Լիզա Ճաղարյան. Փրկիր մեզ քո «փրկելու» ցանկությունից

1371

«Արցախը հումանիտար աղետի շեմին է»…

«Մեծարգո»–ն է ասել։

Արցախը, Հայաստանն էլ Արցախի հետ միասին, աղետի շեմին էին այն ժամանակվանից ի վեր, երբ արհամարհվեց Հայաստանի առաջին նախագահի` Արցախի հարցի խաղաղ լուծման փոխզիջումային տարբերակը, եւ քսանից ավելի տարի Հայաստանի երկնակամարում «թեւածեց» «Ոչ մի թիզ հող թշնամուն» փանջունիական պոռոտախոսությունը։

Իսկ հիմա Արցախը աղետի շեմին չէ, աղետի շեմը հատել ու հայտնվել է աղետի կիզակետում այն պահից, երբ, ինչպես Փաշինյան Նիկոլն է սիրում կրկնել` «ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ» իշխանության հասան օրվա պատուհասները, եւ իշխանության ղեկին զարմանահրաշ հեշտությամբ հայտնվելու երջանկությունից գլուխները կորցրած այս թերհասներին թվաց` երկիր ղեկավարելն ու միտինգներում կոկորդ ճղելը նույն բանն են։ Օրինակ, բարձրանում ես հարթակ ու ճղավում` Արցախը Հայաստան է, եւ վերջ… Եվ մեկ էլ տեսնում ես` հո՛պ լյա, Արցախը դարձավ Հայաստան։

Կամ` դարակից հանում ես հարյուրամյա մի, այսպես կոչված, դաշնագիր ու ասում` աբրակադաբրա, ու աշխարհի մեծամեծները թանաքամանն ու գրիչն առած հերթ են կանգնում, որ ստորագրեն դրա տակ։

Կամ` հայտարարում ես, որ Հայաստանի անկախության երեսուն տարիները հեչ ենք անում ու ամեն ինչ սկսում զրոյից։

Պատկերացրեք` այս վերջինն իրոք ստացվեց։

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է զրոյացնել ե՛ւ Արցախյան հաղթանակը, ե՛ւ Հայաստանի ինքնիշխանությունը։  

Բազմերանգ պոռոտախոսությունների «լույսի ներքո» զարհուրելի պարտությունից հետո «խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանին ու նրա վարժեցրած թութակներին երեւի թվում է` բոլորս ենք կորցրել տրամաբանելու հատկությունը ու չենք հասկանում, որ 44–օրյա դաժան ու սարսափելի հետեւանքներով պատերազմից հետո այս նույն «թավշյա հեղափոխականն» այլընտրանք պարզապես չունի` դողդոջուն ձայնով, կակազելով, լեզուն փաթ գցելով խաղաղություն մուրալու փոխարեն, եւ նրա այս «աղավնյակային» փոխակերպության պատճառն իր խաղաղասիրությունը չի ամենեւին, այլ իր իսկ ապաշնորհության, կարճատեսության ու մեծամտության պատճառով ստեղծված անելանելի վիճակը։

…Լավ, ասեմ` ԳՐԵԹԵ անելանելի վիճակը, որ կուկլուքսկլանանմանների մորքուրի տղերքը չասեն` հուսահատեցնում եմ մեր անպարտելի ազգին։

Որեւէ մեկը հաշվե՞լ է, թե քանի գույն փոխեց ընդամենը մի քանի տարվա ընթացքում օրվա իշխանության ղեկավարը, եւ թե ոնց ստացվեց, որ ասֆալտին փռվեցին ու պատերին ծեփվեցին ոչ թե Հայաստանը թալանողները, Բանակը «կանսեռվի բանկաների» հույսին թողնողները, Մարտի 1–ի դահիճները, այլ հենց Հայաստանի շարքային քաղաքացիները, հենց նրանք, ովքեր հույս էին կապել այս պատուհասների հետ, որ հիմա էլ «մոռացել են», որ հենց իրենք էին կոկորդ պատռում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, հիմա էլ կեղծում են, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, այլ` արցախահայության իրավունքների։ Ահա այսպես շարունակաբար ստում ու կեղծում են, ու հիմա էլ «մարդու իրավունքներն» են որպես Արցախի փրկության օղակ թափահարում աշխարհի քթի տակ, աշխարհն էլ հո իրեն տափերով չի տալիս անսպասելի ցնցումից` վույ աման, սա դիմանալու բան չի, լո՞ւրջ եք ասում, մարդու իրավունքները ոտնահարվում են, հա՞, Արցախում, վայ, գետինը պատռվի, ընկնենք մեջը, բա մենք ապրելու իրավունք ունե՞նք։

Է՞լ ինչ մնաց, որ չի փորձել Նիկոլ Փաշինյանը` Արցախն ու Հայաստանը «փրկելու» համար։

Քանի՞ օրինակ գիտեք մարդկության պատմությունից, որ ինչ–որ մեկը ցանկանա քեզ փրկել, ու դու սարսափես էդ ցանկությունից։

Հ.Գ. ՔՊ–ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Բաքվից պահանջել է անհապաղ վերականգնել Արցախի գազամատակարարումը։ …Ասի` սա ասեմ, որ չմտածեք` ամեն ինչ կորած է։  Այնուհանդերձ։    

Նախորդ հոդվածը«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Ռասպադորիին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա․ Ունենք վիրավոր