‘Խմբագրական. Այո՝ հայաստանակենտրոնություն’

3071

Հետաքրքիր է, որ նույնիսկ արտաքին քաղաքականության աննախադեպ տապալման պարագայում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են, եթե չասենք՝ է՛լ ավելի թափ են հաղորդում իրենց համար սովորական «մուտիլովկեքին»: Դատելով իշխանության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ դաշտի «տվայտանքներից»՝ մի նոր, չափազանց «խորամանկ» պլան է մշակվել (ունե՞ք արդյոք պլան, միստեր Ֆիքս՝ ոճի): Ընդհանրապես՝ իշխանությունն այժմ ամենեւին էլ դեմ չէ, որպեսզի երկրում ծավալվի «արեւմտամետ» մի շարժում, որը, դեմ արտահայտվելով Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելուն, միաժամանակ՝ առաջ չքաշի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ առաջնորդելով մեզ դոնկիխոտյան պայքարի արտաքին թիրախների դեմ: Ի դեպ, այստեղ պետք է նշենք, որ Սերժ Սարգսյանին հայհոյելը, նրան անվանարկելը ամենեւին էլ չի հակասում ծրագրին, քանզի հայհոյելը քաղաքական պահանջ չէ. կարեւորը՝ հրաժարականի օրակարգային խնդիրը լղոզվի, չհնչեցվի, ցրվի: Թե չէ Սերժին հայհոյելը, որոշ՝ «հայրենիքի» համար կարեւոր դեպքերում, ամենեւին էլ չի հակասում Սերժի իսկ վերահսկսղության տակ գտնվող հասարակական միավորների ոճին (դասական օրինակներ ունենք այս առումով, որոնց մասին չարժե անգամ հիշեցնել):

Որքան կարելի է կռահել այս պահին, այդ «շուստրի» ծրագրի մասը կազմում է …. անդրափնյա (կարելի է ասել՝ ծովահեն), այլ կերպ ասած՝ օֆշորային գործերի մեծ վարպետ եւ ասպետ, հարգարժան Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ վարչապետը: Հույժ գաղտնի պլանը սպասարկելու նպատակով բացված կայքերից մեկն, օրինակ, աչքով-ունքով է տալիս մեզ, թե բա գիտեք, Տիգրան Սարգսյանը հոգու խորքում դեմ է Մաքսային միության մասին որոշմանը, նա պատրաստ է Սերժի թիկունքում պայքարել դրա դեմ (Սերժն էլ, իհարկե, թերթ չի կարդում ու չի նկատում այս ուղերձները): Իհարկե, այս պետական գաղտնիքը պարունակող ուղերձը նույնպես փոխանցվում է մեզ այնպիսի տոնայնությամբ, կարծես փոխանցողը ոչ միայն կապ չունի ՀՀ վարչապետի հետ, այլեւ անձնական հակակրանք ունի նրա նկատմամբ: Բայց դրանք արդեն մանրամասներ են, կարեւորը «մուտիլովկեն» տեղ հասցնելն է: Իսկ ո՞վ է խանգարում երկրի առաջադեմ ուժերին ՀՀ վարչապետի կուլիսային առաջնորդությամբ պայքարել վասն հայրենյաց: Պարզ է՝ Հայաստանի ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, ինչպես նաեւ ….հայաստանակենտրոնության քաղաքական հայեցակարգը:

Երեխեքին տանը մենակ չթողնելու մասին

Այս վերջին կետի վրա մի փոքր կանգ առնենք: Անկեղծ ասած՝ ընդհանրապես խմբագրականով չէինք անդարադառնա այս մանր «խլրտոցներին», այն էլ՝ այս արեւոտ «ազիզ օրով», եթե չլիներ այս վերջին՝ գաղափարական հանգամանքը: «Մուտիտը»՝ «մուտիտ», բայց հայաստանակենտրոնության կամ նման թեմաներից խոսելը հաստատ ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց հովանավորյալ «գրող-մրողների» խելքի բանը չէ: Թույլատրել, որպեսզի այդ մարդիկ մտնեն քաղաքականությունը հիմնավորող տեսական բարձր ոլորտ՝ նույնն է, թե երեխեքին թողնել տանը մենակ՝ տալով նրանց ձեռքը ատրճանակ, մի կանիստր բենզին ու լիքը լուցկի. վերադարձին տան փոխարեն կգտնեք մոխիր, ավերակներ եւ դիակներ: Սա չափազանցություն չէ: Հայոց իշխանական եւ «ինտելեկտուալ» ջոջերի (ինչպես նաեւ նրանց կից պստոների) խաղերը հասկացությունների, գաղափարների, մտքերի հետ ենթակա են անչափահասության եւ անմեղսունակության մասին բոլոր օրենքներին եւ պատկերացումներին:

