‘Լևոն Զուրաբյան. Ցանկացած իշխանություն կորցնում է լեգիտիմությունն այն պահից, երբ կրակում է ժողովրդի վրա (տեսանյութ)’

1438

ԱԺ-ում քննարկվում է մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Կոնգրեսի անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«2008 թվականի մարտի մեկին Հայաստանի իշխանություններն առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ` կրակեցին սեփական ժողովրդի վրա: Այդ իրադարձությունները խորը եւ ողբերգական վերք թողեցին մեր ժողովրդի հոգու մեջ: Արդեն 6-րդ տարի է, որ մարտի մեկին հայ ժողովուրդը հավաքվում է նշելու այդ ողբերգության օրը, որն իր պատմական նշանակությամբ հավասարվում է կառավարության կողմից ցուցարարների գնդակահարման այնպիսի դեպքերի հետ, ինչպիսիք են` 1962-ին  Նովոչերկասկյան գնդակահարումը Խորհրդային Միությունում, 1972-ին Արյունալի կիրակին Մեծ Բրիտանիայում, 1989-ին Տյանանմենի սպանդը Չինաստանում եւ արդեն բոլորովին վերջերս` մեր աչքերի առջեւ կատարված ողբերգական իրադարձությունները Կիեւյան Մայդանում:

Ժամանակակից աշխարհում ցանկացած իշխանություն կորցնում է լեգիտիմությունն այն պահից, երբ կրակում է ժողովրդի վրա: Սեփական ժողովրդի վրա կրակելու իշխանության որոշումը յուրահատուկ ինքնախոստովանություն է, որ իշխանությունն այլեւս չունի ոչ հոգեւոր, ոչ բարոյական ռեսուրս, ոչ էլ  հեղինակություն՝ հասարակության հետ իր հակամարտությունը՝ քաղաքական միջոցներով կարգավորելու համար:

Ցանկանում եմ բոլորիդ հիշեցնել, որ Յանուկովիչը, օրինակ, լեգիտիմորեն ընտրված նախագահ էր, ինչպես նաեւ՝ լեգիտիմորեն ընտրված էր իրեն աջակցող Ռեգիոնների կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում: Յանուկովիչը կորցրեց իր լեգիտիմությունն անմիջապես այն բանից հետո, երբ իր ռեժիմը սկսեց կրակել ցուցարարների վրա: Իհարկե, Հայաստանի իշխանությունները մարտի 1-ով չէ, որ կորցրեցին իրենց լեգիտիմությունը: Այս ռեժիմը շատ ավելի վատն է եւ շատ ավելի ոչ լեգիտիմ, քան Յանուկովիչի իշխանությունը: Հայաստանի իշխանությունները կորցրել էին իրենց լեգիտիմությունը բազմաթիվ ընտրությունների կեղծումով,  ինչպես նաեւ այնպիսի գարշելի ոճրագործությունների հետեւանքով,  ինչպիսին էին հոկտեմբերի 27-ի սպանդը խորհրդարանում եւ հանցագործության պարտակումը կազմակերպիչների մասով: Սակայն, մարտի 1-ն այնպիսի խարան է մեր պետության վրա եւ այնպիսի վերք` մեր ժողովրդի հոգում, որն ապաքինելու միայն մեկ ձեւ կա, այն է՝ հայտնաբերել եւ պատժել բոլոր հանցագործներին այնպես, ինչպես պահանջում է արդարադատությունը:

Անմեղ մարդկանց կյանք խլելը ոչ մի արդարացում չունի: Իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառումը ցուցարարների դեմ` հանցագործություն է, որը ոչ մի արդարացում չունի եւ չի կարող արդարացվել պետական շահի, անվտանգության եւ կայունության մասին ճամարտակություններով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ԵԽԽՎ-ում նախաձեռնել եմ մի գործընթաց, որի հետանքով ԵԽԽՎ-ն կուսումնասիրի մահաբեր զենքի գործածումը իշխանության կողմից ժողովրդի դեմ որպես մեծագույն չարիք՝ հաշվի առնելով մարտ մեկին Հայաստանում կատարված դեպքերը, ինչպես նաեւ Ուկրաինայում եւ այլ երկրներում կատարված դեպքերը:  

Ցանկանում եմ նաեւ պարզություն մտցնել մարտի 1-ի ոճրագործության համար  պատասխանատվության մասին մեր դիրքորոշումների վերաբերյալ: Իհարկե, մենք խորապես հարգում ենք անմեղության կանխավարկածը եւ խնդրի հանգուցալուծումը տեսնում ենք նրա մեջ, որ դատական պատասխանատվության կանչվեն բոլոր նրանք, ովքեր իրագործել են, հրահանգել են եւ կազմակերպել են այս սպանությունները, կատարել են այլ ապօրինի գործողություններ, կատարել կամ արձակել ապօրինի հրամաններ: Զուտ իրավական առումով ցանկացած մեղսագործի մեղքի բաժինը կորոշվի միայն դատարանի կողմից: Ուստի, այս պահին մեզ համար ամենակարեւորն այն է, որ արդարադատությունն առաջ գնա: Եվ այս պահին մենք կարող ենք մեղավոր համարել միայն նրանց, ովքեր խոչընդոտում են արդարադատությանը: Ընդ որում, պատասխանատվությունը կարող է լինել ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական: Մարտի 1-ի առաջարկված հանձնաժողովն առաջին հերթին արդարադատության խոչընդոտման վերացման հանձնաժողով է, որովհետեւ նրա նպատակն է բացահայտել եւ գնահատական տալ նրանց, ովքեր, ըստ էության, խոչընդոտել են արդարադատության իրականացմանը: Իսկ այսօր այս դահլիճում լուծվելու է, թե ով է քաղաքականապես պատասխանատու  արդարադատության խոչընդոտման համար: Եվ այս հարցում պատկերը բավականին պարզ է: Չորս խմբակցություններ դրել են մարտի 1-ի սպանությունների պարտակման եւ արդարադատության խոչընդոտման համար պատասխանատուների բացահայտման հարց, իսկ իշխող կոալիցիայի երկու կուսակցություն՝ փորձում են ամեն գնով տապալել հանձնաժողովի ստեղծումը եւ դառնում են արդարադատության խոչընդոտման գլխավոր դերակատարները:

