‘Խմբագրական. Ամենագնա՞ց հորինել, թե՞ վերանորոգել ճանապարհները ‘

1878

«Մերոնց համար ավելի հեշտ է ամենագնաց հորինել, քան վերանորոգել ճանապարհները»:

Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովի այս խոսքերը որքան բնորոշ են ռուսաստանյան իրականությանը, նույնքան արդիական են նաեւ Հայաստանի դեպքում: Իշխանությունների՛ դեպքում, բնականաբար:

Այդ նրա՛նց ոճն է, որ հիմնական խնդիրը թողած՝ հարակից լուծումներ են փորձում գտնել: Եւ այս մոլուցքը մերոնց պարագայում երբեմն բացահայտ մարազմի կարող է հասնել:

Այսօրվանից, օրինակ, Ազատության հրապարակում հնարավոր կլինի դիտել գերմանացի հայտնի 3D նկարիչ Նիկոլայ Արնդտի հեղինակած եռաչափ պատկերները: Կարապի լճի հարեւանությամբ՝ Ազատության հրապարակում, ասֆալտի վրա ստեղծված նկարները դիտողին տեսողական խաբկանքը «ստիպում է» հավատալ, որ գետնի վրա առաջացած ճեղքում լճակ է գոյացել, իսկ լճակում էլ կարապ է լողում:  Եւ սա՝ այն դեպքում, երբ հրապարակից ընդամենը մի քանի մետր այն կողմ իրական Կարապի լիճն է, որտեղ իրական կարապներ են՝ գրեթե առանց ջրի: Անշուշտ, շատերը կհամարեն, որ սա մի փոքրիկ, աննշան մանրուք է, որից ամենեւին էլ պետք չէ կառչել եւ, առավելեւս` ընդհանրացված եզրակացություններ անել: Այն էլ` հեռուն, մինչեւ քաղաքականություն գնացող:

Բայց սա եզակի դեպք չէ, սա ուղղակի ամենաթարմն է, ինչը լավագույնս ցույց է տալիս մեր իշխանությունների պատկերացումների սահմանային այն եզրագիծը, որից անդին նրանք անցնել ուղղակի չեն կարող: Երբեմն նույնիսկ ոչ թե այն պատճառով, որ միտումնավոր չեն ցանկանում, այլ նաեւ՝ որ նրանց աշխարհընկալումներն ու պատկերացումներն են այդպիսին: Իշխանությունների համար ավելի նախընտրելի է լրագրողներին գումար վճարել (այսինքն` կոնկրետ փող ծախսել), որպեսզի վերջիններս գրեն, թե որքան պուպուշ են մեր իշխանությունները, քան այդ գումարներով իրական գործ անել: Ավելի նախընտրելի է հսկայական գումարներ ծախսել PR-ի վրա, քան կատարել այն աշխատանքը, որը ներկայացվում է այդ նույն PR-ի ժամանակ:

Բնականաբար, հիմնական պատճառը գումարների ահռելի տարբերության մեջ է, քանի որ շատ ավելի հեշտ է մի աշխատանքի համար նախատեսված գումարի 50-ից 70 տոկոսը դնել գրպանը, մնացած գումարով կիսատ-պռատ ինչ-որ աշխատանաքներ կատարել, իսկ մյուս մասով էլ` վարձել գովերգողների, ովքեր կավետեն, թե աշխատանքները կատարված են:

Բայց խնդիրը, թերեւս, միայն գումարը չէ: Խնդիրը նաեւ մտածողությունն ու արժեհամակարգն է:

Աջ նայենք, թե ձախ՝ կտեսնենք, որ իշխանության ղեկի մոտ հայտնված անձանց ուղեղի կառուցվածքն է այդպիսին, հետեւաբար՝ այդ մարդիկ ոչ միայն չեն կարող, այլեւ երբեք չեն էլ ընկալի, որ առաջնային լուծում են պահանջում հենց ամենակարեւոր, անհետաձգելի խնդիրները: Եւ ճիշտ այնպես, ինչպես որ այս ամենը մանր, կենցաղային հարցերում է դրսևորվում, նույն կերպ էլ՝ քաղաքական որոշումներ կայացնելիս: Երեւի արդեն կարիք էլ չկա խոսել այն մասին, որ հենց այդ պատճառով Սերժ Սարգսյանը երկիրը կանգնեցրել է մի վտանգավոր «կամ-կամ»-ի առաջ:

Իսկ ինչո՞ւ իշխանությունները նախեւառաջ չեն լուծում առաջնային խնդիրները: Բանն այն է, որ իշխանության կողմից գծված այս մեխանիզմի  փոփոխության դեպքում ուղղակի կարող է փլվել իշխանական համակարգն ամբողջությամբ` դոմինոյի էֆեկտով: Ընդ որում՝ փլվել ինքնաբերաբար: Իշխանությունները իրենց ձեռքով հաստատել են խնդիրները ոչ թե լուծելու, այլ դրանք ձգձգելու, կոնսերվացնելու, չտեսնելու տալու ներքին մի կանոնակարգ, որը չի խախտվում նույնիսկ այն դեպքում, երբ առանց իշխանությունների համար վտանգ ներկայացնելու անգամ կարող է խախտվել: Նախադեպի հարց կա: Եթե թեկուզ մեկ անգամ իրենց իսկ ձեռքերով խախտեն այդ չգրված կանոնակարգը, անպարտելիության միֆն այլեւս չի աշխատելու:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակն այնպես է ծանծաղոտել, զուգահեռաբար՝ նաեւ եփ եկել, որ այլեւս ո՛չ ամենագնաց հորինելն է փրկելու, ո՛չ էլ անգամ ճանապարհ վերանորոգելը: Որովհետեւ կոնսերվացված խնդիրները պայթելու հատկություն ունեն:

Հ.Գ. Թե ինչ կլինի Նիկոլայ Արնդտի՝ ակնհայտորեն «գրդոն արված» եռաչափ կարապի հետ՝ հայտնի չէ: Իսկ Կարապի լճի իրական կարապներին նկարած ջրով չես խաբի. նրանք էլ հո տեսողական խաբկանք չե՞ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան՝ առվի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում վախճանվել է «սատանայի փաստաբան» Ժակ Վերժեսը’