Լիզա Ճաղարյան. Թքողների, ականջ կտրողների ու քացի տվողների ժամանակը

1381

Ինչո՛վ են սրանք` ՔՊ-ականները, վաստակում լկտիանալու, անպատկառանալու, ցանկացած խուլիգանություն ու հանցագործություն կատարելու եւ մարսելու իրավունքը։ Ընդամենը մեկ «արժանիքով»` Նիկոլին քծնելու ունակության չափով։

Հասկանալի է, չէ՞, որ մանկահասակ երեխային ճանապարհի կեսին` «չոլերում» մեքենայից իջեցնելուց եւ իր այդ քաջագործության մասին տեսանյութով Հայաստանի բոլոր «հպարտ եւ արժանապատիվ» քաղաքացիներին պատմելուց, բացեիբաց այդ երեխայի ծնողներին եւ առհասարակ Նիկոլին «բան ասողներին» մի կուշտ սպառնալուց հետո ոմն դերասան Գնելի «հզոր» պաշտպանությունը վայելող այս Սուրոյին քիչ թե շատ նորմալ երկրում անհապաղ կհեռացնեին զբաղեցրած պետական պաշտոնից։ Թեկուզ մի պարզ պատճառով. այս մարդը ոչ միայն բռնության ընդունակ մեկն է, այլեւ հրապարակավ պարծենում է իր այդ հատկությամբ։

Բայց` չէ. Սուրոն ոչ միայն մինչ օրս «կոմունալի պետ» է, ոչ միայն յոթ–ութ տարեկան երեխային ահաբեկելը մարսեց, ոչ միայն մարսեց մի երիտասարդի գլուխն արյունլվիկ անելը, այլեւ հասցրեց ահաբեկել երեխայի ծնողներին (սա դժվար չի հասկանալ «Ազատության» ռեպորտաժից, որտեղ երեխայի մայրը վախվորած փորձում է իր փոքրիկ տղային «չոլերում» բախտի քմահաճույքին թողած այս արարածի անմարդկային արարքը մեղմ գույներով ներկայացնել. «Ասել է` իջիր, տղա ջան»)։ Այս նույն ռեպորտաժում մարզպետն էլ գրեթե կակազում էր` խոստանալով անպայման քննարկման հարց դարձնել Սուրոյի «քաջագործությունը». երեւի ինքն էլ իր ասածին չէր հավատում։

Քննարկվե՞ց։ Գուցեեւ քննարկվել է քաբաբի ու օղու սեղանի շուրջ, համենայն դեպս` հասարակությունը դրա մասին տեղյակ չէ, ավելին` այդ քննարկման տրամաբանական արդյունքը չի տեսնում։

Ավելի հավանական է, որ մարզպետի ականջին շշնջացել են` տեղդ խելոք նստի, հետն էլ հասկացնելով, որ էս Սուրոն մի մեծ առավելություն ունի հենց թեկուզ այդ նույն մարզպետից. Սուրոն իր աշխատասենյակում Նիկոլի ոչ թե մե՛կ լուսանկար է կախել գլխավերեւը` մարզպետի պես, այլեւ այնքան հեռատես է եղել, որ մեծարգոյի մի լուսանկար էլ իր աշխատասեղանին է բազմեցրել։ Հե՛նց այնտեղ, որտեղ սովորաբար աշխատասեղան ունեցողները դնում են իրենց երեխաների, ընտանիքի լուսանկարը։ Էլ չասեմ` հնարավոր է նաեւ, որ Սուրոն մի լուսանկար էլ տանն է պահում բարձի տակ, եւ ջանք չի խնայել, որ այդ պետականաշինիչ փաստը հասնի Նիկոլի ականջին։

44-օրյա դժոխքից եւ դրա զարհուրելի հետեւանքներից հետո, որի վերջը չի երեւում, իսկ եթե նույնիսկ երեւում է` ուզում ես աչքերդ պինդ փակել ու չտեսնել, թվում է` Հայաստանի քաղաքացիներին այլեւս ոչինչ չի կարող ցնցել կամ զարմացնել։

Բայց արի ու տես, որ դեռ տեղ կա։ Այս «ականջ կտրողի» մասին «Ազատության» ռեպորտաժը լսելիս, չեմ թաքցնում` սարսռացի։ Պատճառն այն չէր, որ այս արարածը փոքրիկ երեխային ճանապարհի կեսին «չոլերում» իջեցրել է մեքենայից` սպառնալով պատժել նաեւ նրա ծնողներին։ Դա արդեն գիտեի։ Սարսռացի, որովհետեւ այլեւս կասկածի նշույլ չմնաց, որ Նիկոլի մակարդակով որոշում է կայացվել վախ սերմանել հասարակության շրջանում, եւ սուրոների (չմոռանանք` ԱԺ-ում նույնպես վխտում են թքող, ականջ կտրող ու քացի տվող ՔՊ-ականներ) նմանները լծվել են գործի։

Լսելով Նիկոլին «դավաճան» ասող երեխայի մոր պատասխանը «Ազատության» լրագրողին, Արագածոտնի մարզպետի «վճռական» խոսքը` համեմված խեղճուկրակ «էլի»-ներով, թե անպայման Սուրոյի հարցը քննարկելու են (բայց ինչի՞ էդպես վռազ–վռազ, պարոն մարզպետ, մի քիչ էլ սպասիր` ոչխարը սարն անցնի), սրանք` ոչնչից «բան» դարձած «ականջ կտրողները», մորեխի պես բազմանում են։

Եվ այսպես, Նիկոլն ու իր ընտանիքը միացյալ ուժերով հասկացրին ու հասկացնում են, որ «հիսուն էս կողմ, հիսուն էն կողմ» թվերով չորս հազարից ավելի լույսի պես ջահելների կորուստը հաշվող մեծարգո Նիկոլը «ահաբեկիչ» սգվոր մորն առանց աչքը թարթելու չորսից ութ տարի կփակեր ճաղերի հետեւում, եթե նա մեղա չգար, եւ նույնը կանի փողոց դուրս եկող մյուս ծնողների դեպքում, բոլո՛ր ըմբոստացողների դեպքում, եթե նրանք համարձակվեն խախտել մեծարգոյի ու իր բուծած ալենչոների եւ սրանց ընտանիքների քաջնազարական հովվերգությունը։

Միաժամանակ հասկացրին ու հասկացնում են, որ Նիկոլից եւ նրա կազմավորած իշխանությունից դժգոհ քաղաքացիների «ականջները կտրողներն» անձեռնմխելի են։ Նրանք կարող են ե՛ւ մարդ ծեծել, ե՛ւ մեքենայով վրաերթ անել ու սպանել` առանց հետ նայելու ճանապարհը շարունակելով, ե՛ւ յոթ–ութ տարեկան երեխայի ահաբեկել ու մեքենայից իջեցնել «չոլերում», ե՛ւ թքել քաղաքացու դեմքին…

Որովհետեւ լավ են քծնում մեծարգոյին։ Համենայն դեպս` Նիկոլին բավարարում է նրանց քծնանքի չափը։

Հե՛նց չբավարարի` «բարեփոխված» եւ «անկախ» դատարանին կհրահանգի, որ արդար դատեն։

Նախորդ հոդվածըԼատվիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի հավաքականը ֆավորիտ է, բայց ամեն ինչ կորոշվի խաղադաշտում
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլը» պատրաստ է 80 մլն եվրո վճարել «Ինտերի» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց