‘Լիզա Ճաղարյան. Քաջնազարության ցուցք՝ Վահրամ Բաղդասարյանի կատարմամբ’

16938

Նոր բան չէ, վաղուց ի վեր հասարակությունը գլխի է ընկել, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մտքին դրել է խլել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի դափնեպսակը։ Անհեթեթություններ դուրս տալու ասպարեզում։ Իսկ պատկերավոր ասած՝ բլթոցների ասպարեզում։

Նորություն չէ նաեւ, որ Հայաստանի իշխանության կարկառուն ներկայացուցիչների ամենասիրած դատողությունը, տարբեր շարադասությամբ ու շատ տարբեր գրագիտության մակարդակով, սա է. «Իսկ այդպիսի երկիր կա՞, որտեղ կոռուպցիա չլինի։ Մարդկությունը քանի կա՝ կոռուպցիան էլ հետն է լինելու»։ Սրա հեղինակային իրավունքն, անշուշտ, Գալուստ Սահակյանին է պատկանում, բայց քանի որ Վահրամ Բաղդասարյանն այս նույն միտքը երեկ կրկին օդ է արտանետել, անտարբերության չմատնենք երիտասարդ կարիերիստի՝ Գալուստին հասնելու եւ անցնելու ջանքերը։ Եվ այսպես, պարոնը պնդում է, որ կոռուպցիան մարդկության հետ եկել է, մարդկության հետ էլ գնալու է։

Գալուստին է կրկնում, բայց դե՝ սա դատապարտելի արարք չէ։ Քանի որ «ճիշտը մի հատ ա», կարելի է կրկնել ու կրկնել, ի՞նչ կա որ։ Ժողովուրդն էլ է, չէ՞, անընդհատ կրկնում, որ Հայաստանի իշխանությունները գող են ու թալանչի, եւ դեռ երկար է կրկնելու՝ այնքան, մինչեւ տեսնի գողերի ու թալանչիների արդար պատիժը։  

Ուր հասանք… Հասանք այնտեղ, որ Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է ասել։ Ընդամենը մի «աննշան» բացթողում է արել։ Գալուստ Սահակյանի նման։ Մոռացել է հավելել, որ կոռուպցիա կարող է լինել ցանկացած երկրում, բայց լիքը երկրներ կան, որտեղ կոռուպցիայի բացահայտման դեպքում՝ կոռուպցիոներները պատժվում են ըստ այդ երկրների գործող օրենքների, հրաժարականները հաջորդում են մեկը մյուսին, բանտերի դռները սիրահոժար բացվում են նմանների առջեւ, նույնիսկ ամոթից գետինը մտնելու արդար մղումով՝ որոշ բացահայտված թալանչիներ ատրճանակը մոտեցնում են սեփական քունքին ու ձգանը քաշում։

Եվ այսպես, մինչ սույն ՀՀԿ-ական պարոնի երեկվա բլթոցն էինք «մարսում», պարզվեց՝ Գալուստ Սահակյանի արժանավոր մրցակիցն այսօր հարցազրույց է տվել «Մեդիալաբ»-ին, եւ այս հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի շաղ տված «մարգարիտներն» այնքան շատ են, որ առանց կասկածի կարելի է արձանագրել՝ այս մեջլիսում Գալուստը պարտվեց անտարակու՛յս։

Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ առաջնագծում միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են զոհվում, «խելքից պատուհաս» Վահրամը գրեթե նույնությամբ կրկնում է օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքը. «Եթե դուք մի փոքր էքսկուրս կատարեք և մոնիթորինգ կատարեք, հիմնականում ո՞ր երեխաներն են, որ սովորում են բուհերում, ասպիրանտուրաներ են գնում, պաշտպանում են»:

Մենք, իհարկե, փոքր էլ, մեծ էլ էքսկուրսներ կատարել ենք, մոնիթորինգն էլ հետը ու շատ-շատ վաղուցվանից պարզել ենք, որ իշխանության վերին օղակներում լկտի ստախոսների ու ամբարտավանների պակաս չկա, մի բան էլ՝ խայտառակ ավելցուկ կա, բայց դեռ ու՜ր եք, Բաղդասարյան Վահրամը շատ անակնկալներ ունի պահած էս մի բուռ հարցազրույցում։ Էդ ոչինչ, որ աշխարհը մութ չի, ու բոլորս էլ սրտի ծակոցներով կարդացել ենք, թե զոհված զինվորների շարքերում քանի-քանիսն էին ուսանողական նստարանից բանակ զորակոչվել, քանի-քանիսն էլ այս պահին սահմանին Վահրամ Բաղդասարյանի նմանների կյանքն ու թալանն են պաշտպանում, էդ էլ ոչինչ, որ լրագրողի արձագանքին, թե, փաստորեն, իր ստախոս զրուցակիցը կրկնում է Սեյրան Օհանյանի ասածը, Բաղդասարյանը չքմեղանում է, թե ինքը չի լսել նրա մեկնաբանությունը (ո՞նց չասես՝ կշտությունից բթացած պարոն, եթե այդ ահավոր օրերին ձե՛ր իսկ իշխանության երաշխավորած պաշտպանության նախարարի խոսքը չես լսել, բա էդ ժամանակ ի՞նչ էիր լսում՝ Զեյնաբ Խանլարովայի կլկլո՞ցը, թե՞ սաունայում գարեջուր խմելով՝ Գալուստ Սահակյանի ասույթների ձայնագրություններն էիր ետուառաջ տալիս, որ անգիր անես)։

Չէ, չէ՛, էս ինչ եմ ասում. հենց այս պահին Բաղդասարյան Վահրամն առաջնագծում հայրենիքն է պաշտպանում, որովհետեւ «հիմա ամբողջ ազգը զինվորագրված է», Վահրամն էլ, բնականաբար, ազգի հետ միասին։ «…Եվ եթե դուք ԳԱՔ (ընդգծումն իմն է – Լ.Ճ.) ու ուսումնասիրեք առաջնագիծը, ապա կտեսնեք…»։ Հասկացաք, չէ՞, հենց հիմա այս պարոնն առաջնագիծն է ուսումնասիրում, իսկ մենք, ահա, թիկունքից հարվածում ենք նրան։

Եվ քանի որ այս «զինվորագրված» պարոնը հիմա առաջնագծում է, եւ թշնամու կույր գնդակը հաշվի չի առնում՝ հակառակ կողմում կանգնածը կուշտուկուռ Վահրամն է, թե չքավոր մի պատանի, ու մեկ էլ տեսար՝ այդ կույր գնդակը պատանուն խնայեց ու Վահրամի անոսկոր լեզվին կպավ, ուրեմն էս պարոնն իրավունք է վաստակել իրենց կյանքը զոհասեղանին դրած զինվորների հասցեին ասել, որ նրանք, ոչ ավել, ոչ պակաս՝ բամբասանքներով են զբաղված։

Ըհը, մի զարմացեք։ Հայաստանի քաղաքացիների բերանից թռցրած հարկերի հաշվին Ազգային ժողովի իր եվրավերանորոգած աշխատասենյակում փռված էս «զինվորագրվածը» լրագրողի՝ բանակում առկա մտահոգող խնդիրների մասին հարցին տառացիորեն պատասխանում է. «Բոլոր հարցերն ուսումնասիրված են (ինքն է ուսումնասիրել. հո չե՞ք մոռացել, որ հենց էս պահին առաջնագծում է – Լ.Ճ) , և ես խնդրում եմ այդ բամբասանքներին մի հավատացեք: Այդ սրբիչի պատմությունն է, երբ ասում են՝ հեռախոսի լարը կտրեցին: Ես ձեզ մի օրինակ բերեմ՝ Լենինի կապն ավելի հուսալի կապ է, քան այսօրվանը: Ո՞վ է կտրում լարը, տեսե՞լ եք դուք»:

Լրագրողը փորձում է ուշքի բերել էս «հարբած փղին»։ Ասում է՝ զինվորներն են պատմում։

Պատասխանն ուղղակի ցնցող է, նույնի՛սկ Գալուստի հացին վայիս եղած այս պարոնի դեպքում է ցնցող. «Էնքան բան են պատմում…»:

Հեգնում է, հասկացա՞ք։ Վահրամ Բաղդասարյանը հեգնում է սահմանին կանգնած զինվորներին, այսինքն թե՝ շատ բան են պատմում, ի՞նչ եք ամեն ասածի բանի տեղ դնում, հեսա՝ «ուսումնասիրողը դիմացդ նստած է, հարցրու՝ ասեմ, ի՞նչ «զինվորի ոգի», զինվո՞րն ինչ է հասկանում, որ նրան եք հարցնում։

Շարունակությունը քաջնազարության եղկելի ցուցք է, ճամարտակություն է մեր բազում հաղթանակների եւ թշնամու բազմաբազում պարտությունների մասին, եւ ճենճահոտ բաժակաճառ է մեր ունեցած զարմանահրաշ զենքերի մասին, ինչն ուղղակիորեն հայրենիքի դավաճանության մասին ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ մենք ահա այսպես մինչեւ ատամները զինված ենք, բայց թույլ տվեցինք, որ հարյուրից ավելի զինվորներ մատաղվեն, որովհետեւ «ի՞նչ  է, մենք թուրքի նման պետք է սկսենք ինչ ունենք-չունենք բերենք ու հինգ օրվա մեջ կրակենք, ավարտենք ու պրծնե՞նք…»:

Շունչս կտրվում է, չեմ ուզում շարունակել։ Ընդամենը հիշեցնեմ. մեր Սահմանադրությունը փոխվել է, եւ ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Ազգային ժողովում։ Եվ եթե թույլ տանք, ապա՝ Վահրամ Բաղդասարյանի նմանների մատների մեկ շարժումով։

Իսկ դա պատերազմի նման զարհուրելի հեռանկար է։

Հ.Գ. Մոռացա ասել, որ այս հարցազրույցում հակառակորդի զինվորների մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է՝ թուրքի լամուկներ։ Բա հայրենասեր է, բա ի՞նչ էիք կարծում։

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը խոստացել է մտածել կանանց ձեռնադրելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Նրանք ոչ թե ՀԷՑ-ից, այլ մեզնից են գողացել’