Լիզա Ճաղարյան. Էլ չենք ժպտում, Դավիթ

11285

Ժամանա՞կն է կուչ եկել ու մի բուռ դարձել Հայաստանում, թե՞ մահերի անաստված առատությանն ենք ընտելանում։

Չգիտեմ։

Գիտեմ միայն, որ ամեն բացվող առավոտ սկսվում է այնպես` կարծես Հայաստանի կապիտուլյացիան, որին պայմանականորեն «զինադադար» կամ «պատերազմի ավարտ» ենք ասում` երեկ է վերջակետվել։

Նույն սրտամաշ զգացողությամբ` Դավիթ Մաթեւոսյանը կարծես երեկ է բռնել հավերժության ճամփան։

Այս զգացողությունը նրան ճանաչելու բախտ ունեցողներից շատերն ունեն։ Առանց հարցնելու` վստահ եմ։

Որովհետեւ Դավիթը միհատիկ էր, նրա նմանը չկար, հիմա էլ չկա ու չի լինելու։

Որովհետեւ կարող էիր նաեւ Դավիթին տարեկան մեկ անգամ հանդիպել, բայց որ գիտեիր` Հայաստանի մի անկյունում ինքն ապրում է` երկրիդ թիկունքն ապահով էր թվում։

Որովհետեւ Դավիթին հիշելիս մտածում էիր` բարությունն անդեմ չի լինում, բարությունը պետք է Դավիթի պես ապառաժյա լինի, որ լղրճուկության չնմանվի։

Որովհետեւ Դավիթը զինվոր էր, բայց` խաղաղության զինվոր։

Որովհետեւ Դավիթի մահն այնպիսի անամոք կորուստ էր, եւ նրա նկատմամբ սերն այնքան անափ էր, որ նույնիսկ չարությունից եռացող մեր այս իրականության մեջ ընդամենը մի երկոտանու ճղճիմ հոգուց լեղին հոսեց գիշատչային ու գռեհիկ հեգնանքի կերպարանքով (երբեք չեմ մոռանալու)։

Խաղաղություն Հոգուդ, Դավիթ։

Մենք այլեւս չենք ժպտում։

Ներիր։

Նախորդ հոդվածըԱֆղանստանի նախկին փոխնախագահը իրավիճակը երկրում անվանել է օկուպացիա
Հաջորդ հոդվածըԲայց էսքա՞ն էժանագին ու աննամուս․ ՉԻ