‘Խմբագրական. «Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու»’

2024

Հայաստանում ամեն քայլափոխի ոտքի տակ ընկնող մարդ-կուսակցություններից մեկի մարդ-առաջնորդներից մեկը վերջերս կրկին «պոզա» էր ընդունել լրագրողներից մեկի առաջ ու հերթական մտքի թռիչքները նվիրել մարդ-կուսակցությունների մարդ-առաջնորդների կարոտից պռոշը ճաքած Հայաստանի քաղաքացիներին: Այս մարդ-կուսակցության մարդ-առաջնորդն, ահա, ամենայն լրջությամբ դժգոհում էր մի այլ կուսակցությունից, որ վերջինս, մեղմ ասած, զլանում է երկիրը փրկել: Լավ չեն պայքարում, չեն արդարացնում պարոն «առաջնորդի» հույսերը: Դե, բնականաբար, հարցազրույց վարող լրագրողը չհակադարձեց` ներեցեք, հարգելի պարոն, չէ՞ որ դուք էլ ձեր թիկունքին կուսակցություն ունեք, դուք էլ եք առաջնորդ, ինչո՞ւ եք ձեր հույսը դրել այլ կուսակցության վրա, դու՛ք փրկեք երկիրը` ձեր կուսակիցներով, իսկ եթե անկարող եք որեւէ քայլ անել` բացի ուրիշներին քննադատելուց, գուցե փակե՞ք ձեր «կանտորան»: Չհակադարձեց, որովհետեւ նրա գերխնդիրն այդ մարդ-կուսակցության «վճռական» առաջնորդից հենց «մի ա՛յլ կուսակցության» հասցեին քննադատություն կորզելն էր: Ինչո՞ւ հարցնի, եթե ինքն էլ, իրեն ուղղորդած լրատվամիջոցի ղեկավարն էլ, այդ մարդ- կուսակցության առաջնորդն էլ, Հայաստանի հասարակությունն էլ հիանալի գիտեն, որ մեկ կամ մի քանի հոգանոց այդ խմբակները եղել են, կան ու շարունակելու են լինել գլխավորապես իշխանություններին անհանգստություն պատճառող քաղաքական ուժերին հարվածելու համար: Սրանց հասցրած հարվածն, իհարկե, մոծակի խայթոցի չափ է ցավ պատճառում, բայց եթե հաշվի առնենք, որ այս մանր-մունր գոյացությունները տասնյակներ են, եւ սրանց իրար ձեռքից խլխլում են իշխանությունների կամակատար լրատվամիջոցները` միմիայն «մի այլ կուսակցությանը» քննադատելու համար, ապա պետք է ընդունել, որ սրանք երկիրն, իհարկե, փրկողը չեն, բայց քաղաքական մթնոլորտն ավելի աղտոտել` կարող են:

Ովքե՞ր են սրանք, որտեղի՞ց են հայտնվում: Սա է՛լ գիտի Հայաստանի հասարակությունը: Այլ կուսակցություններից պոկված տաշեղներ են: Ավելին, «մայր» կուսակցություններ կան, որոնք ոչ միայն բազմաթիվ «տաշեղներ» են նվիրել հանրությանը, այլեւ այնքան են մասնատվել ու մասնատվել, որ, ի վերջո, իրենք էլ են դարձել «տաշեղ»: Եվ այս «տաշեղները» ոչ միայն քննադատում են ուրիշներին` իրենց վեհապանծ սպասելիքները չարդարացնելու համար, այլեւ ճռճռան դատողություններ են անում միասնության անհրաժեշտության ու անփոխարինելիության մասին: Եվ կրկին սրանց պարբերաբար քնից հանող լրագրողները երբեք չեն հարցնում` եթե գիտակցում եք ընդդեմ հանցագործ իշխանությունների միասնության անհրաժեշտությունը, ինչո՞ւ եք ամեն անգամ հարամ մկան նման պառակտում այն ուժերին,  որոնց թեւի տակ ծվարում եք ժամանակ առ ժամանակ ու հենց նրանց շնորհիվ թափ տալիս ձեր վրայից տարիների փոշին: Չեն հարցնում ու չեն էլ հարցնի: Նաեւ չեն հարցնում ու չեն հարցնի, թե այս «կկուները» քանի բույն են փոխել իրենց գոյության ընթացքում, քանի «ձագ» են հանել ու շպրտել «աղա Աղվեսի» գիրկը: Չէ, չսպասեք, որ նման հարցեր կտրվեն այս «կուսակցապետերին»: Պատվիրատուն նման հանձնարարություն չի տվել:

 Հին «տաշեղներին» զուգընթաց` սնկի նման աճում են նորանոր կուսակցություններ: Որտեղի՞ց են հայտնվում այս նորածինները: Հիմնականում՝ անհայտությունից: Արթնանում է Հայաստանի երջանիկ քաղաքացին եւ «ուրախությամբ» տեղեկանում, որ խնդիրների ծանրության տակ ճռռացող իր թանկագին երկրում մի քանի հոգանոց նոր խմբակ է ստեղծվել, բնականաբար` շատ բազմախոստում ու բոցաշունչ անվամբ, բերնեբերան լեցուն վճռականությամբ: Ովքե՞ր են սրանց առաջնորդները, ինչո՞վ էին զբաղված մինչ «կուսակցապետ» դառնալը՝ երեւի հայտնի է միայն իրենց շենքերի բակերում երեկոյան հովին դեսից-դենից զրուցող տատիկներին եւ մեկ էլ նրանց, ովքեր շշնջացել են սրանց ականջին, որ կուսակցություն ստեղծելով նույնպե՛ս հնարավոր է ընտանիք պահել` Սերժիկ Սարգսյանը տիրություն կանի, եթե իրենց խելոք պահեն… Խելոք պահելն էլ, հայտնի բան է, նշանակում է` անհրաժեշտության դեպքում «վճռական» կեցվածքով քննադատել այն ուժերին, որոնց գոյությունն ավելացնում է Հայաստանի նախագահի աթոռը զավթողի աչքատակերի այտուցները:

Քիչ թե շատ նորմալ պետության մեջ այս փուչիկները վաղուց պայթած կլինեին, բայց ետ գլորվող Հայաստանում գոյատեւում են ու կգոյատեւեն, քանի դեռ, որպես բութ գործիք, պետք են իրենց ստնտուներին: Միայն մի «մանրուք» հաշվի չեն առնում պատվիրատուները` իրենք նույնն են մնացել, իսկ հասարակությունը փոխվել է: Եվ մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր չեն քմծիծաղում հերթական տաշեղի «վճռական» խոսքը լսելիս:  

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու անձնական երաշխավորությունը մեծ թափ է ստանում. Թարմացվում է (ցուցակ)’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արմեն Պետրոսյան. Կայացած ազգն իր պատմությունից չի վախենում ‘