‘Լ. Զուրաբյան. Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն խնդիրը Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի ոչ լեգիտիմությունն է (Տեսանյութ)’

1807

Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում «Հայաստան-Եվրոպա: Առասպելներ, Մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ նշեց. «2013թ. կարելի է համարել հավասարակշռված արտաքին քաղաքականության եթե ոչ վերջնական կործանման, ապա տապալման տարի, հուսով ենք՝ ժամանակավոր տապալման»:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ ցանկացած երկիր պետք է ձգտի մշտապես պահպանել ընտրության կամ այլընտրանքի հնարավորությունը, և դա է եղել նախագահ Տեր-Պետրոսյանի հաստատած արտաքին քաղաքականության դոկտրինը անկախությունից ի վեր: 1991թ-ից սկսած՝ Հայաստանը փորձել է հարաբերությունները խորացնել բոլոր գերտերությունների և հարևանների հետ՝ լինի դա Ռուսաստանը, Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Չինաստանը թե Իրանը, ինչպես նաև ձգտել է բարելավել հարաբերությունները անմիջական հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Այսինքն, Տեր-Պետրոսյանի հայեցակարգը եղել է՝ բոլոր ուղղություններով զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև դա է, որ ամրապնդում է երկրի անկախությունը:

Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակին, նշեց, որ կատարվածը այլ կերպ, քան ձախողում՝ չի կարող ներկայացնել: ԵՄ-ն կորցրել է իր վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, դրան գումարած՝ Ռուսաստանն էլ է կորցրել իր վստահությունը մեր երկրի հանդեպ:

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ հիմնական սխալն այն էր, որ Հայաստանի իշխանությունները այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որը մեզ կանգնեցրեց ընտրության առջև: Այս առումով, ըստ Զուրաբյանի՝ անտեսվել է հիմնական հարցը, որին այդպես էլ պատասխան չի տրվել, այն է՝ «Հնարավո՞ր է արդյոք լինել անվտանգության համակարգում՝ Ռուսաստանի հետ, և միևնույն ժամանակ՝ տնտեսական համակագում՝ Եվրոպայի հետ»:

«Ակնհայտ է, որ եթե այդ հարցին անկեղծ պատասխանեին, ապա Ռուսաստանի վերջնական պատասխանը ավելի կանխատեսելի կլիներ: Եթե Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման քաղաքականության ճարտարապետները պատասխանատու մոտենային Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցման ծրագրին, նրանք, առաջին հերթին, պետք է բավարար ինտելեկտուալ անկեղծություն և ազնվություն ունենային՝ հասկանալու համար, որ Եվրոպայի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրացման չափազանց արմատական քայլերը կընկալվեին Ռուսաստանի կողմից որպես Արևմուտքի ազդեցության անընդունելի աճի վտանգ: Այս ընկալումը ավելի շատ ահագնացավ, քանի որ բանակցությունների գերգաղտնի ընթացքը ստեղծեց անվստահության մթնոլորտ, և ամբողջ գործընթացը վերածեց Հայաստանի համար Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև մրցակցության»,,-հայտարարեց Զուրաբյանը:

Զուրաբյանը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները հաշվետու չեն հասարակությանը և քաղաքական ուժերին, ու թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ բանակցել են գերգաղտնի պայմաններում: Զուրաբյանը հիշեցրեց վերջերս բացահայտված տեղեկությունը, թե դեռևս մեկ տարի առաջ ստեղծվել էր գաղտնի խումբ, որը պետք է բանակցություններ վարեր Ռուսաստանի հետ  Մաքսային միություն մտնելու վերաբերյալ:

Զուրաբյանը նշեց նաև, որ ԵՄ-ի հետ ևս բանակցությունները վարվել են գերգաղտնի պայմաններում, և որևէ մեկը՝ թե՛ ԱԺ-ում և թե՛ առհասարակ երկրում, չի իմացել, թե որն է Ասոցացման համաձայնագրի էությունը:

Կոնգրեսի փոխնախագահը, հիշելով իր և ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Ֆյուլեի հանդիպման մասին՝ նշեց, որ հանդիպման ժամանակ ինքը, դիմելով Ֆյուլեին՝ ասել է, որ իրենք չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ պայմանագիրը, ինչին ի պատասխան՝ Ֆյուլեն պատասխանել է, որ ընդհանուր առմամբ՝ պարզ է, թե ինչ է Ասոցացման պայմանագիրը, բայց երբ Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից հարց է բարձրացվել, թե ի՞նչ հատուկ խնդիրներ կան, որ կապված են Հայաստանի հետ, որևէ պատասխան չի հնչել:

«Ընդհանրապես՝ ամբողջ պրոցեսը պահվում էր գաղտնի, և սա ամբողջ գործընթացը վերածեց անվստահելի մթնոլորտում անցկացվող մի գործընթացի, որտեղ Ռուսաստանը և ԵՄ-ն կորցրին իրենց վստահությունը այդ պրոցեսի նկատմամբ»,-հավելեց ՀԱԿ փոխնախագահը:

Հղում կատարելով Վիկիլիքսի հրապարակումներին՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ արևմտյան որոշ դիվանագետներ՝ Լեհաստանից, Շվեդիայից, Լիտվայից, Հայաստանի եվրաինտեգրացիայի գործընթացը դիտել են որպես Ռուսաստանից Հայաստանը կտրելու և այն ԵՄ տանելու հնարավորություն, որն էլ, իր հերթին, մեծացրեց ամբողջ գործընթացի նկատմամբ անվստահությունը:

