‘ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար. վաղ թե ուշ ՀՀ-ի եւ Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները վերականգնվելու են ‘

1274

ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը կարծում է, որ հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու հիմք են ունեցել: Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր Հունգարիայի հետ հարաբերությունները միանգամից կասեցնելը՝ Մայիլյանը նշեց. «Շատ քչերն են տեղյակ Սաֆարովի գործով՝ Հայաստանի եւ Հունգարիայի պաշտոնական ներկայացուցիչների միջեւ բանակցությունների մանրամասներին: Հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու հիմք են ունեցել: Ամեն դեպքում, Հունգարիայի իշխանություններին հայտնի է եղել, որ հանցագործը արտահանձնումից հետո ազատ է արձակվելու: Ադրբեջանում Սաֆարովի հերոսացման գործընթացը առաջին տարին չէ, որ ընթանում է: Եթե անգամ Հունգարիան պաշտոնական Բաքվի կողմից ֆորմալ հավաստիացումներ է ստացել, ապա դա չի հանում նրանց վրայից բարոյական պատասխանատվությանը»: 

Մայիլյանը նաեւ հավելեց, որ «վաղ թե ուշ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվելու են»: «Առավելեւս, որ մենք խնդիր ունենք ոչ թե Հունգարիայի ժողովրդի, այլ՝ Հունգարիայի ներկայիս կառավարության հետ: Կարեւոր է, որ Հունգարիայի հասարակությունը դատապարտել է սեփական կառավարության անբարոյական քայլը: Հարաբերությունների վերականգնման համար Հայաստանն իրավունք ունի իր պահանջները առաջ քաշել»,- նշեց Մայիլյանը:

Նախորդ հոդվածը‘Առաջին խաղակեսից հետո Հայաստանը պարտվում է Բուլղարիային՝ 1-0’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով ‘