‘Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին. Մամուլ’

1158

«Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին: Հանդիպումը տևել է մոտ քառասունհինգ րոպե: Առաջին նախագահի այս մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով: Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար:

Այս այցը կարևոր է նաև Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում: Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը մեզ տված հարցազրույցում հերքեց այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը:

ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնել՝ ի հիշատակ 2008 թվականի «Մարտի 1»-ի սպանդի ժամանակ զոհվածների: ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երևանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու, ինչպես նաև ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք դա լինելու է զուտ հիշատակի հանրահավաք, մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, թե նաև հնչելու են քաղաքական ելույթներ, Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեկ հայտնել են «ՀԺ» թղթակցին, դեռ չեն որոշել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Հերթական մութ գործարքը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եթե դիպուկահարը չվրիպեր, Սերժ Սարգսյանը լինելու էր պարզապես շարքային թեկնածու. Մամուլ’