Լիզա Ճաղարյան. Դե բա` գիտակցեիր, պարոն Փաշինյան

1210

«Մենք բազմահազարամյա ազգ ենք, բազմահազարամյա ժողովուրդ ենք, բայց մենք լիքը բան չգիտենք, հիմա այնտեղ, որտեղ շատ թե քիչ հուսալի միջազգային գործընկերների հետ աշխատում ենք, բերաններս բաց է մնում, թե ոնց են աշխատում։ Այն բաները, որ մեզ մոտ ամիսներ ու տարիներ են տևում, երկու շաբաթում անում են ու բերում դնում են դեմներս, պետք է սովորենք, սկսած, թե ինչ է պետությունը։ Պետք է սովորենք, բայց սովորելու համար պետք է գիտակցել, որ մենք դա չգիտենք»։

Ըստ լրատվամիջոցների` այս խոսքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Այսօրվա կառավարության նիստում է ասել։

Ոնց որ թե ճիշտ բան է ասում, չէ՞։

Բա օրինա՛կ ծառայիր, պարոն Փաշինյան։ Խոսել շատ ես սիրում, նստիր ու սկսիր հատ-հատ պատմել, թե երբ գիտակցեցիր, որ վարչապետի աթոռին նստելուց առաջ և հետո լիքը բան չէիր գիտակցում։

Չէիր գիտակցում, որ կադաստրի թղթով «Արցախը Հայաստան ՉԷ, եւ վերջ», ու հենց բանից անտեղյակության պատճառով էիր Ստեփանակերտի հրապարակում կոկորդ պատռում, թե` Հայաստան է, ու վերջ։

Չէիր գիտակցում, որ Հայոց բանակը թալանված է ու «կանսերվի կոկոշների» հույսին է մնացել, դրա համար էիր քո նշանակած պաշտպանության նախարարի «նոր տարածքներ` նոր պատերազմի դիմաց» հայտարարությունը «դուխով» պաշտպանում։

Չէիր գիտակցում, որ Հայաստանին էլ է վռազ կադաստրի թուղթ պետք, ու այդ թուղթը պիտի Ադրբեջանից մուրաս, եւ դրա դիմաց Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնեցիր։

Շա՛տ բան չէիր գիտակցում։ Ու չէիր էլ ուզում գիտակցել։ «Չէր տեսել պատից կախ, տեսավ ճակատից կախ» էյֆորիկ վիճակում էիր հայտնվել, ու քեզ թվում էր` «աշխարհը խալի է ոտիդ տակ»։

Եվ այս ամենն ու եւս մի քանի հատոր քո չգիտակցածների պատճառով մենք կորցրինք ե՛ւ Արցախը, ե՛ւ հազարավոր լույս երիտասարդների, ե՛ւ չկքած կանգնելու մեր ունակությունը, ե՛ւ սեփական երկրում արժանապատիվ ապրելու կամքը։

Դե ասա՛, որ չէիր գիտակցել։ Ասա՛, որ վերջապես գիտակցել ես, որ մեր տունը քո ոչուփուչ մեծամտությունն ու իշխանատենչությունն են քանդել։

Չես ասի։

Կշարունակես ամենաանհեթեթ «հիմնավորումներով» մեղավորներ պեղել, կշարունակես կատարել Իլհամ Ալիեւի քմահաճույքները, կշարունակես ալամ աշխարհի «ամենաժողովրդավար» երկրում շրջել մինչեւ ատամները զինված թիկնազորի ու դիպուկահարների ուղեկցությամբ և սրճախմության էժանագին թամաշաներ բեմադրել «ընտանյոք հանդերձ», թե ինչքան ազատ ու անկաշկանդ ես ապրում քո «շենացրած» երկրում։

Չես ասի, որովհետեւ հիմա էլ չես գիտակցում։ Չես գիտակցում, թե ինչ է պետությունը, ինչ է կառավարումը եւ ինչ ասել է` միջազգային հարաբերություններ։

Չես գիտակցում ու չես էլ գիտակցելու, շարունակելու ես քո միջակ գիտելիքներով դասեր տալ «չգիտակցողներին»։

Դու այլ կերպ չես կարող։

Որովհետեւ մինչ օրս միայն մի բան ես գիտակցել`ամեն գնով, ցանկացա՛ծ գնով պահել իշխանությունը։

Եթե թվարկածներից գեթ մեկ բան գիտակցած լինեիր, առանց հապաղելու հրաժարական կտայիր։

Նախորդ հոդվածըՎրաստանի վարչապետի թեկնածուն Իրակլի Կոբախիձեն է
Հաջորդ հոդվածըԱՊԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»(տեսանյութ)