‘Լուկաշենկոյի 9-ամյա որդին Հայաստանում զվարճացել է պետբյուջեի հաշվին (փաստաթղթեր)’

3937

Ինչպես երեկ տեղեկացրել էր iLur.am-ը, 2013 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողարկարգի ծառայություն» գործակալությունը պետբյուջեից 117 հազ. դրամ է վճարել՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ժամանցային խաղերի ծառայության մատուցման համար: Այդ մասին մենք տեղեկացել էինք կառավարության կայքից: Այսօր նույն թեմային անդրադարձել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը: Պարզվում է՝ մայիսի 13-ից 15-ը Երևանում  ՀՀ պետբյուջեի հաշվին զվարճացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ 9-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն:
Ըստ պայմանագրի՝ ԱԳՆ աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վ.Ասոյանը, «գործելով ՀՀ անունից», պայմանագիր է կնքել «Փլեյ Սիթի» զվարճանքների կենտրոնի ղեկավարության հետ, որով վերջինս պարտավորվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում «համապատասխան ծառայություններ մատուցել»:
Մենք արդեն գրել էինք, որ համաձայն պայմանագրի «Տեխնիկական բնութագրի»՝ Լուկաշենկոյի որդին 6 անգամ օգտվել է ավտոդրոմից, 11 անգամ՝ ավտոմատ խաղերից, 2 անգամ 7D կինոդահլիճից, 19 շրջան կարտինգ է քշել: Նույնատիպ պայմանագիր կնքվել է «Վալենսիա» համալիրի ստենդային հրաձգարանի հետ: Այստեղ Լուկաշենկոյի որդին կրակել է 115 հատ Տոզի, 123 հատ էլ՝ Կուրցի փամփուշտ: Ընդհանուր առմամբ՝ 2 պայմանագրով ՀՀ պետբյուջեից վճարվել է մոտ 200 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում էր գտնվում Սերժ Սարգսյանի հրավերով:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն է’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանին վատ բա՞ն է պատահել. Մամուլ’