‘Ջոն Բրեդլի. Մխիթարյանը «Լիվերպուլում» առանցքային դեր կխաղա’

823

ESPN հեռուստաալիքի մարզական վերլուծաբան Ջոն Բրեդլին Sport-Express-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը Անգլիա:

«Դեռ երեք տարի առաջ, երբ ես Հենրիխին տեսա Դոնեցկի «Մետալուրգում» խաղալիս, ասել եմ, որ այդ տղային մեծ ապագա է սպասվում: Զարմանալի չէ, որ նա շուտով տեղափոխվեց նույն քաղաքի ավելի հեղինակավոր ակումբ, որտեղ արդեն ցույց տվեց իր ողջ ներուժը: Ինձ միշտ զարմացնում էր, թե որքան հեշտ է նա խաղում ցանկացած դիրքում:

Գիտեմ, որ Մխիթարյանը բավական լուրջ եւ խելացի մարդ է, գիտի հինգ լեզու: Դա երեւում է դաշտում նրա գործողություններից: Հիանալի է կարդում խաղը, հստակ գիտակցում է, թե դաշտի որ հատվածում եւ երբ պետք է գտնվի, որպեսզի առավելագույնս օգտակար լինի: Ցավոք սրտի, ժամանակակից ֆուտբոլիստների համար դա հազվագյուտ հատկանիշ է: Հենց դրա շնորհիվ ժամանակին իրենց անունը համաշխարհային ֆուտբոլում գրեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Փոլ Սքոուլզը եւ Սթիվեն Ջերարդը:

Որքան գիտեմ, Հենրիխը նաեւ կարգապահ է խաղադաշտից դուրս՝ ի տարբերություն հետխորհրդային տարածքից Եվրոպայում խաղացած այլ ֆուտբոլիստների:

«Լիվերպուլում» ես նրան տեսնում եմ ենթահարձակվողի դիրքում՝ 4-2-3-1 մարտավարությամբ: Չեմ կասկածում, որ նա շատ արագ լեզու կգտնի Ջերարդի հետ, որի հետ միասին բազմաթիվ գոլային պահեր կստեղծեն: Բրենդան Ռոջերսը հիանալի հարձակողական թիմ է կառուցում եւ վստահ եմ, որ Մխիթարյանը այնտեղ առանցքային դեր կխաղա»,- ասել է Բրեդլին:

Նախորդ հոդվածը‘Լ Զուրաբյան. Եթե կա ինչ-որ մեկը, որին կարելի է մեղադրել ներդրումները վանելու համար, դա իշխանությունն է. Թարմացված, Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Կարծես, նոր իմացան, որ երկրում կա պետական բյուջեի գանձագողություն’