Ի՞նչն է խնդիրը: Ուրեմն, տղերքը որոշել են մեծական խաղեր խաղալ եւ հիմնավորել, որ ճիշտը կողմնորոշային արտաքին քաղաքականությունն է, իսկ դրան դեմ հանդես եկող հայաստանակենտրոնությունը սխալ է: Թեման վաղուց է հասունանում, քանի որ վաղուց է, ինչ իշխանության քարոզչամեքենա կայքերում փորձ է արվում ռեւիզիայի ենթարկել ցայսօր ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած մոտեցումները: Հետեւաբար՝ լավ առիթ է մի փոքր պարզաբանելու այս խնդիրները:

Հայաստանակենտրոնության հիմքերը

Նախ՝ ի՞նչ է եւ ինչ չէ հայաստանակենտրոնությունը: Սա, իհարկե, հստակ սահմանված եզր չէ, այլ ավելի շուտ՝ մեր հրապարակախոսության մեջ տարածում գտած մի ձեւակերպում, որը կարելի է բավականին լայն սահմաններում հասկանալ, բայց որի էությունը, կարծում ենք, հնարավոր է բացել մի քանի մատչելի պարզաբանումներով:

1. Հայաստանակենտրոնությունը նախ հոգեբանական դիտակետի խնդիր է՝ աշխարհը եւ հատկապես ՝քաղաքական հոլովույթները դիտարկել Հայաստանից՝ կենտրոնում ունենալով Հայաստանը: Թվում է, թե սա ինքնին պարզ բան է, բայց, եթե խոսենք օրինակներով, հասկանալի պետք է դառնա, որ դա այնքան էլ այդպես չէ հայկական իրականության համար: Այսպես, ժամանակին մեր ազգային-ազատագրական պայքարը ծավալվեց՝ առաջնորդվելով ոչ թե բուն Հայաստանից, այլ հայաշատ գաղութներից: Սա դիտակետի շեղում էր եւ ունեցավ կարեւոր բացասական հետեւանքներ՝ գաղութաբնակները ճշգրիտ պատկերացում չունեին հայաստանյան իրականությունից եւ պատրաստ էին, ապավինելով արտաքին ուժերի ենթադրյալ աջակցությանը՝ ապստամբեցնել երկիրը: Այս ռազմավարության արդյունքը բոլորս էլ գիտենք, եւ հենց այն ժամանակվա հեղափոխական կուսակցությունների մեջ իսկ մի պահից առաջացան հոսանքներ, որոնք, գործելով երկրի ներսում եւ հենվելով երկրի մարդկանց վրա, առաջինը փորձեցին ձեւակերպել հայաստանակենտրոն մոտեցումներ: Անկախ նրանից, սակայն, որ հայկական քաղաքականությունը վաղուց ձեւակերպվում է հիմնականում Հայաստանի ներսում, այլ ոչ թե գաղութներում, միեւնույն է, ավանդական քաղաքական մտածելակերպի ազդեցությունն առավել քան զգալի է ցայսօր, ուրեմն եւ հայաստանակենտրոնության շեշտադրումն՝ արդիական:

2. Հայաստանակենտրոնությունն, ուրեմն, ենթադրում է երկրի ներքին պայմաններից բխող եւ ներքին ռեսուրսների հաշվարկի վրա հիմնված քաղաքականություն: Այլ կերպ ասած՝ իդեալի (ցանկալիի) եւ իրապաշատականի կամ իրագործելիի հավասարակշռություն: Մենք կարող ենք միայն այնպիսի այս պահի նպատակներ դնել մեր առջեւ, որոնք հիմնականում իրագործելի են մեր ներքին ուժերի միջոցով: Բնականաբար, սա չի բացառում արտաքին ուժերի հետ համագործակցություն, բայց արտաքին ուժի հաշվարկը չի կարող գերակայող լինել, իսկ հարաբերություններն արտաքին ուժերի հետ՝ «ֆորպոստային-գեոպոլիտիկ»:

3. Հայաստանակենտրոնությունը ենթադրում է պետական անկախություն ունեցող ազգին բնորոշ պատասխանատվության աստիճան: Այստեղ կրկին հակադրություն կա ավանդական հայկական քաղաքական ռազմավարությանը, որը կառուցվել է պետության բացակայության պայմաններում: Օտարի հովանավորության տակ համայնքային կարգավիճակում գտնվող ժողովուրդը կարող է իրեն թույլ տալ հոխորտալ իրենից շատ ավելի ուժեղների հասցեին, ասենք՝ ռուսների թիկունքում թուրքերի հասցեին, առանց իր ուժերի հաշվարկման, կարող է իրեն թույլ տալ քնարական զեղումներ, կամ էլ հայհոյանքն ու լուտանքը համարել շիտակ քաղաքական դիրքորոշման չափանիշ, բայց պետական պատասխանատվությունը ենթադրում է հասունության վկայական եւ համապատասխան կշռադատված մոտեցում, որի շրջանակներում ուղիղ բախումը, եթե այն հիմնված չէ հստակ ռեսուրսային առավելության վրա, խնդիրների լուծման լավագույն ճանապարհը չէ (ընդհանրապես, մեր մեջ ասած՝ ճակատային բախումից բացի՝ պայքարի բազմաթիվ այլ ձեւեր կան):

