‘Լիզա Ճաղարյան. Աստ հանգչի շատ հեղափոխական դաշնակցություն’

8051

Հանուն հայրենիքի Սերժիկ Սարգսյանից մի քանի պաշտոն մուրալուց հետո՝ այսօր ԱԺ-ի ճեպազրույցների իր «սեանսին» ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել 90-ականներին մի խումբ դաշնակների ձերբակալությունից ի վեր։

Մնացած ճամարտակություններին (ինքը դրան երեւի «հիմնավորումներ» է ասում) չեմ անդրադառնա։ Պարզապես ասեմ, որ շատ ճիշտ է արել ընկեր Արմենը, որ նման հայտարարություն է արել։ Եթե նույնիսկ աղբի մեջ ես խրվում, պետք է խրվես մինչեւ վերջ՝ մինչեւ քթածակերդ։ Էդ էլ է տղամարդկություն, բա ոնց։ Դաշնակ պարագլուխները հո մնացած կիսատ-պռատ ծախվողների նման չեն, որ ե՛ւ հացկատակ դառնան, ե՛ւ կոտրատվեն գիշերային թիթեռնիկների նման, թե իբր՝ հաճույք են ստանում, բայց հետն էլ՝ կույս մեռնում են։

Եվ այսպես՝ վերհիշենք, թե ինչու էին բանտում հայտնվել «մի խումբ ընկերները»։ Մինչ այդ մի անգամ էլ վերհիշենք, որ շատ հեղափոխական դաշնակները 1988-ին, երբ Հայաստանում ու Ղարաբաղում փոթորիկներ էին, ժամանակ առ ժամանակ հեռուներից կոչնակ էին հնչեցնում, որ իրենք «անկախական ըլլալով»՝ դեմ են անկախությանը եւ խոհեմության կոչեր էին անում՝ դաս տալով, որ առանց ռուսների հայերս ոչ մի բան ենք։ Հետո, եթե չեք հիշում՝ հիշեցնեմ. հենց անկախացանք, տղերքը եկաաաաան։ Սնիկերսներով-բանով, համակարգիչներով-բանով, լրագրողների համար նախատեսված դոլարների պատկառազդու տրցակներով՝ տեղը տեղին։

Հայաստանը՝ երկրաշարժից բզկտված, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ տնտեսությունը կաթվածահար եղած, Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին՝ պատերազմ ու զոհեր… Բայց հետո՞ ինչ. Դաշնակ պարագլուխներն էն ժամանակ դեռ «հեղափոխական» էին։ Ու սկսեցին «հեղափոխությունը»։ Մի խումբ ազնիվ տղերքի մաուզերի վրա երդում ուտել տվեցին, զենքը դրեցին ձեռքներն ու ուղարկեցին զոհվելու, իսկ իրենք Երեւանի կենտրոնում սկսեցին «հեղափոխություն» անել ընդդեմ Հայաստանի նորընտիր իշխանության։ Հենց այն իշխանության դեմ, որը հենց նույն 88-ին, երբ իրենք արտերկրներից դասեր էին տալիս մեզ, թե՝ ի՞նչ անկախություն, խելքներդ գլուխներդ հավաքեք, առաջնորդեց ժողովրդին ու սկուտեղի վրա այդ անկախությունը մատուցեց նաեւ դաշնակներին, որ սրանք գան ու բեղերը սրեն հենց այս նույն իշխանության դեմ։ Սխալներ անու՞մ էր նոր իշխանությունը։ Չի բացառվում, բնական է, որ նաեւ սխալներ էր անում։ Դե, դաշնակներն էլ կատաղի եւ «անձնազոհաբար» պայքարում էին։ Բա ոնց։

Հիմիկվա հանցագործ, մարդասպան ու թալանչի իշխանությունն, անշուշտ, սխալներ չի անում։ Կամ էլ եթե անում է՝ էնպես, էլի, «փոքրիկ չարաճճիություններ» են, դաշնակները մեծահոգի են, հասկանում եք, չէ՞, երկիրը հիմա ծանր վիճակում է, իրենք պատրաստ են հեղինակազրկման գնով անգամ փրկել երկիրը։ Իսկ ահա 90-ականներին Հայաստանին ոչ մի վտանգ չէր սպառնում, դրա համար էին դաշնակները ահաբեկչական խմբեր կազմում, որ մաուզերով «դավաճանների» հարցերը լուծեն։ Հո իզու՞ր չեն երդվում ձեռքը մաուզերին դնելով։ Քանի դեռ չեն կարող Ստամբուլը արյան ծով դարձնել, կարելի է նաեւ այդ ծովը Հայաստանում իրականություն դարձնել։ Եվ ահա այս ահաբեկչական խմբավորումների անդամները քաղաքական բանտարկյալներ էին` պարզվում է, իսկ ահա 2008-ի խաղաղ ցուցարարները, 2008-ից հետո էս հրեշավոր իշխանության դեմ պայքարողները քաղաքական բանտարկյալ չեն` քրեական հանցագործներ են։ Այդպես որոշել է Սերժիկի հիմնադրած արդար, անկաշառ ու քաջարի արդարադատությունը, իսկ կերակրատաշտի պռնկին հայտնվելուց հետո ընկեր արմենահրանտախառն դաշնակները լիովին վստահում են սրանց։

Լա՛վ են անում։ Զառամախտի ճիրաններում են եւ ճիշտ էլ անում են՝ որոշել են բնական մահով մեռնել։

Վերջին քսանամյակի միակ ճիշտ որոշումն է. օն, անդր առա՛ջ։

  

Նախորդ հոդվածը‘Նախագահ Ռոուհանին նշել է խորհրդարանական ընտրությունների բարձր մասնակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Անդրեյ Սորոկինի հետ’