‘Խափանված «սահմանադիր» դավադրությունն ու ՍԴ դատավորի ընտրության «տապալումը»’

5573

ԱԺ-ում ունեցած իր նախորդ օրվա ելույթում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց նախկին իշխանությունների եւ մասնավորապես հանրապետականների ձեռնարկած հերթական դավադրության փորձի մասին: Ու թեեւ առաջին հայացքից սա ուղղված էր միայն Ազգային ժողովի լուծարումը կանխելուն, սակայն, այդպիսով նաեւ ազդեցություն ունեցավ ՍԴ դատավորի նախօրեին կայացած ընտրության, իսկ ավելի կոնկրետ՝ քվեարկության տապալման վրա:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը փաստացի տապալեց փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրությունը, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Բանն այն էր, որ դատավորի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ քվե, այնինչ քվեարկությանը մասնակցել էր միայն 53 պատգամավոր, որի գրեթե կեսն էլ դեմ էին քվեարկել Գրիգորյանին, այն դեպքում, երբ դեռեւս ամռանը նրան առաջադրելու կոչով էին հանդես եկել հարյուրավոր փաստաբաններ:

Շատ էին նաեւ խոսակցություններն այն մասին, որ նախկին իշխանություններին ձեռնտու է այս փուլում մարտիմեկյան սպանդի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին ընտրել ՍԴ դատավոր, քանի որ թեեւ Սահմանադրական դատարանում նրա հայտնվելը մեծ դիսկոմֆորտ պիտի ստեղծեր դատարանի նախկին իշխանական անդամների համար՝ քանդելով այդ կառույցի միատարրությունն ու այս կամ այն քաղաքական ուժին հաճո որոշումներ դակող մարմնից իրապես Սահմանադրական դատարանի վերածելով, սակայն պակաս ձեռնտու էր նաեւ Գրիգորյանին թողնել, այսպես ասած, «դրսում»: Առաջին դեպքում Գրիգորյանից ժամանակ կպահանջվեր, փոխարենը՝ արդեն կաշկանդված լինելով նոր պաշտոնով, նա այլեւս չէր կարողանալու հրապարակային խոսել եւ տեսակետներ հայտնել:

Սակայն, վերջին պահին հանրապետականները լիովին այլ քայլ կատարեցին: Եւ այդ «այլ քայլի» պատասխանը գտնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթում: Ի՞նչ էր ասում նա:

«Ի դեպ, այլ դավադրությունների մասին, խոսքի սկզբում ասացի, որ այսօր իմ վարչապետի թեկնածու առաջադրելն ունի ֆորմալ նշանակություն: Եվ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որեւէ իրավական սողանցք բացառելը: Ուզում եմ պարզաբանել, թե ինչպես եւ ինչու է կայացվել այսօրվա՝ իմ առաջադրվելու որոշումը: Ինչպես գիտեք, Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի կանոնակարգում կատարված տխրահռչակ փոփոխությունները, որը հոկտեմբերի 2-ի ճգնաժամի պատճառ դարձավ, եւ օրենքի սահմանադրականության հարցով նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: Հիմա ի՞նչ կապ ունի սա այս իրավիճակի հետ: Մենք ստանում ենք հավաստի տեղեկատվություն, որ այդ գործի քննարկման կոնտեքստում ինչ-որ մարդիկ կան, ակտիվ բանակցում են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել, եւ այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող Ազգային ժողովը լուծարելու հիմք դառնալ: Եվ այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել, նույնիսկ կարող էր շատ ուշ ընդունվել, եւ ամբողջ արտահերթ ընտրություների լեգիտիմությունը դնել կասկածի տակ, պրոցեսը մտցնել փակուղի»:

Այսինքն, հանրապետականները ավելի գլոբալ դավադրություն էին նյութել. եթե Փաշինյանը թեկնածու չէր առաջադրվում, ՍԴ-ն, ասել է թե՝ Հրայր Թովմասյանն ու ընկերները, որոշ ժամանակ անց վճռելու էին, որ դա ԱԺ լուծարման համար հիմք չէր, քանի որ պիտի առաջադրվեր թեկնածու ու չընտրվեր: Սա, ՀՀԿ-ականների կարծիքով, իր հերթին ենթադրում էր, որ մարտիմեկյան սպանդի բացահայտումն այլեւս այլ ընթացք կստանար:  

Փաստացի, ՀՀԿ-ականների համար կարեւորն այդ գլոբալ դավադրությունն էր, դրա պատճառով էլ որոշեցին ՍԴ-ից հեռու պահել մի մարդու, որը պետք է խախտեր թովմասյանական դատարանի միատարրությունը:

Բայց, ինչպես տեսանք, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ Փաշինյանը կանխեց  հրայրթովմասյանական «սահմանադիր» դավադրությունը:  

ԱԺ-ն՝ նրա երկրորդ «չընտրությունից» հետո օրենքի ուժով արձակվելու է, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կայանալու են:

Նոր՝ արդեն լեգիտիմ Ազգային ժողովը նոր լեգիտիմ ՍԴ դատավոր/դատավորներ կընտրի: Եվ այդ ժամանակ վերջապես այդ կառույցը կմաքրվի ՀՀԿ-ականների կամքը դակողներից՝ վերածվելով իրական Սահմանադրական դատարանի:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ 2. Կոստանյան. Պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում’
Հաջորդ հոդվածը‘Հայ շախմատիստներից միայն Սամուել Սևյանը հաղթանակ տոնեց’