‘Լուիշ Ֆիգուն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում’

955

«Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի», Պորտուգալիայի հավաքականի նախկին առաջատար խաղացող Լուիշ Ֆիգուն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

«Ես հետևում եմ, թե ինչպես է ընկնում ՖԻՖԱ-ի հեղինակությունը: Դա շարունակվում է արդեն մի քանի տարի: Այժմ ՖԻՖԱ-ն զուգորդվում է սկանդալների հետ: Ոչ մի դրական վերաբերմունք: Այս վիճակը պետք է փոխել: Ֆուտբոլն ավելիին է արժանի: Եվ ես չեմ կարող անտարբեր մնալ:

Ես զրուցել եմ ֆուտբոլում կարևոր շատ մարդկանց հետ: Խաղացողները, մարզիչները, ակումբների նախագահները միակարծիք են, որ անհրաժեշտ են փոփոխություններ: Պետք է փոխել ղեկավարությունը, կառավարման համակարգը, ապահովել թափանցիկություն, համերաշխություն: Բլատերը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 1998 թվականից, այժմ ինձ համար հրաշալի մարտահրավեր է մարդկանց համոզել քվեարկել իմ օգտին, հավատալ ինձ»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է CNN-ը:

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցությունն է հայտնել հայրենակցին.

«Ֆիգուի առաջադրումը հսկայական քայլ առաջ է ֆուտբոլի համար: Նրա բազմամյա կարիերան կապահովի ՖԻՖԱ-ի լավ ապագան: Նա կկենտրոնանա ֆուտբոլի զարգացման վրա և սերտորեն կհամագործակցի ֆեդերացիաների հետ»:

Նախորդ հոդվածը‘Իտալիայի գավաթ. «Պարմա» – «Յուվենտուս» 0-1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն որակազրկվել է երկու խաղով’