‘Լիզա Ճաղարյան. «Ոչնչից մեծ աղմուկ»-ի եկամտաբեր ժամանակներ են’

7289

Ի՞նչ է պատահել։ Ինչու՞ է հայաստանյան «մշակութային» աշխարհն այսչափ մոլեգնորեն ալեկոծվել։

Պատահել է «աննախադեպ խայտառակություն». Օպերայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի այս երեք պարտականություններից մեկը՝ տնօրենի պաշտոնը, «բիրտ ուժը» խլել է նրա ձեռքից։ Մի մարդու ձեռքից, որի շնորհիվ «Մոցարտի «Կախարդական սրինգը» Վիեննայում»… Եվ այլն։

Չձանձրացնեմ։ Տառերը գիտեք, եւ վստահ եմ՝ շատերդ եք հասցրել ընթերցել հարբած նավաստու բաժակաճառի մակարդակի գրառումները վեհ, վես ու վսեմ մշակույթի մասին, սպիտակցի Հայկոյի «արվեստի» երկրպագուների մակարդակի դատողությունները օպերային արվեստի մասին, ցածրաճաշակ հոխորտանքները բարձրարժեք երաժշտության մասին, տագնապի կոչնակները՝ Օպերան անդունդից հանած Օրբելյանին ազատել են աշխատանքից, հասեք, երկիրը փոխել է իր ուղեծիրը։

Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել։ Ընդամենը երեք պաշտոններից մեկը՝ վարչարարությունը, վերցրել են մեծագույն ստեղծագործող Կոնստանտին Օրբելյանի՝ հազարումի պարտականությունների ծանրության տակ կքած ուսերից, որ ավելի շատ ժամանակ ունենա զարմացնելու եւ հիացնելու Վիեննայի եւ առհասարակ համայն աշխարհի երաժշտասերներին։

Իսկ հակադարձ հարց կարելի՞ է տալ, հարգարժան մշակույթի գործիչներ, թե՞ սրբապղծություն է նման հարց տալը «Գրեմմիի» մրցանակի հավակնորդի մասին։ Օրինակ՝ սա։ Ինչու՞ է հարգարժան պարոն Օրբելյանի համար տնօրենի պաշտոնի կորուստը գրեթե համարժեք դարձել աշխարհի կործանմանը։ Մոտավորապես մեկ տարի առաջ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով երրորդ պաշտոնի տեր դարձած գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Օրբելյանն իրեն առատաձեռնորեն նվիրած տնօրենի պաշտոնից զրկվելով՝ կորցնում է նաեւ Օպերայում ստեղծագործելու իրավու՞նքը։ Չէ, չի կորցնում։ Հակառակը՝ վերագտնում է։ Տնտեսական, նյութական, հաշվապահական խնդիրներն այլեւս չեն կարող այս անփոխարինելի արվեստագետին շեղել իր նվիրական կոչումից։ Թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկանում։ Թե՞ Նյութի հետ անմիջական, սերտ շփումը ստեղծագործական նորանոր գաղափարներ է արթնացնում նրա գլխում եւ հոգում։

Այդպես չի լինում, իմ հասկացած մշակութային աշխարհում նման բան չի լինում։ Ուրեմն, ես՝ մեղավորս, կարո՞ղ եմ տխուր հետեւություններ անել տնօրենի աթոռի համար ողջ Հայաստանն իրար խառնած այս մեծադղորդ ղալմաղալից՝ մշակույթից յոթ սարուձոր հեռու այս տգեղագույն թամաշայից, որքան էլ վերոգրյալ ելույթների հեղինակները կոկորդ պատռեն, թե իրենց մոլեգնության պատճառը միմիայն Մոցարտի «Կախարդական սրինգ»-ի եւ զանազան այլ հոգեւոր «սրինգների» խարխլված ճակատագիրն է։

Մշակութային օջախների բազմաթիվ «ապստամբությունների» ականատեսն ու ժամանակակիցն եմ, ի դեպ։ Հիշողությունս էլ տեղն է։ Եվ առանց արխիվները քրքրելու էլ հիշում եմ, թե ժամանակին ինչպես էին, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոնում քարկոծում այդ տարիներին թատրոնի ղեկը ձեռքն առած Խորեն Աբրահամյանին, եւ քարկոծելիս չէին հիշում, որ նա մեր ժամանակների մեծագույն դերասաններից է։ Ճիշտ էին անում, թե սխալ՝ չեմ վիճարկում։ Ընդամենը հիշեցնում եմ, որ թատրոնի աշխատակազմ-մշակույթի գործիչներին, տվյալ դեպքում, չէր հուզում, որ Խորեն Աբրահամյանը մեծ դերասան է եւ անուրանալի ավանդ ունի այդ թատրոնի ստեղծագործական կյանքում։

Թե՞ հիշեցնեմ՝ ինչ «մշակութային» պատերազմ հայտարարվեց ժամանակին Մաեստրո Օհան Դուրյանի դեմ։

Հիշե՞մ վաղամեռիկ Արամ Ղարաբեկյանին եւ նրա նկատմամբ իր ղեկավարած նվագախմբի դատավճիռը։   

Ո՞ր մեկը թվարկեմ՝ ընդամենը հիշեցնելու համար, որ այս նույն եւ այլեւայլ մշակութային օջախներում երբ որ որեւէ ղեկավար ձեռ չի տալիս, այո՛, հենց այդպես՝ ձեռ չի տալիս, եւ այդ «ձեռ չտալու» պատճառները չափազանց շուկայական են, ահա՛ այս մշակութապաշտները ոչ միայն կատաղի պայքարում են արժանավոր, մեծատաղանդ, բազմաշնորհ ղեկավարների դեմ, այլեւ պայքարում են կատաղի՝ հաճախ անթույլատրելի մեթոդներով ու մակարդակով, եւ ամենեւին էլ այդ պայքարից մշակույթի բույր չենք ըմբոշխնում, այլ սովորական մահկանացուներիս նույնպես քաջածանոթ նյութի ու շահի հոտն է շնչահեղձ անում «անցորդներիս»։

Ի՞նչ կաներ իսկակա՛ն, մեծատառով Արվեստագետը։ Կասեր՝ շնորհակալ եմ, որ ինձ վստահել էիք երեք ծանր պարտականություն, կրկնակի շնորհակալ եմ, որ այդ երեք բեռից մեկն առաք իմ ուսերից, երիցս շնորհակալ եմ, որ վերցրիք հենց այն պարտականությունը, որն իմ կոչումը չէ, վստահ եղեք, որ այժմ ես ավելի շատ հնարավորություն ունեմ երաժշտասերներին «կախարդական սրինգների» երանելի աշխարհ նվիրելու։

Վերջին միտքս հեքիաթի ժանրից էր։

«Մշակութային» ճիչերի շողշողուն վարագույրի հետեւում հեքիաթ չփնտրեք, ամենասովորական գաղջ «բազառ» է։

Նախորդ հոդվածը‘Քոչարյանական քարոզիչների թշվառությունը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Էսպանյոլ»՝ 2:0.Մեսսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’