‘Լիզա Ճաղարյան. Շատ ուշացած են Սերժիկ Սարգսյանի «աննախադեպ»-ը եւ սենսացիոն»-ը’

4057

Այս դեպքում լրատվամիջոցներում «աննախադեպ» բառի շահարկումը չափազանցություն չէ։ Ստորադասի կեղծավոր ծեքծեքումների, դողացող ձայնով կցկցտուր մտքերի ու կիսատ նախադասությունների փոխարեն՝ Սերժիկ Սարգսյանը պարզ հասկացրեց, որ ինքը ՀԱՊԿ-ից թունդ նեղացած է։

Նեղանալու լիքը տեղ ունի։ Այս մարդն ամենաուղղակի իմաստով ստորաքարշորեն քծնում էր ՀԱՊԿ-ի «հզորներին», ողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանի արժանապատվությունը նետում էր սրանց ոտքերի տակ, ասում էր՝ ձերն ենք ոտքից գլուխ, արեք մեզ հետ՝ ինչ ուզում եք, միայն թե՝ իշխանությանս վտանգ չսպառնա, իսկ նրանք, ահա, այս «նվիրյալին» բացահայտորեն «քցում են»։ Եվ այս «ուտող-ուրացողության» պատճառն ամենեւին էլ այն չէ, որ այս երկրների ղեկավարներին քծնանքը դուր չի գալիս։ Ամենեւին։ Ընդամենը կրկին բախվեցինք հայտնի ճշմարտությանը՝ առաջնորդվում են իրենց պետությունների շահերով, ոչ թե քանոնը դնում՝ չափում են, թե ով՝ ավելի շատ յուղալի ու ճենճահոտ քծնեց իրենց։ Շաաատ ուշացած է Սերժիկ Սարգսյանի խռովկանության ցուցքը. մինչ այս «խրոխտ» ելույթը նա արդեն հասցրել է Հայաստանն այնպիսի մանրադրամ դարձնել այս նույն ՀԱՊԿ-ականների համար, որ ընդամենը քմծիծաղ կարող էր հարուցել իր անսպասելի «աքլորությամբ»։ Ինչը եւ եղավ, ինչը եւ տեսնում ենք…  

ՀԱՊԿ-ի այս «դասից» հետո հուսա՞նք, որ վերջապես Հայաստանում կավելանա այն մարդկանց թիվը, որոնք վաղուց են հասկացել՝ ուժեղ ես, թե թույլ, ազդեցիկ ես, թե անորոշ-անկատար, միեւնույն է՝ արժանապատվությունից թանկ ու անփոխարինելի բան չկա։ Եվ այդ դեպքում՝ եթե նույնիսկ այս հանգրվանում քո երկրի շահը հակասում է «դաշնակիցներիդ» երկրների շահերին, միեւնույն է՝ քո պահպանած ու գուրգուրած Արժանապատվությունը չի կորչելու, չի արհամարհվելու, քամահրանքի չի արժանանալու ու մի օր անպայման ստիպելու է, որ իր հետ հաշվի նստեն։

Հուսանք։

Եվ մե՛նք էլ քմծիծաղենք՝ հանրապետականները խռովել են ՀԱՊԿ-ից, ասում են՝ ձեւական կառույց է։ Ձեւական է Հայաստանի՛ համար, պարոնայք։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրները հրաշալի գիտեն իրենց շահերը եւ այդ «ձեւական» ՀԱՊԿ-ից՝ հօգուտ իրենց երկրների, պոկում են ի՛նչ կարող են եւ ինչքա՛ն կարող են։

Եվ առնվազն ծիծաղելի է Սերժիկ Սարգսյանի այս «մորմոքը». «ՀԱՊԿ-ը հենց կոչված է իրենց պարտականությունները կատարելու համար, եւ իրոք մենք թղթի վրա շատ գեղեցիկ տողերով նշել ենք, որ որեւէ մի երկրի պրոբլեմը դա ՀԱՊԿ-ի պրոբլեմն է, եւ պարզապես դա մնացել է միայն թղթի վրա»:

Եվ սա ո՞վ է ասում։ Մի մարդ, որն իր ավազակախմբի հետ միասին՝ «թղթի վրա շատ գեղեցիկ տողերով» նշել է, թե ինչ օրենքներով պետք է առաջնորդվի Հայաստանը, եւ հենց ինքը՝ այդ նույն ավազակախմբի հետ միասին՝ լկտիաբար ու անխնա խախտում, ոտնահարում եւ արհամարհում է իրենց իսկ կոտրած ձեռքերով «թղթի վրա շատ գեղեցիկ» գրած այդ օրենքները։

 

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը Երևանին և Բաքվին կոչ է արել սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղցի իրավապաշտպաններն այցելել են ԼՂՀ բանտում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին’