‘Լ. Զուրաբյանն առաջարկում է «օֆշորային պատմությունը» քննել ԱԺ-ում. Տեսանյութ’

1391

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, հետաքրքվեց.

«Hetq.am-ը փաստեր հրապարակեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում գրանցել է «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերությունը: Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ ադամանդագործության հետ կապված մի ծրագրի իրականացման նպատակով, վարչապետ Տիգրան Սարգսյանի միջնորդությամբ՝ «Ամերիա» բանկը տրամադրել է 10.7 մլն դոլար, վարկային միջոցները չեն ծառայել վարկային նպատակներին, իսկ Տիգրան Սարգսյանին պատկանող օֆշորային ընկերության հաշվին փոխանցվել է 350 հազ. դոլար:

Հրապարակումից կարելի է եզրակացնել, որ օգնելով անբարեխիղճ ձեռնարկատիրոջը վարկ ստանալու և այդ միջոցները յուրացնելու հարցում՝ Տիգրան Սարգսյանը, որպես պարգևատրում, ստացել է 350 հազ դոլար:

Պրն. Վարչապետ, Դուք հերյուրանք համարեցիք, նշեցիք, որ փաստաթղթերը կեղծ են, ըստ էության՝ ապօրինաբար են օգտագործել Ձեր անունը:

Քանի որ ձեր պարզաբանումները ոչ թե փարատեցին այդ կասկածները, այլ նոր հարցերի պատճառ դարձան, ապա ուզում եմ ձեզնից ստանալ հետևյալ հարցերի պատասխանը:

  1. Փաստորեն՝ Ձեր բացատրությունից հետևում է, որ Ձեր անվան վարկաբեկման նպատակով որոշ չարագործներ հսկայական գումաներ են ծախսել օֆշորում ընկերություն բացելու և դրա հաշվին մեծ փոխանցումներ կատարելու համար: Դուք ասացիք, որ նման անհեթեթ միխանիզմ չի կարող լինել: Իսկ վարկաբեկման նման ծախսատար ձևը անհեթեթ չե՞ք համարում:
  2. Դուք անձամբ ճանաչո՞ւմ եք Աշոտ Սուքիասյանին և Փայլակ Հայրապետյանին, երբևէ նրանց հետ քննարկե՞լ եք ադամանդագործության հետ կապված հարցեր:
  3. Արդյո՞ք որպես ԿԲ-ի նախկին նախագահ՝ Դուք հնարավոր եք համարում, որ ձեր կողմից մշակված բանկային գործունեության կարգավորման շրջանակներում հնարավոր է առանց լուրջ երաշխիքների վարկ տալ ինչ-որ չարագործի:
  4. Չե՞ք կարծում, որ ձեր բարի անունը պաշտպանելու համար պետք է նախաձեռնեք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր այս սկանդալը, կմաքրեր ձեր անարատ անունը»:

Ի պատասխան խմբակցության ղեկավարի հարցադրումների՝ վարչապետն ասաց, որ եթե ընդունի Լևոն Զուրաբյանի առաջարկը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ապա պատգամավորները գիշեր-ցերեկ պետք է զբաղվեն միայն մամուլի հրապարակած «լուրերի» հետաքննությամբ: Նրա խոսքով՝ ինքն արդեն իսկ տվել է բավարար բացատրություններ, միևնույն ժամանակ՝ հերքեց, որ երբևէ իր միջնորդությամբ վարկ է տրամադրվել, այն էլ՝ 10 մլն դոլար:  Վարչապետը դրանով սահմանափակվեց և, ըստ էության՝ չպատասխանեց Լևոն Զուրաբյանի մյուս հարցերին:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը գիտի իր վրա կրակողի անունը’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանին տեղ գտնվեց, իսկ Օզբիլիզին՝ ոչ’