4. Հայաստանակենտրոնությունը ենթադրում է իր հիմքում իրական, կոնկրետ հայրենասիրություն: Ի՞նչ է դա: Կարելի է շատ ճոռոմ խոսքեր նվիրել Հայաստանին, համարել այն աշխարհի հնագույն, հզորագույն, սրբագույն երկիր, բայց դա կենացային, վերացական հայրենասիրություն է, որը նույնպես հարիր է գաղութին կամ համայնքին: Իրապաշտական, կոնկրետ հայրենասիրությունը, սակայն, ճանաչում է, սիրում է եւ ցավն է տանում կոնկրետ երկրի, կոնկրետ մարդկանց՝ իրենց բոլոր թուլություներով, թերություններով հանդերձ. այն ոչ գերագնահատում է, ոչ էլ թերագնահատում է իր երկիրն ու իր ժողովուրդն ու նրա ուժերը: Սա էլ մի օրինակով բացենք: Ասում են, որ մեր երկրորդ էշելոնի քաղաքական գործիչներից մեկը (անունը չենք տալիս, քանի որ տեղեկատվությունը բանավոր է) վերջերս հայտարարել է, որ եթե մենք ասում ենք, թե ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ուրեմն ինչո՞ւ պետք է վախենանք Արցախում պատերազմը վերսկսելու շանտաժից, այո՛, եւ եթե պետք լինի, մենք պետք է նաեւ դիմակայենք ռազմաճակատում: Եթե պետք լինի, անշո՛ւշտ, դիմակայելն անհրաժեշտություն է, սակայն իր երկիրն իրապես ճանաչող ու սիրող մարդը չի կարող չհասկանալ, թե ինչ ասել է պատերազմ, որ պատերազմի հասցրած վնասները, այն էլ՝ այսօրվա աշխարհում, լոկ խոսքեր չեն, եւ որ ցանկացած պատասխանատու գործիչ այլ հավասար պայմաններում պետք է խուսափի իր երկիրն ու իր ժողովրդին պատերազմի մեջ ներգրավելու վտանգից:

5. Հայաստանակենտրոնությունը բնավ չի նշանակում մեկուսացում եւ ինտեգրացիոն գործընթացներին չմասնակցություն: Խոսքը «մենք ենք, մեր սարերը» ինքնամփոփման մասին չէ, ինչպես միգուցե շատերը պատկերացնում են: Ո՛չ՝ վերը նշած բոլոր կետերի պահպանման պայմանով, հայաստանակենտրոնությունը ենթադրում է հարաբերությունների զարգացում արտաքին ցանկացած ուժի հետ եւ ինտեգրում երկրի շահերից բխող գերադասելի ուղղությամբ: Բայց այն, ինչը հայաստանակենտրոնությունը մերժելով մերժում է՝ երկրի ֆորպոստացումն է, այսինքն՝ հայրենիքը աշխարհաքաղաքական ուժերի բախման կենտրոն դարձնելը, Հայաստանը որպես արտաքին ուժերի, դոկտրինների, շահերի մրցակցության դաշտ ընկալելը, Հայաստանից բարձր գերակա քաղաքական շահ ունենալը: «Կողմնորոշային» եւ հայաստանակենտրոն մոտեցումների բախումը նոր չէ մեր պատմության մեջ, եւ պետք է նշենք, որ կողմնորոշայինը միշտ էլ բերել է երկրի մասնատմանը եւ անկախության կորստին՝ Արշակունիների, Բագրատունիների, Կիլիկիայի օրոք, էլ չասած՝ հայրենիքի ու ժողովորդի կորստյան մասին 20-րդ դարի սկզբում:

Նժդեհից մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյան

Իսկ եթե կարճ, ապա՝ «մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որեւէ գերտերության: Մենք ո՛չ արեւմտամետ պիտի լինենք, ո՛չ ռուսամետ, միակ կողմնորոշումը որեւէ ազգի դեռ բարիք չի բերել, որովհետեւ դա ստեղծել է որոշ բարեկամներ, բայց ստեղծել է նաեւ բազմաթիվ թշնամիներ» (Լեւոն Տեր-Պետրոսյան): Իսկ եթե ոմանց համար ավելի համոզիչ են այլ հեղինակություններ, ապա՝ «…ռուսական կամ արեւմտյան կողմնորոշման … ձգտող քաղաքական խմբավորումներ, որոնց խելակորույս, ազգային տեսակետից անիմաստ բախումների հետեւանքով մեծապես դյուրացավ Հայաստանի անկումը եւ բաժանումը Ռուսիո եւ Թուրքիո միջեւ» (Գարեգին Նժդեհ): 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն խնդիրը Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի ոչ լեգիտիմությունն է (Տեսանյութ)’