Լևոն Զուրաբյանը իրավիճակի բարդացման մեջ մեղադրեց նաև Հայաստանի արևմտամետ և ռուսամետ լոբբիներին: «Արևմտյան լոբբին զբաղված էր Ռուսաստանին հայհոյելով, Պուտինի դեմոնիզացիայով, իսկ ռուսամետ լոբբին մեկ այլ կեղտոտ հնարք էր գործածում՝ պարզվում էր, որ եվրոպական արժեքներն  ընդամենը հոմոսեքսուալիզմի քարոզչության համար են ստեղծված, և այսպիսի կեղտոտ փաստարկներով երկու լոբբիներն էլ փորձում էին թունավորել մեր հասարակությունը»,- նկատեց  Զուրաբյանը:

Զուրաբյանը այնուհետև անցում կատարելով հարցին, թե եթե ՀԱԿ-ն լիներ իշխանության, ինչպես կգործեր այդ պարագայում՝ հայտարարեց, որ առաջին հերթին՝ պետք է հստակ գործեր մաքոքային գործընթաց, որը կերաշխավորեր անվստահության տարրերի բացառումը և՛  ԵՄ-ի կողմից, և՛ Ռուսաստանի հետ, պետք է լիներ բաց բանակցային գործընթաց:

ՀԱԿ փոխնախագահը հայտարարեց. «Ամեն ինչ պետք է արվեր բաց, թե՛ Բրյուսելում և թե՛ Մոսկվայում, այս հարցի շուրջ բանակցությունները չպետք է դառնային հակամարտության պատճառ»:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի շատ կոնկրետ հատվածներ, դրույթներ պետք է նաև բանակցվեին Ռուսաստանի հետ՝ հասկանալու համար արդյոք անհամատեղելի խնդիրներ չեն առաջանում Ռուսաստանի շահերի հետ, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանը կարող էր շատ ծանր արձագանք տալ: Զուրաբյանը հայտարեց, որ այդ վարվելաձևը մեր ինքնիշխանության համար որևէ խնդիր չէր առաջացնի, իսկ այժմ ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը ամբողջությամբ չեղյալ դարձրեց այդ ամբողջ պայմանագիրը և հանգիստ պարտադրեց այն, ինչ ուզում էր, մինչդեռ եթե պրոցեսը կրեր մաքոքային բնույթ թե՛ ԵՄ-ի և թե՛ Ռուսաստանի հետ, ապա որոշակի դրույթների հաշվին կհաջողվեր փրկել ամբողջ գաղափարը, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը և ինչու ոչ՝ DCFTA-ը:

Զուրաբյանը Ռուսաստանի կոշտ հակազդեցությունը պայմանավորեց այն հանգամանքով, որ Ռուսաստանը վտանգ տեսավ, թե Հայաստանը կարող էր անընդունելի չափի մերձեցնել իր հարաբերությունները Եվրոպական Միության հետ:

Կոնգրեսի փոխնախագահը, մեկնաբանելով Հայաստանի նկատմամբ ԵՄ  վարքագիծը, հայտարարեց, որ ԵՄ-ն, քանի տարի է՝ հետևողականորեն աչք էր փակում Հայաստանում կատարվող օրինախախտումների, մարդու իրավուքների ոտնահարումների և ընտրությունների արդյունքների կեղծման վրա, ԵՄ-ն ի սկզբանե չպետք է վստահեր Սերժ Սարգսյանին, որ այժմ չհայտնվեր հիասթափված վիճակում:

Զուրաբյանը, խոսելով Հայաստանի ինքնիշխանության առջև կանգնած խնդիրների մասին նշեց. «Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն խնդիրը Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի ոչ լեգիտիմությունն է: Եթե մենք  չազատվենք այդ ռեժիմից, եթե մենք Հայաստանում չստեղծենք ընտրովի իշխանություն, որը ունի իր ամբողջ ժողովրդի աջակցությունը, որի թիկունքին կանգնած է ամբողջ ժողովուրդը, մենք ինքնիշխանության հարց չենք լուծի: Չի կարող կոռուպցիայի մեջ թաղված, խոցելի բռնապետը պետական շահը տանի միջազգային ասպարեզներում»:

ՀԱԿ փոխնախագահը այնուհետև, համաժողովին ներկա եվրոպական դիվանագետներին, տարբեր քաղաքական և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների ներկայացնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ Հայ ազգային կոնգրեսի ճանապարհային քարտեզը, հայտարարեց. «Մենք պետք է լուծենք Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ այս ռեժիմի հարցը, այսինքն՝ նա պետք է հեռանա իշխանությունից, և պետք է ընտրվի իշխանություն, որը արտահայտում է հայ ժողովրդի կամքը: Դրանից հետո կմեկնարկի մի գործընթաց, որը Հայաստանի նկատմամբ կվերականգնի Ռուսաստանի և Եվրոպական Միության վստահությունը: Երբ այդ վստահությունը վերականգնվի, մենք պետք է նորից սկսենք կառուցել հարաբերությունները Եվրոպական Միության հետ, և վերաբանակցենք Եվրոասոցացման պայմանագիրը և Խորը, համապարփակ ազատ առտևտրի գոտու պայմանագիրը»: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Այո՝ հայաստանակենտրոնություն’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել են արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներն ‘