‘Լիզա Ճաղարյան. Բարեկրթության առաջին պայմանը ճշմարտությունը չխեղաթյուրելն է, պարոն Աբրահամյան’

2925

«Առավոտ»-ի երկարամյա խմբագիր Արամ Աբրահամյանը «չի դավաճանում իր քնարին»։

Հարգարժան պարոն Աբրահամյանը համառորեն շարունակում է «բոլորը նույն սանրի կտավ» են նշանաբանով առաջ ընթանալ (որքան հասկանում եմ՝ ինքը միակ բացառությունն է)։ Ինչ-ինչ դեպքերում կարելի է քմծիծաղով բավարարվել համահարթեցման հանդեպ մեծ համակրանք ցուցաբերող իմ գործընկերոջ այս անշեղ «դավանանքի» նկատմամբ, սակայն քմծիծաղով բավարարվելու համար երբեմն երկաթյա նյարդեր են հարկավոր, որից ես չունեմ։ Ցավոք։

«Չքաղաքականացված մարդիկ միեւնույն երեւույթին տալիս են նույն գնահատականը: Օրինակ, ՀՀԿ-ական իշխանությունը ՍԴ նախագահ էր կարգել իր մարդուն, հիմա նույնն անում է «Իմքայլական» իշխանությունը: Քաղաքականացված մարդիկ ասում են՝ «առաջինը սխալ էր, երկրորդը՝ ճիշտ»: Կամ հակառակը», — գրում է Արամ Աբրահամյանը «Ինչ չափով, որ չափեք…» խմբագրականում (ի դեպ՝ վերնագրի ստորակետն ավելորդ է):

Բարեկրթության բոլոր սկզբունքներն արտաքուստ պահպանած ձեւակերպում է։ Գաղտնիք չէ, որ արտաքուստ բարեկրթությունն Արամ Աբրահամյանի դրոշակն է, եւ «արտաքուստ» բնորոշումն իզուր չեմ ընդգծում։

Որովհետեւ ամենաքնքշանվաղ բարեկրթությունն անգամ արժեք չունի, եթե դրա քողի տակ ապահով տեղավորված «ճշմարտությունը» կաղում է։

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին նույն մամլիչի տակ «ճզմելու» պարոն Աբրահամյանի այս «հպանցիկ» փորձը (եւ առհասարակ՝ նման բազմաթիվ փորձերը) երկու ոտքով է կաղում, եւ ամենատխուրն այն է, որ հարգարժան խմբագիրը խելացի մարդ է եւ գիտի՝ ինչու է համեմատում անհամեմատելին։

Գիտի՞ պարոն Աբրահամյանը, որ Հրայր Թովմասյանը, նախ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ էր, հետագայում ընդդիմադիր ճամբարից փափուկ վայրէջք կատարեց իշխող Հանրապետական կուսակցության ջերմ ծոցում։ Վստահ եմ՝ գիտի։

Հիշու՞մ է պարոն Աբրահամյանը, որ այս Հրայր Թովմասյանը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձավ, լծվեց Սերժիկ Սարգսյանի վերարտադրման հնարավորություն ստեղծող Սահմանադրական փոփոխությունների «սուրբ» գործին։ Վստահ եմ՝ հիշում է։

Կարծու՞մ է պարոն Աբրահամյանը, որ Հրայր Թովմասյանը հենց այդ կուսակցական ծառայամտության դիմաց «պարգեւատրվեց» ՍԴ նախագահի պաշտոնով։ Վստահ եմ՝ կարծում է։

Չեմ ուզում խորանալ, թե այս պաշտոնաընծայումն ինչպիսի խախտումներով եւ մանր խորամանկություններով իրականացվեց, ընդամենը չոր փաստեր եմ ներկայացնում, եւ այսքանն արդեն բավարար է հասկանալու համար, որ Թովմասյանը ՀՀԿ-ի «մարդն» է։

Հիմա վերհիշենք Վահե Գրիգորյանի անցած ճանապարհը։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել, մինչ ՍԴ դատավոր ընտրվելը փաստաբան էր եւ պաշտպանում էր «պետական գերակա շահից» տուժած Հայաստանի քաղաքացիների եւ քաղբանտարկյալների շահերը։ Եվ հենց այն պատճառով, որ «տաք ծոց» չէր փնտրում, այլ պաշտպանում էր արդարության համար պայքարող քաղաքացիների շահերը՝ կեղծ մեղադրանքով հայտնվեց բանտախցում։

Ինչպես ցանկացած ազնիվ եւ անշահախնդիր քաղաքացի՝ Վահեն համակրում էր հանցագործ իշխանության դեմ օրենքի շրջանակներում պայքարող ուժերին, ինչն, ի դեպ, ցանկացած քաղաքացու իրավունքն է, նաեւ պարտքն է, եթե այդ քաղաքացուն հետաքրքրում է իր երկրի ապագան։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնագիտական կարողությունները եւ մարդկային հատկանիշները ներկա իշխանությունը գնահատել է ոչ թե այն պատճառով, որ Վահե Գրիգորյանն Իմքայլականների «մարդն» էր, հարգարժան պարոն Աբրահամյան, այլ այն պատճառով, որ Վահեն ազնիվ ու անկաշառ մարդ է ու բարձրակարգ իրավաբան (եթե հարգարժան պարոն Աբրահամյանն այլ փաստերի է տեղյակ, թող հրապարակի)։

Վա՞տ բան է արել, պարոն Աբրահամյան։ Գուցե տեղեկացնե՞ք, թե որն է ձեր պատկերացրած «լավ բանը», որը երկու ձեռքով կողջուներ ձեզ նման անչափ անաչառ եւ չքաղաքականացված ՀՀ քաղաքացին։

Ընդամենն այս չորուցամաք փաստերի թվարկումից հետո գուցե պարոն Աբրահամյանը պարզաբանի՞, թե իրենց անցած ճանապարհի ո՛ր խաչմերուկում է հնարավոր «հանդիպեցնել» քննարկվող անձանց ու նույնացնել պատեհապաշտ, մինչ օրս իր գործունեությամբ կուսակցական շահով առաջնորդվող Թովմասյանին եւ երբեւէ որեւէ կուսակցական դրոշի տակ չծվարած եւ իր մասնագիտական խիղճն անբիծ պահած Գրիգորյանին։

 

Նախորդ հոդվածը‘Սեբալյոսը գալիք մրցաշրջանը կանցկացնի «Արսենալ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Մահրեզը կարող է զրկվել Եգիպտոս մուտք գործելու իրավունքից’