Լիտվայում երեք նոր տառ է հայտնվել

573

Լիտվայի սեյմը թույլ է տվել անձնագրերում օգտագործել «ստանդարտ» լատիներենի երեք տառ՝ Q, W և X, որոնք չկան լիտվերեն այբուբենում։

Ենթադրվում է, որ դա, առաջին հերթին, կօգնի լիտվացի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են կրել օտարերկրյա ամուսինների ազգանունը։

Ընդ որում, խորհրդարանը հրաժարվել է թույլ տալ նաև օտար օժանդակ նշանների օգտագործումը, ինչը պահանջում էին Լիտվայում բնակվող լեհերը։

«Սա շատ կարևոր  քայլ է մարդու իրավունքների տեսակետից, մեր հարևանների նկատմամբ անվտանգության քաղաքականության տեսակետից։ Բայց նախևառաջ՝ դա մարդու արժանապատվության հարց է»,- հայտարարել է լիտվական խորհրդարանի խոսնակը։

Սակայն շատ քաղաքական գործիչներ, նույնիսկ՝ իշխող դաշինքից, կարծում են, որ չի կարելի փոխել մայրենի լեզուն՝ օտարերկրացիներին հաճոյանալու համար։

«Մեջբերելով հանգուցյալ լեզվաբան Վինցաս Ուրբուտիսին՝ ես կասեմ, որ սա դավաճանություն է լիտվերենի նկատմամբ։ Իրավական հանձնաժողովի ոչ մի արդարացում չի օգնի»,- հայտարարել է պատգամավոր Աուդրոնյուս Աժուբալիսը։

Լիտվական անձնագրերում նոր տառերի օգտագործումը թույլատրել խնդրել էր  նաև Եվրահանձնաժողովը, սակայն օրինագծի հակառակորդները երկրի նախագահին կոչ են անում վետո դնել այդ փաստաթղթի վրա։ Այնպես որ, երեք տառերի ճակատագիրն այժմ կախված է պետության ղեկավարից։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն պատերազմի վտանգ է տեսնում
Հաջորդ հոդվածըԿրեմլը պատասխանել է Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու վերաբերյալ հարցին