Լիզա Ճաղարյան. Քշի՛ Թուրքիա

2142

Նախ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել իմ թանկագին ընկերներից մեկին, որ համոզեց` լսել 24TV–ի հյուր Արա Պապյանին։

Լսեցի։

Ճիշտ է, հարգարժան պարոն Պապյանը գրեթե հիսուն րոպե բղավում էր, ինչի «շնորհիվ» գլխացավ վաստակեցի, բայց ո՞վ լիներ նրա փոխարեն, որ չբղավեր։ Պատկերացրեք, մարդը գտել է առնվազն (որքան հասկացա` Արա Պապյանի ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում) չորս վիլայեթ Թուրքիայից վերցնելու ու Հայաստանին միացնելու անարյուն, առանց մի կրակոցի, առանց մի զոհի ճանապարհը, բայց իրեն լսող չկա։ Չէ, իհարկե, լսողներ կան, ես նրանց տեսա տեսանյութի տակ «անհասկացող ու անգրագետ» հարցազրուցավար Կարպիս Փաշոյանին (այս երիտասարդը ոչ միայն համառորեն չէր հիանում իր պատվարժան հյուրի մտքի «իրավարար» փայլատակումներով, դեռ մի բան էլ` փորձում էր հակաճառել) ամեն գույնի ու հոտի հայհոյողների մի պատկառելի բանակ. դե` նրանց ձե՞ռն ինչ կա, իրենք միայն կարող են հայհոյել, էդ էլ անում են։

Ուրեմն, ի՞նչ է ասում էս մեր Արա Պապյանը։ Ասում է` Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը վերցնում ենք, տանում ենք ՄԱԿ–ի միջազգային դատարան, էս Միջազգային դատարանը վերցնում է էս փաստաթուղթը, կարդում է ու ասում` վա՞յ, էս ոնց էինք մտահան արել, որ 1920 թվականին Վիլսոնն էս իրավարար վճիռը ստորագրել է, որն, ի դեպ, վերջնական է եւ պարտադի՛ր կատարման համար։

Դե, հասկանալի է, չէ՞. քանի որ էս վճիռը իրավարար է, վերջնական է ու պարտադիր է կատարման համար, Միջազգային դատարանն անմիջապես որոշում է կայացնում` անհապաղ ի կատար ածել էս իրավարար, վերջնական ու կատարման համար պարտադիր վճիռը, որոշումը տալիս է Արա Պապյանին ու ասում` քշի՛ Թուրքիա։ Արա Պապյանն էլ իրավարար, վերջնական ու կատարման համար պարտադիր էս վճիռն ու վճռի հիման վրա Միջազգային դատարանի արդար որոշումը բերում հասցնում է Թուրքիա ու ասում` Էրդողա՞ն, էկել եմ, դուռը բա՛ց։ Ու որոշումը` Վիլսոնի իրավարար ու մնացած բաներով վճռի հետ շրխկացնում է Էրդողանի սեղանին։ Էս Էրդողանը կարդում է, մի տասն անգամ բռունցքներով խփում է սեփական գլխին ու ասում է` մեռնեի, էս օրը չտեսնեի, բայց դե` ճա՞րս ինչ` իրավարար է, վերջնական է, պարտադիր կատարման ենթակա է, ու… չորս վիլայեթը տալիս է Արա Պապյանին, ասում է` ա՛ռ, բկիդ կանգնի։ Արա Պապյանն էլ, դե` թքած ունի Մասիս սարի գագաթից Էրդողանի մուննաթի վրա, վռազ զանգում է իր Կանադայում բնակվող որդիներին ու ասում` ա՛յ, հիմա վերադարձեք Հայաստան, պապան չորս վիլայեթը բերել է, հերիք եղա՛վ էդ կանադաներում լռվեք–մնաք, հայրենիքը կանչում է ձեզ։

Էսքան բան։ Լավ, ի՞նչ կա էստեղ չհասկանալու, էս ինչ չուզող ազգ ենք դարձել։

Հա՛, քիչ էր մնում մոռանայի։ Ինչո՞ւ մինչեւ հիմա անկախ Հայաստանի ղեկավարներից ոչ մեկը էն մեր Վիլսոնի էս իրավարար վճիռը չի տարել Միջազգային դատարան ու առանց մի կրակոցի, առանց մի զոհի հետ վերցրել մեր վիլայեթները Թուրքիայից, օրինակ` հատկապես ու մասնավորապես Լեւոն Տեր–Պետրոսյանը։

Դե, որովհետեւ Լեւոն Տեր–Պետրոսյանը չգիտեր Վուդրո Վիլսոնի այդ իրավարար վճռի մասին, շատ հոդաբաշխ պարզաբանեց Արա Պապյանը։ Հա դե` որտեղի՞ց իմանար. դրա մասին գիտեր միայն Արա Պապյանը, որովհետեւ Վուդրո Վիլսոնը էդ իրավարար, վերջնական ու պարտադիր կատարման ենթակա վճիռը թաքուն կտակել էր Արա Պապյանին ու զգուշացրել էր, որ անվախտ–բեվախտ ըստե–ընդե էդ մասին չխոսի, հենց վախտը գա` էդ վճիռն առնի ու… մին զարկի, ջարդի հազար։

Ուղղակի իմաստով չհասկանաք հանկարծ. փոխաբերակա՛ն, միա՛յն փոխաբերական։

…Ի դեպ, հավաստի աղբյուրները փսփսում են, որ Տիգրան Մեծն էլ է իրավարար կտակ հղել Արա Պապյանին, որը նույնպես վերջնական է ու կատարման համար պարտադիր։ Չհավատացողի ու չուզողի աչքն էլ դուրս գա։

Նախորդ հոդվածըԱշխարհն արձագանքում է Դոնբասի տարածքների անկախությունը ճանաչելու՝ Պուտինի որոշմանը
Հաջորդ հոդվածըԴուբայ. Խաչանովը մեկնարկեց հաղթանակով եւ կմրցի Ջոկովիչի հետ