‘Լրագրողը մտածում է էթիկայի հանձնաժողով դիմելու մասին, իսկ Վարդան Այվազյանը կրկին ստում է’

2285

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը, ում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ միջանցքում լեզվակռվի ժամանակ ասել էր, թե «վնգստում է», մտածում է՝ դիմե՞լ, թե ոչ ԱԺ էթիկայի հանձնաժողով:

«Մի կողմից մտածում եմ՝ մինչև հիմա դիմողներն ինչ օգուտ են ստացել: Չգիտեմ, էս պահին մտածում եմ»,- ասել է լրագրողը tert.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ այսօր Վարդան Այվազյանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ ԱԺ միջանցքում բանավեճի ժամանակ բացականչել էր՝ «Մի տեղ ցույց տուր, գողացածս»։ Գոհար Վեզիրյանն էլ միջամտել էր՝ ասելով, թե «Հետք»-ը գրել է այդ մասին։

Կայքը հիշեցնում է, որ նախորդ տարվա վերջին «Հետք»-ը հրապարակումների շարք էր սկսել այն մասին, որ 2008թ.-ին սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը վճիռ է կայացրել, որով ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պարտավոր է 37.5 մլն դոլար վճարել հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, որը 2006թ.-ին այն ժամանկվա բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին մեղադրել էր մի քանի միլիոն դոլար կաշառք պահանջելու մեջ:

Գոհար Վեզիրյանը վերլուծել է միջադեպը և հանգել է եզրակացության, որ Վարդան Այվազյանի իր խոսքով՝ հիստերիկ արձագանքը ընդամենն այն է ապացուցում, որ «Հետք»-ի հրապարակումներն իր մասով բացառապես ճշմարտություն են և այդ պատճառով է նա անհանգիստ:

Լրագրողն tert.am-ին ասել է, որ նախկինում բազմիցս հարցազրույցներ ու մեկնաբանություններ է վերցրել Վարդան Այվազյանից ու որևէ կոնֆլիկտ չեն ունեցել, սակայն ավելացրել է, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» այն բացառիկ թերթերից էր, որը «Հետք»-ի բոլոր հրապարակումները արտատպել է:

Tert.am-ը զրուցել է նաև Վարդան Այվազյանի հետ, ով ի պատասխան հարցի, թե չի ափսոսում լրագրողին «վնգստացող» անվանելու համար, ասել է, որ ոչ, եթե լրագրողն իրեն ասում է՝ «գող»: «Եթե նա ինձ ասում է՝ Դուք և ձեր նախագահը գող եք»,-ասաց Վարդան Այվազյանը:

Մեր կողմից նշենք, որ Վարդան Այվազյանը, ինչպես նաև իր ՀՀԿ-ական գործընկերները սովորություն ունեն հերքել անհերքելին: Տվյալ դեպքում պատգամավորը ստում է և սխալ է ներկայացնում այն միջադեպը, որը տեսագրված է և տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց աչքի առջև:

Նախորդ հոդվածը‘Սերգո Կարապետյանը լոլիկի թեմայով թեկնածուական թեզ է պաշտպանում’
Հաջորդ հոդվածը‘Մեղավոր է ճանաչվել` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար’