‘Լիսկայի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցվել է քրգործ’

1291

Գորիսում հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: News.am-ի այս տեղեկությունը հաստատել են ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք մեղադրյալներ կան այս գործով, թե ոչ:

Նշենք, որ Լիսկայի որդու մասնակցությունը ավտովթարին փորձում են կոծկել, և ոստիկանություն ներկայացած Լիսկայի թիկնապահներից մեկը հայտնել է, որ մեքենայի ղեկին ինքն է եղել:

Նշենք, սակայն, որ Գորիսի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է ավտոմեքենայով հարվածել իր որդու՝ Վահագն Հայրապետյանի ավտոմեքենային:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Գորիսում: Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը: Ըստ տեղեկությունների՝ նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Աննպատակ բյուջե է’
Հաջորդ հոդվածը‘Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն’