‘ ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանում է, թե ինչու է ազատագրված տարածքներն անվանել բուֆերային գոտի(տեսանյութ)’

1751

Հունիսի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջերս ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի «Ֆրանս-24» հեռուստաալիքին տված հարցազրույցին, որտեղ արծարծվել են ԼՂ Հանրապետության կարգավիճակի, ազատագրված տարածքների ու երկրի ապագային վերաբերվող հարցեր:

«Նախարարը արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնեց այլ տեսակետներ, քան երկրի նախագահի ամրագրված կուրսն է, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքերն անվանելով բուֆերային գոտի: Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ դիվանագետ հանդիսացող արտգործնախարարը մի քանի օրվա ընթացքում արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտել, որոնք կապված չեն անգլերեն լեզվի իմացության և եթերային ժամանակի սղության հետ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Կարեն Միրզոյանը ափսոսանք հայտնեց, որ իր հարցազրույցը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել:

«Որպես Արցախի արտգործնախարար՝ ինչպե՞ս ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի և գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրված արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին ու նպատակներին: Հակառակ դեպքում ես չէի ստանձնի ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ ընդունում է նաև իր մեղքի չափաբաժինը այն տեխնիկական վրիպակի համար, որը պայմանավորված է եղել ուղիղ եթերի հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով: 

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Արցախի Հանրային Հեռուստաընկերության

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը’
Հաջորդ հոդվածը‘Շենգավիթի մի շարք փողոցներում վաղը ջուր չի լինի’