‘Լյուդմիլա Սարգսյանը Աժ-ում խոսել է Ամուլսարի եւ Արմեն Սարգսյանի մասին’

1420

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խոսել է Ամուլսարի նախագծի վտանգավորության, եւ այդ գործում՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ունեցած դերակատարության մասին:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Վերջին տարիներին հանքարդյունաբերության սրընթաց զարգացումը արդեն վերածվում է Հայաստանի ամբողջ էկոհամակարգին սպառնացող լուրջ վտանգի: Վտանգի տակ են դրված անգամ Սևանա լիճը և Ամուլսարին հարակից ջրային պաշարները:

Օֆշորում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը կառավարությանն է ներկայացրել Ջերմուկին հարակից Ամուլսար կոչվող վայրում ոսկու հանքավայրի շահագործման նախագիծ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների, այդ թվում՝ «Սևանա լճի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքներին, Ընդերքի մասին օրենսգրքին և բազմաթիվ այլ իրավական ակտերի: Հանքավայրի տարածքը գտնվում է Սևանա լճի ջրահավաք ավազանում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային պաշարներով հարուստ՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների անմիջական հարևանությամբ:

Հարկ է նշել, որ Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովը Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին տվել է բացասական եզրակացություն՝  հիմք ընդունելով Սևանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցության սպառնալիքները: Միևնույն ժամանակ, վտանգի տակ է դրվում Ջերմուկ քաղաքի գրավչությունը՝  որպես առողջարանային տուրիզմի գոտի, որի համար արդեն իսկ ծախսվել են միլիոնավոր դոլլարներ: Բազմաթիվ մասնագետների գնահատմամբ հանքավայրի շահագործման ընթացքում արվելիք պայթեցումներից առաջացող ցնցումները կարող են փոփոխության ենթարկել ստորգետնյա ռելիեֆը, որը կհանգեցնի Ջերմուկի հանքային ջրերի կորստի:

Նշված ծրագրի հաստատման հեռանկարը առաջացրել է նաև միջհամայնքային սուր վեճ առողջարանային Ջերմուկ քաղաքի և հարակից մի քանի գյուղերի բնակչության միջև, ովքեր հակասական մոտեցումներ ունեն նշված ծրագրի իրականացման վերաբերյալ:

Չնայած վերը նշված ռազմավարական և իրավական խնդիրներին՝ այդ նախագծին բացահայտ կերպով աջակցում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանները, ովքեր հայտարարում են, թե օֆշորային այդ ընկերությունը ներկայացնում է բրիտանական ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում:

Այս անթույլատրելի նախագծի կենսագործմանն է լծվել նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը, ով մինչև դեսպան նշանակվելը հանդիսանում էր այդ օֆշորային ընկերության տնօրենների խորհրդի անդամներից մեկը:

Ակնհայտ է, որ Ամուլսարի նախագիծը ռազմավարական տեսանկյունից անթույլատրելի է, քանի որ վտանգի տակ է դնում Սևանա լճի էկոհամակարգն ու հարակից ջրայի ռեսուրսների գոյությունը: Իսկ տնտեսական առումով դժվար է պատկերցնել առավել վնասաբեր ծրագիր, քան Ջերմուկի առողջարանային համբավի և հանքային ջրերի կորուստը: Բնականաբար, այս վտանգները չեն հուզում օտարերկրյա ներդրողներին և օֆշորային ընկերություններին, քանզի նրանց միակ խնդիրը ծրագրի հաստատումն ու հանքավայրի շահագործումն է:

Սակայն, քանի դեռ այս նախագիծը հաստատված չէ, ուզում եմ հուսալ, որ բնապահպանության նախարարությունը լրջագույնս կուսումնասիսրի Ամուլսարի շահագործման հետևանքով առաջացող սպառնալիքները և հիմք ընդունելով վերը նշված օրենքների խախտումնրը, չի հաստատի հանքավայրի շահագործման նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Վոլգոգրադում. ՌՔԿ-ն պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Սպանել նախագահին՝ 10 հազար դոլարով’