‘Լ.Զուրաբյան. Տնտեսական աճ արձանագրած երկիրը ինչպե՞ս կարող է լքել 250 հազար մարդ ‘

1612

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ այսօրվա նիստում 2012թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարց ուղղելիս նախ հայտարարեց, թե ներկայացված հաշվետվության համաձայն, գնումների ոլորտում ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 207մլրդ դրամ կամ կես մլրդ դոլար, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության համաձայն այդ ոլորտում խախտումները կրում են համակարգային բնույթ: Այնուհետեւ ՎՊ հաշվետվությունից բերելով օրինակներ, Լեւոն Զուրաբյանը հարցրեց. «Փաստորեն, խոսքը գնում է պետական միջոցների համակարգային մսխման, վատման, գողացման մասին: Բերված օրինակներում տեսնում ենք, որ մի դեպքում պետական միջոցներից 50 տոկոս է մսխվել, մի դեպքում` 80 տոկոս: Ուստի ինձ հետաքրքրում է` այս հաշվետվությունը կազմելիս գնումների ոլորտում որեւէ ուսումնասիրություն արե՞լ եք, թե փողերի ո՞ր տոկոսն է վատնվում, գողացվում, մսխվում կամ անարդյունավետ ծախսվում»: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ պետական գնումների ոլորտում բնական է, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: «Այդ խնդիրների մի մասը կրում է օբյեկտիվ բնույթ, մի մասը` սուբյեկտիվ բնույթ: Բայց, այնուամենայնիվ, կառավարությունն ունի խնդրի լուծման համապատասխան ծրագիր, քայլերի հերթականություն»,- ասաց նախարարը` հավելելով, որ կառավարությունը համաձայն է ՎՊ-ի դիտարկումների հետ եւ մի շարք փոփոխություններ արդեն իսկ նախաձեռնել է:
Արձագանքելով ֆինանսների նախարարին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց. «Ես շատ պարզ հարց տվեցի, եւ դուք այդ հարցին չպատասխանեցիք: Իսկ ես ընդամենը հարցրեցի, թե դուք գնահատե՞լ եք արդյոք` որքա՞ն միջոց է մսխվում, վատնվում: ՎՊ-ն ինչ-որ գնահատականներ տվել է: Դուք գնահատե՞լ եք, թե այդ կես միլիարդ դոլարից ինչքա՞նն է գողացվում, ինչքա՞նն է անարդյունավետ ծախսվում»: Լ.Զուրաբյանը նաեւ ասաց. «Ցանկանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս են համատեղվում հինգ տարվա տնտեսական աճի մասին ձեր գնահատականները վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք 250 հազար արտագաղթած մարդկանց թվի հետ: Ինչպե՞ս է համատեղվում տնտեսության մեջ հոյակապ բարգավաճումը այս արտագաղթի հետ, եւ արդյոք հնարավոր է նման թվեր արձանագրվեն:
Ֆինանսների նախարարը նշեց, թե դա հնարավոր է: «1995, 1996, 1997 թվականներին մենք նույնպես ունեցել ենք բավականին պատկառելի տնտեսական աճ եւ, միևնույն ժամանակ՝ արտագաղթի եթե ոչ նույն չափով թվաքանակ»:
Այնուհետեւ, ՀՀ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղելիս Լեւոն Զուրաբյանը շարունակեց այս թեման. «Ես հասկանում եմ, որ այս հարցը միգուցե այնքան էլ ձեր պաշտոնին չի համապատասխանում, բայց ես այստեղ ձեզ ընկալում եմ որպես կառավարության թիմի ներկայացուցիչ, լիազոր ներկայացուցիչ: Եվ շարունակում եմ այն բանավեճը, որ տեղի ունեցավ: Ես նորից ուզում եմ ձեզ ուղղել այս այս հարցը. որեւէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե տնտեսական աճ արձանագրած երկիրը ինչպե՞ս կարող է լքել 250 հազար մարդ»: Լ.Զուրաբյան նաեւ նշեց. «Հայաստանի պատմության մեջ արտագաղթ տեղի չի ունեցել խաղաղ պայմաններում: Արտագաղթ Հայաստանից տեղի է ունեցել 1991-1994թթ., երբ մենք գտնվում էինք պատերազմական վիճակի մեջ: Ընդ որում, ինչպես նոր ճշտեցինք պարոն Բագրատյանի հետ, արտագաղթի մեծ մասը կապված է Ադրբեջանից Հայաստան ներգաղթած հայերի հետ, որոնց մուտքը Հայաստան չէր արձանագրվել, բայց երբ նրանք արտագաղթում էին, դա արձանագրվեց: 1994թ. հետո, պատերազմի ավարտից հետո` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է միայն ներգաղթ: Սերժ Սարգսյանի օրոք` 5 տարվա ընթացքում խաղաղ պայմանների օրոք, տեղի է ունենում արտագաղթ: Բայց նաեւ տեղի է ունենում ՀՆԱ աճ: Սրան կարե՞լի է որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ»,- ասաց Զուրաբյանը` հավելելով,որ ափսոսում է, երբ ֆինանսների նորանշանակ նախարարը «իր դեբյուտը սկսում է ստախոսությամբ` ասելով, որ 1995-96թթ. եղել ՀՆԱ աճ, որը զուգորդվում էր արտագաղթով: Նման բան չի եղել»:
Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե արտագաղթը չունի գծային կապ ՀՆԱ զարգացման հետ:  

Նախորդ հոդվածը‘Յան Պոուլսեն. Ռուբեն Հայրապետյանն է որոշում հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Ստալինի արխիվը տեղադրվել է համացանցում’