաքցնեմ` որքան էլ երախտապարտ էի, որ օտարը Հայոց Ցեղասպանությունն ընկալել է որպես իր սեփական ողբերգությունը եւ անտարբեր կամ անտեղյակ աշխարհին պատմել է, թե ինչ մեծագույն ոճիր է կատարվել հայերիս նկատմամբ, միեւնույն է` չէի համակերպվում այն իրողությանը, որ Թալեաթն ու Էնվերն, ըստ Մորգենթաուի, ապրել են քաղաքակիրթ, եվրոպացուն վայել կյանքով, ոչ թե գոմում թավալ են տվել թրիքի մեջ ու լողացել տարեկան երկու անգամ եւ անպայման` միջնադարյան փտած ու կեղտոտ տաշտի մեջ: Եվ ընդհանրապես` ո՞նց կարող էր Թալեաթի կինը շատ գեղեցիկ լինել եւ սիրված, ոչ թե ամեն օր իր արյունարբու ամուսնու քացու տակ տնքար ցավից: Նման բան հնարավոր չէր: Եվ մեծ ջանք պահանջվեց ինձանից, որ էդ «սուտասան» Մորգենթաուի նկատմամբ ատելությամբ չլցվեմ: Մեզ այդպես էր վարժեցրել սովետահայ հայրենասիրությունը. մենք ընտրյալ ազգ էինք, մեզ կոտորողները երկոտանի անգիտակից գազաններ էին, եւ ընդհանրապես հո ամեն արժող-չարժողի էդպես չէի՞ն կոտորի, ո՞վ չգիտի, որ երբ մենք թատրոն ունեինք, ամբողջ աշխարհը ծառերի վրա ճյուղից ճյուղ էր թռչում:

Այդպես հեշտ էր ապրելը. տարեկան մի անգամ մի կուշտ մազերդ փետում ես, ինչքան շատ մազ ես պոկում գլխիցդ` էնքան հայրենասեր ես, ու էլ չես մտածում` ինչու այդպես եղավ, ինչ պետք է անել, որ նման բան չկրկնվի: Հայտնի էր ու անքննելի. այդպես եղավ, որովհետեւ դու լավն ես, իսկ մնացածները` վատը: Ու քանի որ դու լավն ես, իրենք` վատը, էդ վատերը քո լավը չեն ուզում: Վե՛րջ: Դրանից ավելի մտածես, որ ընտրյալ գլուխդ ցավի՞:

Դանդաղ եւ համբերությամբ` 88-ի Շարժումը պատրանքազերծեց մեզ: Դժվարությամբ, բայց ի վերջո գիտակցեցինք, որ մեզ բնաջնջել փորձողները քոչվոր ցեղի ներկայացուցիչներ չէին, այլ զարգացած արեւմուտքի հետ նստող-վեր կենող պետական խոշոր գործիչներ էին, մեր այն ժամանակվա առաջնորդներից պակաս կրթություն չէին ստացել, եւ իրենց քայլերն էլ ոչ թե զուտ արյունռուշտության պատճառով էր, այլ սթափ ուղեղով հաշվարկված դիվային ծրագիր էր` ի վնաս հայերիս, ի շահ իրենց պետության: Եվ պետք է վերջապես փորձել հասկանալ, թե ինչու մեզ բնաջնջելը դարձավ պետական ծրագիր:

Միայն այս հանգրվանին հասնելուց եւ դժվարությամբ մարսելուց հետո քիչ թե շատ առողջ դատողություններ ասպարեզ ելան, իհարկե` կատաղի դիմադրության հանդիպելով նրանց կողմից, ովքեր հարյուր տարուց ավելի` «ընտրյալության հեքիաթի» ալյակների վրա օրորել էին մեզ, եւ եթե համակերպվեին նոր իրողությանը` իրենց գոյությունն անիմաստ էր դառնում:

Հիմա կրկին սրա՛նք են թամբին: Բոլոր ասպարեզներում` արտաքին եւ ներքին, Սերժիկ Սարգսյանն ու իր ավազակախումբը տանուլ են տվել, եւ Ցեղասպանությունը սրանց վերջին խաղաքարտն է. իրար ծոց են մտել «նժդեհականներն» ու «դրոյականները» եւ այնքան են տարվել էս նոր խաղով, այնքան ինքնամոռաց են տրվել մազ փետելու տարերքին, որ հիմա էլ ընկել են մյուս ծայրահեղության գիրկը, ու Ցեղասպանության փաստը «սահուն քայլերով» վերածվել է սնապարծության տոնի: Եվ եթե այսպես շարունակվի, ապրիլի 24-ին դեպի Ցեղասպանության հուշարձան ճամփա ընկած թափորին կդիմավորի «մուտքը` միայն անմոռուկներով» արգելապատնեշը, Ծիծեռնակաբերդի ծառերի տակից «էստի համեցեք» կծղրտան անմոռուկով համեմված քաբաբն ու խորովածը, իսկ անմոռուկանախշ հագուստով հայեցի տղերքն ու աղջկերքը տաշի-տուշիով կազդարարեն, որ հենց մե՛նք ենք էն ազգը, ում բախտ է վիճակվել «հավեսո՛վ-հավեսո՛վ» կոտորվել:

Եվ ցավոք` քչերը կզարմանան ու կընդվզեն:

 

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի վարչության նիստ’
Հաջորդ հոդվածը‘Դանակահարություն «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի հանրահավաքի ժամանակ’