‘Խաղից առաջ՝ լռության րոպեի ժամանակ, թուրք ֆանատներն «Ալլահ Աքբար» են վանկարկել ‘

1195

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի և Հունաստանի ընտրանու հետ  ընկերական խաղից առաջ երկրպագունրը սուլոցներով խախտել են լռության րոպեն, որը հայտարարվել էր՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի, ինչպես նաև վանկարկել են «Ալլահ Աքբար»:

Հանդիպմանը հետևել են Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն և նրա հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասը, ովքեր տրիբունայում նստած են եղել կողք-կողքի՝ որպես հաշտության նշան պետությունների միջև: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Խաղը կայացել է նոյեմբերի 17-ին, Ստամբուլում, լեփ-լեցուն մարզադաշտում: Այս երկրների ազգային թիմերը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ էին հանդիպում:

Նոյեմբերի 17-ին «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի ու Ֆրանսիայի ընտրանիների ընկերական խաղից առաջ անգլիացի երկրպագուները երգում էին «Մարսելյեզը»՝ որպես Ֆրանսիայի հետ համերաշխության արտահայտություն: Տրիբունայում էին Վարչապետ Դևիդ Քեմերոնը և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին հաղորդում է «BBC News»-ը:

Նույն օրը Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականների հանդիպումը մեկնարկից ոչ շատ առաջ չեղյալ է հայտարարվել ահաբեկչական ակտի սպառնալիքի պատճառով: Մարզադաշտում գտնվողները տարհանվել են: Սպասվում էր, որ խաղին ներկա կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ականապատման վերաբերյալ տեղեկությունը չի հաստատվել: Ավելի վաղ անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել Բրյուսելում պլանավորված Բելգիա-Իսպանիա խաղը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հիմքեր կան՝ հոսանքի սակագինը իջեցնելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն մերժել է Բլատերի և Պլատինիի բողոքարկումը’