‘ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել’

2264

Հունվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա0:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա0:

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում իրականացնել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սերդյուկովը կպատասխանի հետաքննության հարցերին’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Կրասնոժան. Այդպես էլ չհասկացա իմ պաշտոնանկության պատճառները’