‘Խմբագրական. Այն մասին, թե ինչպես էին Տիկոն, Արմենչիկը, Աշոտիկը, Հրուշիկն ու մնացած «իկ»-երը «կռիվ-կռիվ» խաղում’

2106

Երեկ Հայոց ահագին մռայլ պատմության ամենաճաճանչափայլ օրն էր: Հայաստանի քաղաքացիները հանդիպելիս ողջագուրվում էին`երջանկության արցունքներով թրջելով զմիմեանս: Ավելի զգացմունքայինները փողոցում պարում ու գլուխկոնծի էին տալիս, երգում էին` հիմնականում «Սարերից իջավ մի խումբ ձիավոր»-ը, մեկ էլ` «Դե՛, կռվեք, տղերք, դե՛, կռվեք տաք-տաք»-ը, եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այս մարդիկ հարբած են կամ հոգեկան խնդիրներ ունեն: Նաեւ ծամածռվում էին ու ջղաձգվում`օդ նետելով բառեր, որոնց համար իրենց մանկության տարիներին «շան ծեծ» էին կերել, բայց տեսնողների ու լսողների մտքով, միեւնույն է, վատ բան չէր անցնում, միանգամից` հենց տեղում, ամենքն էլ հասկանում էին, որ դա անսահման ուրախության յուրօրինակ արտահայտչաձեւ է, ինչը հատկապես հասարակության շրջանում մեծ տարածում է գտել Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»:

Մեր հարեւան Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ունեցած ողջ ռազմական ներուժը կուտակել էին Հայաստանի մատույցներում, եւ ըստ հավաստի աղբյուրների` հալները հալ չէր, դրել ես` արի տար:

Իսկ երբ գիշերը վրա հասավ, հայ ժողովուրդն` իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ, գլուխը բարձին դրեց անմեղ մանկան նման անհոգ` վստահ, որ ոչ մի նենգ ոսոխ չի խաթարի իր խաղաղ նինջը:

Ի՞նչ էր պատահել: 

Իսկ պատահել էր ահա թե ինչ:

Հայաստանի իշխանությունները` մեծից փոքր, կարճ ու երկար, հաստ ու բարակ, զինվորագրվել էին մեր կապուտաչյա հայրենիքի պաշտպանության գործին: Հագել էին «թափ-թազա» զինվորական համազգեստներ, Ծովից ծով Հայաստանն իրականություն դարձնելու վճռականությամբ ծվարել «զորավար» (հո մեր ազգի արգանդը չի չորացել, որ մի «զորավար»-ով բավարարվենք) Տիգրան Սարգսյանի հզոր բազկի տակ եւ անհամբեր սպասում էին բաղձալի հրամանին` օ՜ն անդր առա՛ջ:

Երեկ բաղձալի հրամանը չհնչեց: Բայց հո հայ ժողովուրդը հասկացա՞վ, որ ցանկացած պահի կարող է հնչել: Հո հասկացա՞վ, որ Հայաստանը թալանող, անդնդի եզրին հասցնող, հասարակությանն անհուսության գիրկը նետող իշխանավորները, բնականաբար` «գեներալիսիմուս» Սերժիկ Սարգսյանի առաջնորդությամբ, Տիգրանի, Արմենի, Աշոտյանի, Տարոնի, Էդիկի, Հրանուշի, տո՛ Հասմիկի եւ էլի շատուշատ կտրիճների հետ ուս ուսի` պատրաստ են գրողի ծոցը նետել իրենց միլիոնները, բենթլիները, դղյակներն ու չալաղաջները եւ իրենց կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին:

  Սա արեւաճաճանչափայլ օրվա մասին նախերգանք համարեք: Միանգամից անցնենք վերջերգին:

Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել այդ էժանագին թամաշան: Ու՞մ եւ ի՞նչ էին ուզում ապացուցել հանցագործությունների մեջ ընկղմված իշխանությունները` հերթական խեղկատակությունը մատուցելով հասարակությանը: Աղտոտելով ու վարկաբեկելով ամեն սուրբ բան` սպառել են բոլոր պաշարները, եւ հերթը հասել է Հայոց բանակի՞ն: Թե՞ իրենք էլ են հասկանում, որ այնպիսի փակուղու առջեւ են հայտնվել, որ այլեւս ոչնչի ընդունակ չեն, բացի միմոսությունից:

Ինչ նպատակով էր բեմադրվել հայկական սերիալներից առավել անհեթեթ այս ներկայացումը` էական չէ: Լրջորեն քննարկելն էլ նույնն է, որ նստենք ու գնահատենք սերիալների «գեղարվեստական» արժեքը:

Պետք է փակել վարագույրը, եւ ապաշնորհ դերասանների հաստիքները կրճատել:

Սուլոցների ու հոմերական քրքիջի «բարձր հովանու ներքո»:

Նախորդ հոդվածը‘Գործարարը օֆշորի գործով դիմում է նորանշանակ գլխավոր դատախազին’
Հաջորդ հոդվածը‘Մասիս Մայիլյան. Հարկավոր են նոր փոխզիջումային մոտեցումներ’