Հասկացեք վերջապես, որ մարտի 1-ը մի ոճրագործություն չէ, որը կարելի է մարսել կամ որի էջը կարելի է փակված համարել, քանի դեռ կատարված չէ այս գործը:

Հոկտեմբերի 27-ի սպանությունից հետո երկիրը մոտ երկու տարի դուրս չէր գալիս ճգնաժամից:  Մարտի 1-ի սպանդից անցել է 6 տարի, եւ երկիրը շարունակում է ավելի ու ավելի խրվել ճգնաժամի մեջ: Ուստի մարտի 1–ի խնդրի հանգուցալուծումը ոչ միայն զոհերի հիշատակի հարգանքի ու նրանց ծնողներին պատասխան տալու, այլ նաեւ արդարադատության, Հայաստանի զարգացման եւ նրա բոլոր քաղաքացիների արժանապատվության վերականգնման խնդիր է:

Ես, պատահում է, սխալվում եմ եւ երբեմն ասում եմ, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ՀԱԿ-ի պահանջատիրության խնդիր է: Ո՛չ: Այդ հարցում պահանջատեր է Հայաստանի յուրաքանչյուր գիտակից քաղաքացի:

Այստեղ տեսակետ հնչեց, որ քանի դեռ 2008թ. բարիկադի տարբեր կողմերում գտնվող քաղաքական ուժերն այսօր էլ ակտիվ դերակատար են քաղաքականության մեջ, ապա  ճշմարտության բացահայտումը դժվար է՝ այդ ուժերի միջեւ ընթացող քաղաքական պայքարի պատճառով: Մենք էլ գիտենք, որ գալու է այն օրը, երբ մեր ժողովուրդը եւ պատմությունը կարդալու են 2008թ. այս ոճրագործությունը կատարած իշխանության դատավճիռը: Բայց այսօր մենք ձեզ շանս ենք առաջարկում՝ լինելով դեռ իշխանության մեջ, քայլ կատարել ինքնամաքրվելու նպատակով: Երբ դուք արդեն դերակատարություն չեք ունենա, ձեր բարոյական ընտրությունն այլեւս որեւէ արժեք չի ունենա: Մենք այդ շանսը տալիս ենք նրանց, ովքեր չկատարելով արյունահեղություն` չեն ցանկանում այդ արյունահեղության քաղաքական պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:

Այդուհանդերձ, մենք ձեզանից ոչինչ չենք պահանջում եւ ակնկալում: Մենք ոչ միամիտ ենք, ոչ էլ` անուղղելի լավատես: Դուք այն իշխանությունը չեք, որ ձեր մեջ բարոյական ուժ եւ արիություն գտնեք նման քայլ կատարելու համար: Դուք այսօր այդ քայլը չեք կատարի: Բայց հետագայում, վստահ եմ, կզղջաք բաց թողնված շանսի համար: Արդարությունը կվերականգնի այն իշխանությունը, որը կգա ձեզանից հետո, ինչպես դա եղավ Նովոչերկասկի եւ Հյուսիս-Իռլանդական արյունալի կիրակիի դեպքում:

2008 թվականին ՌԴ իշխանությունները ռեաբիլիտացրին Նովոչերկասկի բոլոր ցուցարարներին եւ քրեական գործ հարուցեցին այն ժամանակվա գործող իշխանությունների նկատմամբ: 2010 թվականին վերջապես ճանաչվեց արյունալի իրադարձություններին ցուցարարների վարկածը, եւ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը պետության անունից ներողություն խնդրեց Արյունալի կիրակիի համար: Բոլորիս պարտքն է այնպես անել, որ օր առաջ Հայաստանի իշխանությունները պատժեն մարտիմեկյան բոլոր մեղսագործներին եւ պետության անունից ներողություն խնդրեն ժողովրդից ու ցուցարարներից:

Եվ չկարծեք, որ այդ պահը կձգվի այնքան, ինչքան Բրիտանիայում կամ Ռուսաստանում: Ուկրաինայում հանցագործություն կատարած պաշտոնյաներն անմիջապես պատասխանատվության կանչվեցին, եւ ես վստահ եմ՝ անցած 6 տարին առանց այդ էլ չափազանց մեծ ժամանակ էր` մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»:

Հ.Գ. Ի դեպ, Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմելով վերջինիս՝ հայտարարեց, թե «խորհուրդ է տալիս չափերը չանցնել»: Ի պատասխան Զուրաբյանը հայտարարեց. «չափը 2008-ի մարտի 1-ին եք անցել»:

Հայտարարվեց մեկժամյա ընդմիջում, որից հետո ելույթով հանդես կգա հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը: 

Նախորդ հոդվածը‘ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մոտալուտ սնանկացման մասին լուրերը ընկերությունը հերքել է’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի ոսկերչական ընկերությունների համար ստեղծվում է ԱՏԳ’