‘Ֆրանսիայում վախճանվել է «սատանայի փաստաբան» Ժակ Վերժեսը’

898

Փարիզում 88 տարեկանում վախճանվել է հայտնի փաստաբան Ժակ Վերժեսը, որի վատահամբավ պաշտպանյալների երկար ցուցակը նրա համար ապահովել է մասնագիտական շրջանակներում տրված «սատանայի փաստաբան» մականունը: Նրան անվանում էին աշխարհի ամենահակասական և ամենասկանդալային իրավաբաններից մեկը:

Բերժեսը մոլի կոմունիստ էր և գաղութատիրության դեմ պայքարի մարտիկ: Նա համաշխարհային ճանաչում ստացավ 1950-ականների վերջին, երբ պաշտպանում էր ահաբեկչության մեջ մեղադրվող ալժիրյան Ազգային ազատագրական ճակատի անդամներին: Նա Ջամիլի Բուհիրեդի փաստաբանն էր, որը պայթեցրել էր ֆրանսիացիներով լիքը սրճարանը, քանի որ նրանց օկուպանտներ էր համարում, ու դատապարտվել մահապատժի, սակայն Վերժեսի  շնորհիվ նրան ներում շնորհվեց, ու նա ազատ արձակվեց: Այնուհետև Վերժեսի կլիենտներից են եղել նացիստական ռազմական հանցագործ Կլաուս Բարբին՝ հայտնի «Լիոնյան մսագործ» մականվամբ, միջազգային ահաբեկիչ Կառլոս Շակալը և Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը: Ասում են, որ նա կամբոջական «կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտի մտերիմ ընկերն էր, որը սեփական ժողովրդի ցեղասպանություն է իրականացրել: Spiegel ամսագրին տված հարցազրույցներից մեկում Վերժեսը հայտարարել էր, թե պատրաստ  կլիներ դառնալ Ադոլֆ Հիտլերի ու նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի փաստաբանը, եթե վերջինս իրեն մեղավոր ճանաչեր:

Վերժեսը ծնվել էր Վիետնամում: Նրա մայրը վիետնամուհի էր, հայրը՝ ֆրանսիացի դիվանագետ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վերժեսը մարտնչել է ֆրանսիական դիմադրության շարժման շարքերում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ամենագնա՞ց հորինել, թե՞ վերանորոգել ճանապարհները ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում հայկական պանրի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել’