‘Լիզա Ճաղարյան. «Միակ տղամարդու» հաղթական երթի պերճանքն ու թշվառությունը’

3419

2008-ի ՀՀ նախագահական կեղծված ընտրություններից հետո ոտքի ելած Հայաստանի քաղաքացիների թիվն այնքան մեծ էր, որ ամենավարպետ զազրախոս կեղծարարն անգամ չի կարող հակառակն ապացուցել։ Ավելին, ցանկացած զազրախոս այս իրողությունը հերքելուց առաջ ստիպված է պատասխանել հետեւյալ հարցին. եթե Շարժումը հզոր չէր, եթե ավազակապետության պարագլուխները թակարդն ընկած գազանի վիճակում չէին, ուրեմն ինչու՞ կազմակերպվեց Մարտի 1-ի արյունոտ ու հրեշավոր ոճրագործությունը։ «Բողոքավորների խումբ» էր, էլի. կբողոքեր քիչումիչ ու կամաց-կամաց կցրվեր «տներով»։

Արյունահեղությունը երկու դրդապատճառ ուներ. առաջինն արդեն ասացի՝ հանցագործ կլանը տեսնում էր, որ հզոր Շարժումը չի թուլանում, եւ օղակը սպառնալիորեն սեղմվում է, երկրորդը՝ տարիներ շարունակ հանցագործություններ կատարած, հանցագործություններ կոծկած եւ անպատիժ մնացած  Քոչարյան Ռոբերտն իրոք սկսել էր հավատալ, որ ինքը «միակ տղամարդ» է եւ հեռանալուց առաջ փորձեց վրեժ լուծել Հայաստանի քաղաքացիներից՝ իրեն ատելու համար։

Սխալվեց։ Չարաչար։ Չարագործությունն ի կատար ածելուց հետո ստիպված էր խոստովանել, որ Հայաստանում ապրում են հազարավոր «միակ տղամարդիկ», որոնց չվախեցրին ո՛չ Մարտի 1-ի գազանությունները, ո՛չ բանտերը, ո՛չ խոշտանգումները, ո՛չ ունեզրկումները, ո՛չ ոստիկանների վայրագությունները, ո՛չ պետական մակարդակով կազմակերպված լրատվական տեռորը։

88-ի փետրվարյան երկարատեւ պայքարի տարիներից հետո հաջորդ երկարատեւ պայքարը 2008-ի շարժումն էր։ Աներեւակայելի հալածանքների, գրեթե ամենօրյա ձերբակալությունների, ոստիկանական բիրտ ուժի պայմաններում հրապարակային շուրջօրյա պայքարը տեւեց մինչեւ վերջին քաղբանտարկյալների ազատությանը օրը՝ 2011 թվականի մայիսի 27-ը, գրեթե չորս տարի։

Հիշեցնում եմ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, տասը տարի շարունակ պետական քարոզչամեքենան՝ բոլոր պնակալեզ լրատվամիջոցների ու հեռուստաալիքների միջոցով օրուգիշեր ամենաստոր միջոցներով վարկաբեկում էր Առաջին նախագահին եւ Ղարաբաղյան շարժման այն բոլոր գործիչներին, որոնք չանցան «միակ տղամարդու» թրի տակով։ Ազատագրական շարժման բոլոր նվաճումները վերագրում էին իրենց, անհաջողությունները՝ Տեր-Պետրոսյանական իշխանությանը, Քոչարյանի թեւութիկունք դաշնակցության ձեռքով լկտիաբար աղավաղում էին պատմությունը եւ կեղծիքներով լեցուն «փաստերն» ուսուցանում դպրոցներում եւ բուհերում։

Եվ նույնիսկ վարկաբեկման այսպիսի ահռելի ու ստոր ջանքերից հետո 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո հարյուր հազարավորները դուրս եկան հրապարակ ու փողոցներ, արհամարհեցին բռնություններն ու նույնիսկ սպանվելու վտանգը։

Ինչու՞ հիշեցի 2008-ի հարյուրհազարավոր քաղաքացիների անձնազոհ պայքարը։

Որպեսզի համեմատեմ «հաղթանակների» պատրաստվող Քոչարյան Ռոբերտի եւ նրա «աջակիցների» հետ։ Հիշեցնում եմ. այս դեպքում գործ ունենք մեկի հետ, որի իշխանությունից հեռանալուց հետո պետական քարոզչամեքենան երբեք չի փորձել վարկաբեկել նրան, լավագույն դեպքում՝ անտեսել է։ Որովհետեւ Սերժիկ Սարգսյանն իր թիկունքին միշտ զգացել է անմեղ մարդկանց արյան գնով իրեն նախագահի աթոռ հրամցնող Քոչարյանի նենգ ու վտանգավոր շունչը։ Գաղտնիք չի, որ Քոչարյանը փորձում էր վերադառնալ ու բազմել վարչապետի աթոռին, բայց Սարգսյան Սերժիկը շատ լավ էր ճանաչում իր «հալալ ախպորը», գիտեր, որ վարչապետի աթոռին հասնելուց հետո Քոչարյանն ավելիին է ձգտելու եւ այդ «ավելիին» հասնելու համար ընդունակ է ցանկացած քայլի։ Եվ Սերժիկ Սարգսյանն ընտրել էր «ոսկե միջինը»՝ չէր վարկաբեկում Քոչարյանին, աշխատում էր չհիշել նրան ու չհիշեցնել ուրիշներին, շարունակում էր պետական քարոզչամեքենան եւ իր կուսակից մանկլավիկներին օգտագործել ընդդեմ Առաջին նախագահի, որովհետեւ Սերժիկ Սարգսյանը երկար տարիներ աշխատել էր Առաջին նախագահի ենթակայության տակ եւ հիանալի գիտեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը թիկունքից չի խփում, գիտեր, որ թիկունքից խփելու «բարի ավանդույթի» անզուգական դրոշակակիրը Քոչարյանն է, եւ դավադրություն կարելի է սպասել միայն նրանից։

Եվ նույնիսկ այսքանից հետո տասը տարի անց «միակ տղամարդ» եւ միլիոններ դիզած Քոչարյանի համար դատարանի դռանը հավաքվեցին այստեղից-այնտեղից քչփորած մի քանի հարյուր մարդ, եւ այդ մի քանի հարյուրին էլ ահա գլխին էր հավաքել Մարտի 1-ի արյունահեղության «գերագույն հրամանատարը» ու փորձում էր պատրանք ստեղծել, որ ինքն աջակիցներ ունի Հայաստանում եւ այդ «աջակիցների» հետ միասին «պարտադիր» ինչ-որ հաղթանակներ է նվաճելու։

Այդքան աջակից կարող է հավաքել Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ ցանկացած պահի, պարոն «միակ տղամարդ»։ Ի դեպ, առանց ձեռքը գրպանը տանելու։

Այս պարզ բանը չի՞ հասկանում գլխավոր մեղադրյալը։ Գուցե մեկնումեկը հիշողությունը թարմացնի՞. 2008-ի հանրահավաքների մասին պատմող տեսանյութեր նվիրի նրան ու առաջարկի զուգահեռներ անցկացնել տարիներ շարունակ իր եւ իր գրպանահատների ջանքերով «վարկաբեկվող» Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչով փողոց դուրս եկածների անկեղծ, անշահախնդիր նվիրումի (առանց լրատվամիջոցներ գնելու, առանց լրագրողներ առնել-ծախելու, առանց բռերով փող ծախսելու) եւ… իր «աջակիցների» թվի ու որակի միջեւ։

Եթե փորձի համեմատել, երեւի իր իսկ «միակտղամարդկային» հաղթական պատկերքի նկատմամբ խղճահարությունից մղված՝ կգերադասի սեփական կամքով նորից բանտախուց գնալ։ Եթե, իհարկե, իրականությանը գեթ մեկ անգամ շիտակ նայելու քաջություն եւ ունակություն ունենա։

 

Նախորդ հոդվածը‘«Չելսի»- «Արսենալ». Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի» — «Արսենալ»՝ 4:1. «ազնվականներ»-ը դարձան Եվրոպայի լիգայի հաղթող (տեսանյութ)’