Լուկաշենկոյի առողջական վիճակը սովորաբար չի քննարկվում

162

Թեպետ իշխանություններն ավանդաբար չեն քննարկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առողջական խնդիրները, այսօր լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման թիվ մեկ թեման դարձել է հենց Լուկաշենկոյի առողջական վիճակը․ մայիսի 9-ին Մոսկվայում և Մինսկում հանդիսավոր արարողությունների ժամանակ նա հիվանդ տեսք ուներ։

Բելառուսի ԶԼՄ-ներն անմջապես ուշադրություն էին դարձրել, որ Մոսկվայում շքերթի ժամանակ Լուկաշենկոյի հետ ինչ-որ բան այն չէ՝ նա հյուծված տեսք ուներ, չկարողացավ Կարմիր հրապարակով 300 մետր անցնել և ստիպված էր տեղաշարժվել էլեկտրամեքենայով։ Նրա ձեռքին բինտ էր փաթաթված՝ այդպես արվում է կաթիլային ներարկումներից հետո։ Լուկաշենկոն չմնաց Պուտինի և Մոսկվա ժամանած մյուս ղեկավարների հետ ճաշկերույթին։ Երեկոյան նա ժամանեց Մինսկ, բայց հակառակ ավանդույթի՝ ելույթ չունեցավ մայիսի 9-ի հանդիսավոր արարողությանը։ Նրա փոխարեն ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «Լուկաշենկոյին պետք էր արագ մեկնել Մոսկվայից»՝ Բելառուսում տոնական միջոցառումներին մասնակցելու համար, իսկ նրա առողջությունը քննարկելը «կոռեկտ չէ»։

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ «եթե Լուկաշենկոն՝ վերջ», ապա Բելառուսը պարտավոր է թույլ չտալ, որ «մեկ ուրիշ բռնապետ կամ ռուսաստանյան դրածո գա իշխանության»։

Բելառուսի օրենսդրության համաձայն՝ եթե Լուկաշենկոն հրաժարական տա կամ մահանա, նրա տեղը կզբաղեցնի խորհրդարանի նախագահը, այժմ՝ Նատալյա Կոչանովան, որը երկրի նախագահի արտահերթ ընտրություններ պետք է հայտարարի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն ամռանը թույլ չի տա Կիլիան Մբապեի տրանսֆերը
Հաջորդ հոդվածըԲլինքեն․ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի՝ Ուկրաինայի սպառազինության պակասը լրացնելու համար