‘Լիզա Ճաղարյան. «Բակային» պայքարն ընդամենը սրտահովանք է’

1851

Ոսկու շուկայի եւ մի շարք այլ տոնավաճառների, ներառյալ՝ մարզերից, աշխատակիցները այսօր կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ եւ պահանջում էին կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի որոշ դրույթներ: Դժվար է ասել` հազար են, թե երկու հազար, թե երկու հազարից շատ ավելի, բայց ամեն դեպքում` տպավորությունն ազդեցիկ է. գրեթե բոլորը երիտասարդ են, հոգնած չեն, այսպես ասած` ավյունով լի են, ելույթները հիմնավորված են ու գրագետ. մարդիկ գիտեն` ինչու են հավաքվել, ինչ են ուզում եւ ինչու են ուզում:

Կարծես` վճռականության պակաս նույնպես չկա:

Առաջին անգամ չեն մանր ու միջին ձեռներեցները հազարներով փողոց դուրս գալիս` բողոքելու իրենց նկատմամբ Հայաստանի, այսպես կոչված՝ իշխանության ձեռնարկած հերթական անարդարության դեմ: Եվ ոչ միայն` ձեռներեցները:

Սոցիալ-տնտեսական անարդարություններից մինչեւ կոկորդը լցված ու զզված Հայաստանի քաղաքացիները «ձանձրանալու» հնարավորություն չեն տալիս «օրուգիշեր ժողովրդի մասին մտածող» հղփացած իշխանավորներին: Խումբ-խումբ հավաքվում են, խումբ-խումբ բողոքում են, խումբ-խումբ խաբվում են Հովիկ Աբրահամյանի կամ կառավարության որեւէ աշխատակցի տված կիսատ-պռատ խոստումներով, կամ` չեն խաբվում, պարզապես հոգնում են ու անիմաստ համարում հետագա պայքարը, ու խումբ-խումբ էլ գնում են անմռունչ կրելու իրենց խաչը` մինչեւ հաջորդ պոռթկումը: Կամ` որ ամենատխուրն է` ձեռքները թափ են տալիս, «քաղցր» խոսքով համեմելով` սա երկիր չի, ու գաղթական են դառնում:

Եվ այս խմբակային պայքարի մշտական ուղեկիցը հետեւյալ պնդումն է` մեր պայքարը քաղաքական չէ, մենք քաղաքականության հետ գործ չունենք, քաղաքական գործիչները թող չպղտորեն մեր «զուլալ» պայքարն իրենց կեղտոտ խաղերով: Եվ եթե որեւէ մեկը փորձում է հակառակը պնդել, մեր սիրելի բողոքավորները մեղմորեն կամ կտրուկ հասկացնում են նրան, որ այդ «որեւէ մեկը» գնա` «իրենց մայլում քյանդրբազություն անի»:

Ու տարիները գլորվում են, ոչինչ չի փոխվում. հանցագործ հղփացածները շարունակում են անխնա գռփել ժողովրդին, օրենքները շարունակում են «բարեփոխվել» ի վնաս թալանվողների, եւ երկիրը խեղդամահ անող անարդարություններն ավելի ու ավելի չարագուշակ են դառնում:

Որովհետեւ սոցիալական անարդարության բեռան տակ կքած այս մարդկանցից հատուկենտերն են միանում քաղաքական պայքարից չխորշող այն տասը հազարավորներին, որոնք ժամանակ առ ժամանակ հավաքվում են Ազատության հրապարակում` ոչ թե ընթացիկ, այսրոպեական սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով, այլ այն հաստատակամ գիտակցությամբ, որ Հայաստանում կատարվող բոլոր անարդարությունների, թանկացումների, նվաստացումների, անտերունչության, սահմանին օրեցօր ավելացող մեր պատանիների սպանությունների, Գյումրիի ահասարսուռ սպանդի, անարդար դատավարությունների, ոստիկանության լկտիությունների ու ամբարտավանության գլխավոր մեղավորը նստած է Բաղրամյան 26-ում, եւ քանի դեռ Հայաստանը չի ազատագրվել Սերժիկ Սարգսյանի բացակա ներկայությունից, կառավարության մոտ հավաքվող մեծ ու փոքր խմբերի հոսքը չի դադարելու, իսկ Ազատության հրապարակում հավաքվող վճռականներն էլ ձեռնունայն տուն են վերադառնալու, որովհետեւ այս փոքրիկ խմբերը դեռ չեն գիտակցում, որ այսօր Հայաստանում իմ ու քո ցավ չկա, բոլորիս ցավը մեկն է` ազատվել Սերժիկ Սարգսյանից:

Ու այդ ցավը պետք է միասին բուժենք, ոչ թե` անջատ-անջատ:

Դեռ քանի՞ տարի է հարկավոր, որ Հայաստանի քաղաքացիները հասկանան` «բակային» պայքարն ընդամենը ժամանակավոր սրտահովանք է:

Նախորդ հոդվածը‘Ֆինն բանտապահները վրդովված են. կալանավորներն իրենցից լավ են ապրում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «քցում» է ղարաբաղյան իր թիմին ‘